HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ հայկական հեղափոխությունը, համաշխարհային փորձը և դիրքային կռիվները

Իր նոր պատմության մեջ Հայաստանն անցնում է արդեն երրորդ հեղափոխության միջով:

Առաջին հայկական հեղափոխությունը՝ 1890-ականներին սկսված ազատագրական պայքարն էր, որը ժամանակակիցներն անվանում էին Հայկական հեղափոխություն, և որից որպես վերհուշ մնացել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցական անվանումը:

Երկրորդ հայկական հեղափոխությունը Ղարաբաղյան շարժումն էր, որից որպես հուշ մնացել է Հայոց համազգային շարժում անվանումը (ինչպես տեսնում ենք սա հեռավոր և անուղղակի արձագանք է Հայ հեղափոխական դաշնակցություն անվանման՝ դաշնակցություն = միություն, և Դաշնակցության սկզբնական գաղափարը նույնպես ենթադրում էր մասնավոր գաղափարախոսական դիրքերից անտեսում հանուն հեղափոխական միության՝ դաշնակցության):

Երրորդ հեղափոխությունը վերապրում ենք այսօր: Իհարկե, այսօրվա իրավիճակին հեղափոխություն անվանումը տալիս ենք, այսպես ասած, ավանսով, քանի որ միայն տարիների հեռանկարից պարզ կդառնա, թե որքանով էր  տեղի ունեցածը տարբերվում պարզ մի իշխանափոխությունից: Այդուհանդերձ, միայն այն փաստը, որ ժամանակակիցները և գործող անձինք ընկալում են իրենց հետ տեղի ունեցողը որպես հեղափոխություն` ուշադիր պատմաքաղաքական հայացքի համար արդեն ինքնին կարևոր է:

Հեղափոխությունների մեծ դարաշրջան

Հայաստանն այս՝ «փուլ առ փուլ» հեղափոխականությամբ կամ հեղափոխությունների տարբեր սերունդներով անշուշտ բացառություն չէ: Աշխարհիս ամբողջ նոր պատմությունը հեղափոխությունների՝ միմյանց փոխարինող «սերունդների» պատմություն է: Երկրների մեծ մասը՝ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում անցել են ոչ թե մեկ, այլ երկու-երեք հեղափոխական փուլերով: Միայն «խորամանկ» անգլիացիներն ու նրանց միացած մի քանի հյուսիսային եվրոպական ազգերն են, որ դեռևս Ֆրանսիական հեղափոխության օրերից բռնել են մյուսներից տարբեր ուղղություն: Բայց նունիսկ այդ տարբեր ուղղություն բռնողները իրենց զարգացման մեջ կրել են համաշխարհային հեղափոխական շարժման ազդեցությունը այն չափով, որ կարելի է ասել, թե հեղափոխված են առանց հեղափոխության: Եթե մի կողմ թողնենք ամեն ինչում տարբեր անգլիացիներին, ապա արդեն նշյալ հյուսիսեվրոպական երկրների հասարակարգերը, հիմնված լինելով սահմանադրականության սկզբունքի վրա, որը «համաշխարհային հեղափոխության» կարևորագույն սկզբունքներից է, և որից կրկին կարողացել են «պլստալ» անգլիացիները, փաստացի ոչնչով չեն տարբերվում մյուսների՝ հեղափոխություն անցածների հասարակարգերից, բացի միապետության և եկեղեցու պետական կարգավիճակի պահպանությունից: Այստեղ նույնպես անգլիացիներն առավել համառներն են, քանի որ ոչ միայն սահմանադրականության սկզբունքն այդպես էլ չեն ընդունել, այլև ցայսօր էլ պետությունը իրավականորեն իմաստավորում են ոչ թե որպես «ժողովրդի իշխանության» գործիք և մարմնավորում, այլ որպես Թագ:

Համաշխարհային փորձն, ուրեմն, անսպառ է, և փռված է մեր առջև, սրան էլ գումարած մեր սեփական՝ արդեն անցած երկու հեղափոխությունների փորձը: Այդուհանդերձ, դա ոչ միայն չի օգնում, այլև նույնիսկ ինչ-որ չափով խանգարում է այսօրվա ընկալումներին և այսօրվա անելիքներին: Իհարկե, չկա ավելի հեշտ բան, քան մի քանի դասագրքային օրինակ վերցնելով` մեծ ընդհանրացումներ անել և ներկայացնել դրանք որպես հեղափոխություն երևույթի օրինաչափություններ: Խնդիրը, սակայն այն է, որ նման վերացական ընդհանրացումների օգուտը գրեթե զրոյական է: Վերջին 200-ից ավելի տարվա մեջ կուտակված համաշխարհային հեղափոխական փորձը ոչ թե պարզապես հարուստ է, այլ անասելի բազմազան՝ այն աստիճան, որ մի քիչ խորանալու դեպքում, անմիջապես կասկած է ծագում՝ իսկ ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես հեղափոխություն բառը, եթե այդ անվան տակ միավորված են այդքան բազմազան, միմյանից տարբերվող, նաև՝ հաճախ միմյանց հակասող շարժումներ և գործընթացներ: Կա՞ արդյոք մի գիծ, որ դրանց բոլորին միավորում է:

Բայց այս կասկածն էլ ունի իր սահմանափակումները: Կարելի է, իհարկե, լիովին անիմաստ հռչակել հեղափոխություն բառը, զուտ անուն համարել դա, բայց դժվար չէ բերել նաև հակափաստարկը. գրեթե ցանկացած պատմաքաղաքական մեծ, ծավալուն երևույթ նույնքան բազմազան է իր նյութական դրսևորումներում: Օրինակ` պատերազմ է կոչվում երևույթների մի բազմազանություն՝ սկսած փոքր, մի քանի օր տևած սահմանային ընդհարումից մինչև համաշխարհային պատերազմ, և մինչև պատերազմի բացարձակը՝ միջուկայինը: Սրանց միջև տարբերությունն ահռելի է, բայց դա չի նշանակում, որ պատերազմ բառը սոսկ պայմանականություն է, քանի որ այդուհանդերձ կա մի ընդհանուր տրամաբանություն, որը միավորում է սահմանային ընդհարումն ու միջուկային պատերազմը՝ դա քաղաքական հակասությունները զենքի ուժով լուծելու փորձն է: Կա՞ արդյոք նման միավորող տրամաբանություն հեղափոխություն կոչված քաոտիկ բազմազանության մեջ:

Այդքան տարբեր հեղափոխություններ՝ բուրժուական, ֆաշիստական, իսլամական, թավշյա

Նախքան այդ հարցին պատասխանելը փորձենք մի քանի օրինակով ավելի պատկերավոր դարձնել, թե իրապես ինչ ծավալի բազմազանության մասին է խոսքը: Սովորաբար, երբ խոսում են հեղափոխությունների և հեղափոխական փորձի մասին, հիշատակում են ֆրանսիական, ռուսական, առավելագույնը՝ ևս մեկ-երկու «մեծ հեղափոխություն», և ընդհանրացնում սրանց մասին դասագրքային պատկերացումները: Բայց հեղափոխականությունն, ինչպես նշեցինք, համաշխարհային պատմության արդիական փուլի գլխավոր միտումն է, գլխավոր տարբերակիչը: Նախարդիական շրջանում հեղափոխություն երևույթը, փաստացի, անծանոթ էր, որքան էլ որոշ իրադարձություններ կարելի է նմանեցնել արդի հեղափոխություններին: Հակառակը՝ արդի շրջանում հեղափոխական գործընթացների միջով գոնե մեկ, իսկ մեծամասամբ մեկից ավելի անգամ անցել ու անցնում է հանրությունների մեծ մասը: Նույն՝ արդի հեղափոխությունների հայրենիք Ֆրանսիայում կարող ենք հաշվել մի քանի հեղափոխություն, ընդ որում դրանց մեջ ոչ միայն նրանք, որոնք համարվում են «առաջադիմական», այլև, օրինակ 1940-ին Վիշիի կառավարության կողմից հռչակված «Ազգային հեղափոխությունը»:

Հեղափոխությունը միայն այն չէ, ինչ մեզ դուր է գալիս, այլև այն ամենն ինչ մարդիկ համարել են, վերապրել են որպես այդպիսին: Հեղափոխական է եղել և ընկալվել ֆաշիստական շարժումն Իտալիայում և նացիստականը` Գերմանիայում: 80-ականների վերջում, այսպես կոչված, սոցիալիստական ճամբարում տեղի ունեցած հեղափոխությունների շարքը հայտնի է որպես «թավշյա հեղափոխություն»: Չնայած, բացի Ռումինիայից, բոլոր մյուս երկրներում այդ հեղափոխություններն անցել են առանց արյունահեղության և բռնության, դրանք ոչնչով ավելի սխալ հեղափոխություններ չեն, քան «արյունալիները»: Մեր Ղարաբաղյան շարժումը նույնպես արևելաեվրոպական այդ հեղափոխությունների շարքին է դասելի՝ իր տեղական յուրահատկություններով հանդերձ: Հեղափոխությունները, որքան էլ տարօրինակ է, կարող են լինել նաև պահպանողական: Օրինակ,1920-ականներին Գերմանիայում մի ամբողջ ինտելեկտուալ շարժում կար այդ անվանմամբ: Իսկ 1979-ի Իրանական հեղափոխությունը արդեն ոչ թե զուտ ինետելեկտուալ շարժում էր, այլ իրական պահպանողական հեղափոխություն՝ պահպանողական և հեղափոխական գաղափարների, նաև՝ մեթոդների հարակարծիք (պարադոքսալ) միաձուլում:

Հեղափոխական փուլերը. արաբական գարունն ու Նապոլեոնը

Հեղափոոխական «փուլականության» յուրահատուկ օրինակ են Մերձավոր Արևելքի արաբական երկրները: Բոլորս ականատես էինք 2010-ականներին սկսած այսպես կոչված «արաբական գարնանը»՝ հեղափոխությունների շարքին, որը սկսվելով Թունիսում, տարածվեց արաբական այլևայլ երկրների վրա: Արաբական գարունն օրինակ է, թե որքան տարբեր սցենարներով կարող է զարգանալ իրադրությունը նույնիսկ մեկ հեղափոխական «փնջում»՝ Թունիսի համեմատաբար կայուն սցենարից մինչև Սիրիայի և Յեմենի քաղաքացիական պատերազմներ, և արանքում էլ Եգիպտոսի տարբերակ, որտեղ վերջարդյունքում իշխանությունը նորից վերադառնում է բանակից ելած կոշտ առաջնորդին: Բայց քչերը կարծես ուշադրություն դարձրին, որ արաբական գարնան բոլոր հեղափոխությունները տեղի ունեցան այն երկրներում, որոնք արդեն անցել էին նախկինում հեղափոխական մեկ փուլ: Որևէ արաբական միապետություն արաբական գարնան ընթացքում չի տապալվել, այսինքն՝ նախկինում հաջողած հեղափոխական փորձ չունեցող երկրների վրա արաբական գարունը չի տարածվել: Մի ուշագրավ բացառություն էլ Ալժիրն էր, որը, ոչ թե մեկ, այլ երկու հեղափոխական փուլ արդեն անցած լինելով անցյալում, արաբական գարնանը նույնպես չմասնակցեց: Միապետական Մարոկոյում և Հորդանանում եղան հեղափոխական շարժումների փորձեր՝ արաբական գարնանը համահունչ, բայց հարցը լուծվեց փոխզիջմամբ՝ միապետների միջամտությամբ: Իսկ ահա՝ Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան, Սիրիան, Յեմենը բոլորն էլ 1950-70-ականների արաբական առաջին հեղափոխական՝ «արաբական սոցիալիզմի» ալիքի արդյունքում ձևավորված ռեժիմներով երկրներ էին: Արաբական գարունն, այդու, յուրահատուկ հետարդիական ռեմիքս էր արաբական արդիականության արգասիք՝ անցած դարի հեղափոխությունների, ինչ-որ տեղ հեղափոխություն հեղափոխության դեմ կամ «հետհեղափոխություն»:

«Փուլայնության» առումով ավելորդ չէ հիշել, թերևս նաև հենց մեկ հեղափոխական շարժման մեջ հնարավոր ներքին բաժանումը փուլերի: Այսպես, ֆրանսիական հեղափոխությունը հիշելիս, սովորաբար, հղում են յակոբինյան փուլին իր տեռորով և այլնով, բայց յակոբինյան շրջանն ընդամենը մեկ տարի տևած միջանկյալ փուլ էր Մեծ ֆրանսիական հեղափոխության ընթացքում, որին նախորդել էին սահմանդրական միապետության, ապա ժիրոնդիստական փուլերը, և հաջորդել թերմիդորյան և նապոլեոնյան փուլերը՝ ամենատևականն ու ամենակայունը: Մոռանում ենք, որ ֆրանսիական հեղափոխության վերջին և կայուն արդյունքը հենց Նապոլեոնի կայսրությունն էր: 1917-ի ռուսական հեղափոխությունը նույնպես ունի իր ներքին կարևոր բաժանումները՝ առնվազն 17-ի փետրվարյան և հոկտեմբերյան փուլերի: Նույնը կարելի է ասել և շատ այլ հեղափոխությունների մասին. սրանց ներքին բաժանումներն էլ շատ բազմազան փորձ են, և հեշտ ընդհանրացման ենթակա չեն:

Ազգային-ազատագրական պայքարները նույնպես համարվել են հեղափոխություններ 19-20-րդ դդ.-ի ընթացքում: Մենք այստեղ էլ բացառություն չենք: Մեր ազգային-ազատագրական պայքարը հեղափոխություն է անվանվել հենց համաձայն այս համաշխարհային «շաբլոնի»: Այս տիպի հեղափոխությունների նախատիպը իտալական ազազատագրական շարժումն էր` Գարիբալդիի առաջնորդությամբ: Պատահական չէ, որ մեր այսօրվա օրհներգի հիմքում Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգն» է: Շատերին այսօր այդ փաստը անհասկանալի է թվում, բայց դա ընդամենը հուշում է, որ մեր ազատագրական շարժման արմատները համաշխարհային պատմության մեջ են, որպես մաս` Իտալիայից, Բալկաններով մինչև Մերձավոր և Հեռավոր Արևելք ծավալված համամարդկային շարժման: 

Հեղափոխությունը զանգվածների ներգրավմամբ քաղաքականությունն է

Ի՞նչ է, ուրեմն, միավորում այս խայտաբղետ բազմազանությունը՝ յակոբիններից մինչև Իրանի իսլամական հեղափոխություն, հայկական ազգային-ազատագրական պայքարից մինչև Կադդաֆի, Հիտլերից մինչև Վացլավ Հավել, Գարիբալդիից մինչև Պոլ Պոտ: Եվ անունների ու գաղափարների բազմազանություններն էլ դեռ մի կողմ թողած՝ ընթացքների և արդյունքների բազմազանությունը՝ թավշյա, անարյունից մինչև արյունալի քաղաքացիական պատերազմներ և նույնիսկ ցեղասպանության մեղադրանքներ: Մի՞թե հնարավոր է այս ամենը միավորել մեկ եզրով: Իհարկե հնարավոր չէ, եթե փորձենք կիրառել վերացական ընդհանրացումների, գրքային «օրինաչափությունների» մոտեցումը, առավել ևս տափակ ճամարտակությունները՝ «հեղափոխությունն ուտում է իր զավակներին» ոճի մեջ, կարծես, պատմական փորձը կարելի է տեղավորել նման «բաբոյական» իմաստակությունների սահմաններում:

Դժվար, եթե ոչ անհնար, կլինի նաև, եթե փորձենք գտնել ընդհանուր բովանդակություն: Գուցե մի քանի ծավալուն հատոր գրելու դեպքում կարելի է հասնել նման արդյունքի, և փորձեր անշուշտ եղել են: Սակայն անշուշտ՝ շատ վիճելի արդյունքներով փորձեր:

Բայց, ահա, ըստ ձևի միասնություն գտնելն այդքան էլ բարդ չէ: Բոլոր այս այլազան շարժումներին միավորում է մեկ բան՝ զանգվածների ներգրավումը քաղաքականության մեջ, զանգվածային շարժումները: Նաև, առաջինից բխած՝ համազգային, համաժողովրդական նպատակների հռչակումը և համապատասխան ձևաչափերի ստեղծումը, սովորական, առօրյա՝ կուսակցական, պառլամենտական քաղաքականության տրամաբանությունից դուրս լինելը, դեմոկրատիզմը, բայց ոչ թե սահմանված իրավական նորմի, այլ անմիջական ներգրավվածության՝ «պոպուլիզմի» իմաստով: Ինչպես պատերազմը քաղաքականության մի տեսակ է, որտեղ հակասությունների լուծման եղանակը դառնում է զինված ուժը, այդպես էլ հեղափոխությունը քաղաքականության մի տեսակ է, որտեղ հիմնական գործիքը և սուբյեկտը դառնում են զանգվածները: Բովադակությունը, գաղափարախոսությունը, կարգախոսները երկրորդական են՝ մեկը կարող է զանգվածներին մոբիլիզացնել հանուն իսլամի, մյուսը՝ մարքսիզմի, երրորդը՝ ազգային-ազատագրական պայքարի, չորրորդը՝ մարդու իրավունքների կարգախոսներով և այլն, և այլն, բայց հեղափոխական է այն գործընթացը, որտեղ զանգվածները դառնում են հիմնական գործող ուժ: Երկրորդական է նաև բնույթը՝ խաղաղ հանրահավաքային շարժումից մինչև զինված ապստամբություն և պարտիզանական պայքար:

Այս չափանիշին համապատասխանում են աշխարհի բոլոր՝ լավ ու վատ, առաջադեմ և հետադեմ, խաղաղ և զինված, հաջողած ու ձախողած հեղափոխությունները, այս կետում են միավորվում Գարիբալդին և Հիտլերը, Ռոբեսպիեռն ու Մաո Ցզե Դունը, Պոլ Պոտն ու Վացլավ Հավելը, Նապոլեոնն ու Խոմեինին....:

Այստեղ, իհարկե, նույնպես տարբերակները բազմազան են, բայց անվերջ չեն, այլ հաշվելի ու սահմանափակ: Այդ տարբերակները տատանվում են երկու ծայրահեղ բևեռների միջև՝ «տեխնոլոգիական հեղափոխություն» և «արմատական պոպուլիզմ»: Միջին վիճակագրական մի որևէ հեղափոխություն տեղավորվում է այս երկուսի արանքում:

Մաքուր տեխնոլոգիականն այն է, երբ զանգվածների ներգրավումը դիտվում է որպես զուտ տեխնոլոգիա իշխանափոխության հասնելու համար, և զանգվածները չեն դիտարկվում որպես հետագա զարգացումների սուբյեկտ: Ենթադրվում է, որ զանգվածը մաքուր ապաբանական տարերքն է, որը կարելի է օգտագործել որպես անշունչ գործիք: Սա կարող ենք համարել մեր՝ հետարդիական դարի տիպիկ մտածողության արգասիք: Սրա իրապես մաքուր տարբերակները քիչ հանդիպող են, քանի որ զանգվածների իրական մոբիլիզացիան հետ շրջել այդքան հեշտ չէ, որքան պատկերացնում են քաղաքականությունը մաքուր տեխնոլոգիայի հետ նույնացնողները: Մեկ անգամ մոբիլիզացված զանգվածները գոնե մի որոշ՝ բավականին տևական ժամանակով, դառնում են իրական գործոն, որն իր օրակարգն է թելադրում մյուս գործող անձանց, և որի հետ անհնար է հաշվի չնստել:

Հետգրություն. դավադիրների պատիժը

Մեր այսօրվա իրավիճակում, օրինակ, «տեխնոլոգիզմի» սխալը գործեցին այն վերնախավային ուժերը, որոնք կարծեցին, թե հնարավոր է` Սերժ Սարգսյանի դեմ` պալատական, ներվերնախավային և ենթադրաբար դրսից որոշ, եթե ոչ ուղղակի աջակցություն, այլ գոնե բարյացակամ չեզոքություն ունեցող դավադրությանը միավորել զանգվածային շարժում, այսպես ասած «հեղափոխական մասովկա»: Ուզում էին 1998-ի հեղաշրջման յուրահատուկ կրկնություն անել, բայց ավելացնելով դրան փողոցային շարժումը: Նման տեխնոլոգիական մոտեցումն, ի դեպ, վկայում է այն բանի մասին, թե որքան հայկական իրականությունից կտրված, որքան գրքային և օտարամուտ կաղապարներով են մտածել այդ մարդիկ: Հայաստանի ամբողջ քաղաքական փորձն առնվազն 1988-ից, վկայում է, որ մոբիլիզացված զանգվածները ոչ միայն գործիք են, այլև ակտիվ գործոն են: Այս «հաշվարկի» առաջին զոհը դարձավ «վարչապետացու» Կարեն Կարապետյանը՝ մոբիլիզացված զանգվածների գործոնը բացառեց նրա «թագադրումը»: Եթե նույնիսկ հեղափոխական բեմում հայտնվեր մեկը, ով նման բան առաջարկեր Հրապարակին, նրա ճակատագիրը նախանձելի չէր լինի: Բայց եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նույն գործընթացը շարունակվում է: Այսպես, նույն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները լի են «ախր, մենք մեր լուսավոր, փայլուն, հրաշք հեղափոխությունը, չարիքից ազատվելը, նրա համա՞ր էինք անում, որ այսօր ամբոխները խելագարված ուղղեն դա իմ դեմ»: Մի քիչ ավելի մեղմ ձևակերպված նման ենթատեքստ նկատում ենք նաև այլոց խոսքի մեջ: Սա գուցե այն դեպքը չէ, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, բայց այն դեպքն է, երբ հեղափոխությունը վերացնում է դավադիրներին:

Հնուց հայտնի է, որ իշխանության գալով նախկին արքայի դեմ դավադրության օգնությամբ` նոր արքան հաճախ նախևառաջ պատժում է հենց նրանց, ովքեր դավել են հին արքայի դեմ: Սա հին և իմաստուն քաղաքականություն է՝ կանխելու համար նոր դավադրությունները:

Նորից հետգրություն. դեռ ոչինչ էլ չի եղել

Թե ի՞նչ ճանապարհով կընթանա հայկական երրորդ հեղափոխությունն, այս պահին իրականում ոչ ոք չի կարող ասել: Չնայած շատերն են դեպի այս կամ այն կողմ կանխատեսումներ անում՝ երկրին աննախադեպ ծաղկում կամ էլ հակառակը՝ անխուսափելի կործանում կանխատեսում, բայց մեծ հաշվով` այս ամենը դեռ ճարտասանական վարժություններից շատ չի տարբերվում: Այս պահին ընդամենը դիրքային կռիվներ են ընթանում, որոնց մասնակցում են վերնախավային խմբերն ու մոբիլիզացված զանգվածները: Դիրքային կռիվներին բնորոշ քարոզչական հրետանային աջակցությունն էլ որքան էլ աղմկալից է, սակայն, բովանդակային բանավեճ լինելուց հեռու է: Դիրքային կռիվների ավարտից որոշ ժամանակ անց միայն պարզ կդառնա, թե ո՛ր ուղղությամբ կշարժվի Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter