HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Նոր Հայաստանի որդեգրած արժեքները Ֆրանկոֆոնիայի արժեքներն են

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի երկրորդ օրն իր աշխատանքները սկսեց նախարարական համաժողովը։ Նախարարների նիստը նախագահում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա ողջույնի խոսքով հանդես եկավ՝ առաջին հերթին շնորհակալություն հայտնելով նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որի ջանքերի շնորհիվ եւ մանդատի ներքո որոշվեց Հայաստանում կազմակերպել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։

Գոհունակություն հայտնելով համաժողովի առիթով Երեւանում հավաքվելու կապակցությամբ՝ նախարարը նշեց, որ միաժամանակ տխրությամբ պետք է փաստի Շառլ Ազնավուրի կորուստը՝ մեծ Ֆրանսիացու, մեծ Հայի, աշխարհի մեծ քաղաքացու, ավելի մեծ, քան աշխարհն է։

«Վիշտը, որ մեզ պատել է արդեն քանի օր, զրկեց Ֆրանկոֆոնիան իր ամենամեծ դեսպաններից մեկից։ Ուստի խնդրում եմ, սիրելի գործընկերներ, մեկ րոպե լռությամբ հարգել այդ խոշոր արտիստի հիշատակը, մի անձնավորության, որն իր ամբողջ կյանքը կրեց մշակութային բազմազանության, համերաշխության եւ մարդասիրության արժեքները, որոնք Ֆրանկոֆոնիայի հիմքում են»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։ 

Նա հավաստեց, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է ստանձնել գագաթնաժողովի կազմակերպումը եւ շնորհակալություն հայտնեց նման վստահության համար։

Հաշվի առնելով ՖՄԿ աշխարհագրական ներկայացվածությունը՝ Ֆրանկոֆոնիան համագործակցության եւ փոխանակման կարեւոր հարթակ է տնտեսության, կրթության եւ մշակութային ոլորտներում։ «Այն մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել միմյանց, հարգել «Ապրել միասին՝ համերաշխության մեջ» գաղափարը, մարդասիրական արժեքները եւ բազմազանությունը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ դրանք են միջազգային հարաբերություններում խաղաղության եւ կայունության երաշխիքները։  

«Ապրել միասին» կոչն, ըստ նախարարի, ուղղված է ոչ միայն կառավարություններին, այլեւ ՖՄԿ անդամ պետությունների ժողովուրդներին, եւ դրա իրագործման առումով ՖՄԿ-ն մեծ պոտենցիալ ունի։

Եզրափակելով իր ելույթը՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ մեր երկիրն այնպիսի մի անցումային փուլում է, երբ վերահաստատում է իր հավատարմությունը դեմոկրատիայի, ազատության, մարդու իրավունքների արժեքներին, որոնք Ֆրանկոֆոնիայի արժեքներն են եւ նշանավորում են մեր թավշյա հեղափոխությունը։ «Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի մեր նոր Հայաստանը, որը դարավոր պատմություն ունի, 2800-ամյա Երեւանը եւ բացառիկ մշակութային ժառանգությունը»,- ասաց ԱԳ նախարարը։

Նախարարական համաժողովի նիստի մնացյալ մասն անցկացվում է դռնփակ։

Տեղեկացնենք, որ Նախարարների համաժողովը Ֆրանկոֆոնիայի երեք կառույցներից մեկն է՝ Մշտական խորհրդի եւ Գագաթնաժողովի հետ միասին եւ համարվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) քաղաքական մարմինը։ Նախարարական համաժողովը գումարվում է տարին մեկ անգամ եւ ներկայացված է անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով։ Նախարարական համաժողովն այսօր քննարկելու է երեկ տեղի ունեցած Մշտական խորհրդի նիստում պատրաստված փաստաթղթերը՝ դրանք ընդունման ներկայացնելու հոկտեմբերի 11-12-ը տեղի ունենալիք Գագաթնաժողովին, որին մասնակցելու են ՖՄԿ անդամ պետությունների ղեկավարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter