HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«383 հոգի»․ երբ չգործող թատրոնում բեմի փոխարեն լուսավորված է դահլիճը

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դահլիճը 383 նստատեղ ունի (չհաշված օթյակը)նախասրահից բացվող աջ եւ ձախ միջանցքներով ապահովվում է մուտքը դեպի պարտեր, իսկ կենտրոնականը՝ դեպի օթյակ եւ փոքր բալկոն։ Դրամատիկականի բեմական խորությունը եւ բարձրությունը վաակումային ձեւով ներքաշում է դահլիճն իր մեջ, եւ հակառակը՝ երբ լուսավորված է դահլիճը՝ այն տիրապետում է բեմին։

Ռեժիսոր, քանդակագործ Վահրամ Գալստյանը ARTsakh Fest-ի շրջանակներում ներկայացնում է իր «383 հոգի»  (“The 383 bodies”) ինստալացիան։ Դահլիճի համահավասար շարքերը լուսավորվել են նույն տեսակի լամպերով, որոնք ամրացված են յուրաքանչյուր նստատեղի կետրոնական մասում։

Ինստալացիոն միջամտության դեպքում առարկան ինչ-որ առումով ազատվում է իր հիմնական/ նախնական գործառույթից եւ «միջամտած» տարածքում վերափոխվում է՝ հաճախ ստանալով սիմվոլիկ նշանակություն։ Նշանակություն բառը այս կոնտեքստում եւս շատ կիրառական չէ, որովհետեւ «միջամտված» տարածքում հայտնված մասնակիցը հնարավորություն է ստանում առարկայի նոր գործառույթը պատկերացնել յուրովի, նոր սիմվոլիկա հաղորդել, տանել իր հետ պատկերը, պատկերին այլ շերտեր հաղորդել։

Տվյալ դեպքում Վահրամի՝ «383 հոգի» ինստալացիան ինչ-որ առումով Ստեփանակերտի թատերասեր հասարակությանը վերադարձնում է իր «նստատեղ» ունենալու մտայնությանը։

Մի քանի անգամ ինքս շրջել եմ տեղացիների հետ՝ ինստալացիան դիտելու եւ նրանց զրույցները լսելու համար։ Նոստալգիկ տրամադրությունը դոմինանտ է։ Կանանցից մեկը պատմում է, թե ինքը կոնկրետ որ շարքում էր նախընտրում նստել եւ ինչու․ հետո հիշում է, որ ցանկացած ներկայացման պրեմիերա այստեղ տոնական իրադարձություն էր, եւ թատրոնը թելադրում էր՝ ինչ հագնել, ինչպես մտնել ներս, ինչպես տրամադրվել ներկայացմանը, որը կարող էր կոմեդիա, դրամա լինել։

Դրամատիկականի դահլիճն այս օրերին գրեթե լուսավորված չէ․ այդ իմաստով Վահրամի ինստալացիան իր վրա է վերցնում հանդիսատեսի կարեւորության հարցը․ լուսավորվել է դահլիճը, որը սպասում է «կատարվելիքին» (ցանկացած ներկայացումից առաջ բնականոն ընթացք, երբ դահլիճը համալրվում է, իսկ բեմական մասում դեռ մթություն է)։

Չգործող թատրոնի խնդիրը «վերաբնակեցումն» է․ հանդիսատեսն այստեղ՝ Արցախում իսկապես սպասում է թատրոնի վերականգնմանն ու վերագործարկմանը։

Վահրամ, ինստալացիայի միտքն ինչպե՞ս է ծագել։ Նախապես տեսե՞լ էիր թատրոնի շենքը, պատկերացում ունեի՞ր կառուցվածքի մասին։

Տեղյակ էի, որ Աննան Արցախում փառատոն է նախաձեռնել։ Նազարեթի հետ, երբ հանդիպեցինք, շենքի լուսանկարները տեսա․ ոգեւորիչ էր։ Ինչ-որ բան այդտեղ իրականացնելու համար գիտեի, որ նախապես այցելելու կարիք կլինի, որովհետեւ «միջամտություն» պիտի արվեր, որի համար ժամանակ էր պետք։ Հետաքրքիր է, որ մինչ թատրոնի շենքը տեսնելը, լրիվ այլ գաղափար ունեի․ նախատեսվում էր գործերի ցուցադրություն․․․ Երբ դահլիճը տեսա, ու տեսա կյանքը, որ կա այս շենքի ներսում, հասկացա, որ հետաքրքիր այս տարածքում մի ուրիշ բան պիտի անեմ։

Թատրոնը փերֆորմատիվ տարածք էայդ իմաստով դահլիճի՝ որպես թատրոնի կենսական մասի գործառույթներն էլ ինչ-որ առումով փերֆորմատիվ են։ Նման տարածքում «միջամտություն» անել ինչպե՞ս է ստացվում։

Թատրոնը հիմա կորցրել է իր այդ փերֆորմատիվ վիճակը, որովհետեւ չի գործում։

Այնպես է ստացվել, որ վերջին մեկ տարվա ընթացքում թատրոնի հետ առնչություններս ավելի սերտ են, քանի որ Համազգային թատրոնի բեմանկարիչն եմ եւ ներկայացումներ եմ ձեւավորում։ Երբ հայտնվեցի այս թատրոնում միանգամից աշխատեց նաեւ առաջին մասնագիտությունս (առաջին կրթությամբ էներգետիկ եմ)։ Արդեն թատրոնի ներսում հասկացա, որ օբյեկտ տեղադրելուն փոխարինելու է մեկ այլ գաղափար։

Այս ինստալացիան սիմվոլիկ նշանակություն ունի՞։

Երբ դահլիճը տեսնելուց հետո սկսեցինք զրուցել Նազարեթի հետ, պատմեց Ռոբերտ Աբրահամյանի «Որտեղ աստվածներն են ապրում» ինստալացիայի մասին, հենց այդ գիշեր  էլ գաղափարը ծնվեց։ Առավոտյան արթնացա ու հարցրի Նազարեթին՝ քանի նստարան կա դահլիճում, ասաց՝ 400 (մինչդեռ ես 200 նստատեղ էի պատկերացնում)։

Կիսվեցի լամպեր տեղադրելու գաղափարով, ընդունվեց, գնեցի 400 լամպ, 800 անգամ զոդում արեցի, քանի որ յուրաքանչյուր լամպ միացման համար երկու կողմից զոդման կարիք ունի, այդպես ստեղծեցի նաեւ 400 խողովակ, որպեսզի լամպերը ուղղահայաց դիրքում լինեն։

Այստեղ՝ Ստեփանակերտում արդեն, Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի սաներն օգնեցին, շատ օգնեց նաեւ ուսումնարանի տնօրենը՝ Վասպուրակ Կարապետյանը։ Երկու օրվա ընթացքում փաստորեն ամեն ինչ պատրաստ էր։

Լամպերը զուգահեռ են միացվա՞ծ։

Այո, զուգահեռ միացում է, եւ դրա հետեւանքով մեկի անսարքության դեպքում, մնացածը շարունակում են լույս արձակել։

Ինչու՞ էի սա հարցումերբ մտա դահլիճ ու տեսա ինստալացիան, յուրաքանչյուր լամպ սկսեցի ինդենտիֆիկացնել հանդիսատեսի հետ։ Եվ մտածեցի՝ հաստատ զուգահեռ միացում պիտի լինի, որպեսզի մեկի «անուշադրությունը» չխանգարի մյուսին, ինչպես լամպի անսարքությունը, չի խաթարի մնացածի աշխատանքը։ Հակառակ դեպքում, եթե շղթայական լիներ, մեկի անսարքությունը, հոսանքազրկելու էր ողջ դահլիճը։

Փորձարկման ժամանակ լամպերից մեկը վառվեց, Նազարեթին ծիծաղելով ասացի․ «Տես՝ ներկայացման ժամանակ քնեց»․․․ Բնականաբար հանդիսատեսի հետ ինդենտիֆիկացնելու պահը կա։

Ի սկզբանե որոշված էր՝ լամպերը պիտի աշխատեն ուժեղանալ-թուլանալու սկզբունքով։ Արցախի Մշակույթի նախկին նախարար Շահվերդյանը, երբ տեսավ ինստալացիան, ասաց, որ դահլիճը լուսավորող մեծ ջահն էլ է ժամանակին այդպես աշխատել․ այսինքն մարել է աստիճանական, եւ վերջնական մարումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ներկայացումն է սկսվել։ Տեխնիկապես դա կարգավորվել էր ռեոստատի միջոցով, որը հոսանքի ուժն ու լարումը կարգավորող սարք է, գիտեք։

Ես սկսեցի թատրոնի շենքով մեկ փնտրել այդ ռեոստատը, որպեսզի նույն էֆֆեկտն ապահովեմ նաեւ լամպերի դեպքում։ Սենյակից, որտեղից լուսավորողներն են աշխատել, գտա այն, միացումները կարգավորեցի, եւ սկսեց աշխատել։

Հրաշալի տեսարան էր․ լույսը թուլանում էր, եւ կարողանում էիր «կարդալ» սպիրալը (գալարագիծը)։

Ուղղակի այս լամպերի հզորությունն ավելի շատ էր, իսկ ռեոստատը միակն էր ու չդիմացավ հզորությանը։  Հոսանքի ուժգնության տատանումը հնարավորություն էր տալիս հանդիսատեսի ռեակցիաների տպավորությունն ստեղծել․ Նազարեթին ասում էի՝ այ հիմա ծիծաղելի մի մաս է, լույսերը կուժեղանան, հենց թուլացան, ուրեմն ողբերգական մի բան եղավ բեմում, ու տխրում են։

Հետաքրքիր է չէ՞, որ գործող թատրոնում դահլիճային մասը միշտ ստվերում էհիմնական լուսավորությունը՝ ուշադրության կենտրոնացումը, բեմական հատվածինն է։ Այս դեպքում, երբ թատրոնը չի գործում, եւ միտում կա այն կյանքի կոչել, այս ինստալացիայի շնորհիվ նախ լուսավորվում է դահլիճը, իսկ հեռվում տեսնում ենք «անլույս» բեմը։

Այսպես ասած՝ ինչ-որ առումով այս ինստալացիան թատրոնի վերականգնման մարտահրավեր է․․․ Այդպես դահլիճը նորից կկրի իր առաջնային նշանակությունը, բեմը՝ իրենը։

Այո, հենց այդպես էլ կա։ Չնայած ինստալացիայի տեխնիկական բարդություններին, շատ էինք կարեւորում հենց թատրոն «լույս» բերելու գաղափարը։

Առհասարակ այս տեսակի տարածքներում գաղափարի «տեղադրումը» այնքան զանազան ձեւերով կարող է մեկնաբանվել, այնքան բան կարելի է տեսնել այս գործողության մեջ։ Մտորումներ կլինեն, թե ինչու է լույսը դահլիճում, ոչ թե բեմում, եւ հարց կառաջանա՝ հիմա այստեղ ներկայացումն է, թե անտրակտը․․․Ամեն մեկի համար այն իր նշանակությունը կունենա, իր խորհուրդը, ամեն մեկն իր երեւակայութամբ կկարողանա պատկերացնել լուսավորության իմաստն ու նպատակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter