
Ռ.Դավոյան. «Բնապահպանների հետզհետե զորացող բանակը մեզ պաշտպանում է մեր ընդերքի, մեր ժողովրդի ներքին կեղեքիչներից»
Երեկ «Արմատ» ակումբում Քաջարանի խնդրի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, գեղանկարիչ Աշոտ Ավագյանը, քանդակագործներ Սամվել Ղազարյանը և Գետիկ Բաղդասարյանը:
Ծնունդով սյունեցի Գետիկ Բաղդասարյանը, ում հայրենի գյուղը ժամանակին տեղահանվել է արդյունաբերական նպատակով, ասաց, որ գյուղեր քանդելը մեծ վնաս է մեր փոքր պետության համար: Ըստ քանդակագործի՝ հանքարդյունաբերության շուրջ պետք է հավաքվեն լուրջ մասնագետներ և լավ ուսումնասիրեն, հաշվարկեն, ապա նոր եզրակացնեն՝ որտեղ, ինչ քանակով և երբ հանք շահագործել:
«Վախ կա, որ այսպես վաճառելով՝ վաղը այդ հանքերը կարող են անցնել թշնամի պետությանը: Արգելքներ են պետք, այս դաշտը հստակ կարգավորող օրենքներ, այլապես վաղն ավելի վատ է լինելու, քան այսօր: Այս ձևով գյուղեր, անգամ սահմանամերձ գյուղեր, տեղահանելը լավ գործ չէ»,-ասաց Գ. Բաղդասարյանը և հավելեց, որ ինքը գյուղացիների կողքին է:
Սյունեցի գեղանկարիչ և մանկավարժ Աշոտ Ավագյանը, ով նաև Սիսիանի ավագանու անդամ է, կարծում է, որ հարկավոր է երկու կողմից ուսումնասիրել խնդիրը. գուցե այս դեպքում հարկավոր է 4-6 գյուղ տալ, որպեսզի պահպանվեն 15-ը:
«Որպես պատերազմին մասնակցած մարդ` գիտեմ, որ երբեմն անհրաժեշտ է զոհել տասին՝ հարյուրը փրկելու համար: Հարցեր կան, որ միանշանակ չեն»,-ասաց Ա. Ավագյանը: Ըստ նրա՝ ամենակարևոր խնդիրն այսօր դաստիարակությունն է. եթե հանքօգտագործողը դաստիարակված է, նա նվազագույնի կհասցնի իր շահագործման վնասները. «Ի վերջո՝ հեծանիվ չենք հայտնագործում. բոլոր երկրներում էլ հանքեր շահագործվում են: Գյուղերի տարհանման նախադեպեր էլ կան Սյունիքում՝ մարդիկ իրենց 30-ականների ցեխից տների փոխարեն երկհարկանի տներում են ապրում հիմա»:
Չնայած այս մոտեցմանը՝ Աշոտ Ավագյանը, ով տարիներ ի վեր Սյունիքում զբաղվում է պատմամշակութային արժեքների պահպանմամբ և զբոսաշրջության զարգացմամբ, ցավով հիշեց պալեոլիթ դարաշրջանի արժեքը, որ զոհ գնաց քարի արդյունահանմանը:
«Ոչ ոք չի ասում, թե հանքի շահագործում պետք չէ: Պարզապես լիցենզիաներ տալու որոշումներով չպիտի սահմանափակվեն շահագործողի հետ հարաբերությունները,-ասաց Ռազմիկ Դավոյանը,-բազմաթիվ մարդու իրավունքներ կան ամրագրված: Յուրաքանչյուր կտրված ծառի, հատված կանաչ տարածքի, մարդկանց հասցված ֆիզիկական և բարոյական վնասի դիմաց պետք է հատուցել: Եթե այս պայմաններին բավարարում է շահագործողը, նոր դա կլինի հանքի օրինական շահագործում: Չէ որ նա իշխանության պարտավորությունների մի մասը վերցնում է իր վրա, պարտավորվում է թեթևացնել իշխանության բեռը. այդ ո՞ր բեռը թեթևացրեց»:
Ըստ Դավոյանին՝ մի քանի աշխատատեղերով և տանելի աշխատավարձով արդյունահանողը չի աջակցել, այլ հասարակության վրդովմունքն է ուղղել իշխանությունների հանդեպ:
«Մենք չենք կարող մարդկային ռեսուրսների կորուստ թույլ տալ մեզ: Վիրավորված հայ մարդը մեր ամենամեծ դժբախտությունն է՝ հետագա մեր բանակի խեղճությունը: Աստված տա՝ չթողնեն գնան: Հասկանալի է՝ հումքը փող է՝ շտապ, հենց հիմա ու շատ: Իսկ հետո՞ ինչ կլինի: Մենք մարդ ենք կորցնում»,-ասաց քանդակագործ Սամվել Ղազարյանը:
«Բաներ կան, որոնց կողքով լռությամբ անցնելը հանցանք է ոչ միայն այդ հատվածի ժողովրդի հանդեպ, այլև ողջ հայ ժողովրդի,-ասաց Ռ. Դավոյանը: -Ես ծանոթ եմ այն նամակին, որ բնապահպաններն ուղղել են հանրապետության նախագահին, մի փոքր տեղյակ եմ նաև այն բանավեճերից, որ տեղի են ունենում մեր գրողների, հանք շահագործողների ու բնապահպանների միջև: Մենք ունենք հուսալի ազգային բանակ: Անցնող տարում ինձ համար հայտնաբերեցի մեկ այլ բանակ՝ բնապահպանների բանակը, և եթե մի բանակը մեզ պահպանում է արտաքին թշնամուց, բնապահպանների հետզհետե զորացող բանակը մեզ պաշտպանում է մեր ընդերքի, մեր ժողովրդի ներքին կեղեքիչներից»:
Դավոյանի պնդմամբ՝ ներքին կեղեքիչները նյութի հետևից վազում են մեծ թափով և նպատակասլաց, ու նրանց դեմն առնելը հեշտ չէ և՛ իշխանությունների, և՛ բնապահպանների համար: Սակայն, ըստ բանախոսի, բնապահպանները կարող են այնքան հզորանալ, որ ազդեն երկրի վաղվա օրվա, ճակատագրի վրա:
«Սա ինձ մոտ համոզմունք է արդեն: Ես նրանց մոտ անարդար պայքար չեմ տեսել, անձնական շահի հետապնդում չեմ տեսել, այլ տեսել եմ զուտ ազգային շահի պաշտպանության սկզբունքներ: Ես միշտ պատրաստ եմ աջակցել բնապահպաններին»,-ասաց Ռ. Դավոյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել