Էմանուել Մակրոն. «Ֆրանկոֆոնիան համաձայնեցված ակումբ չէ, ոչ էլ հոգնած տարածք, այլ վերանվաճման վայր»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի այսօրվա գագաթնաժողովում ունեցավ ամենաերկար ելույթը` մոտ 40 րոպե, թեեւ ելույթների համար նախատեսված էր 15 րոպե: Նա անդրադարձավ Ֆրանկոֆոնիայի դերին, աշխարհում իր տեղը վերանվաճելուն: «Ֆրանկոֆոնիան համաձայնեցված ակումբ չէ, ոչ էլ հոգնած տարածք, այլ վերանվաճման վայր»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:
Նա հիշեցրեց, որ Ֆրանկոֆոնիան «մոլորակի չափերով ընտանիք է», որ ֆրանկոֆոն երկրներից որոշների միջեւ կան «բազմաթիվ վերքեր, որոնք սկսում են բուժվել հիշողության շնորհիվ»: Ակնարկելով Ֆրանսիայի կողմից աֆրիկյան մի շարք պետությունների գաղութացման պատմությունը` Մակրոնն ասաց, որ չի ուզում խոսել այդ մասին եւ դասեր տվողի դիրքերից հանդես գալ: «Ֆրանսերենը միավորում է մեզ, եւ մեզնից յուրաքանչյուրը խոսում է իրեն բնորոշ հատուկ շեշտով: Ուրեմն ֆրանսերենը չի պատկանում Ֆրանսիային»,- ասաց ֆրանսիական հանրապետության նախագահը եւ շեշտեց, որ ֆրանսերենը պետք է լինի պայքարի լեզու:
Իր լիրիկական ելույթում նա, ինչպես ՄԱԿ-ի ամբիոնից վերջերս ունեցած խոսքում, կանգ առավ բազմակողմանիության ճգնաժամի, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված միջազգային կարգի տապալման, պոպուլիզմի եւ ծայրահեղականության աճի վրա: «Ֆրանսերենը, որը միավորել է շատերին, պետք է դառնա այն ամենի մերժման լեզուն, ինչ տեղի է ունենում այսօր»:
Նա կրկին վերադարձավ Շառլ Ազնավուրի կերպարին` ներգաղթյալի որդու, որի մայրենի լեզուն եղել է հայերենը եւ վրացերենը, բայց որի համար «ֆրանսերենը դարձել է հայրենիք»:
Ապա խոսեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կանոնադրության փոփոխության անհրաժեշտության մասին` նկատի ունենալով, որ պետք է պարտավորություն ստանձնել մարդու իրավունքները հարգելու առումով: Նա, անշուշտ, նկատի ուներ Սաուդյան Արաբիան, որը վերջին պահին հանել է անդամակցության իր հայտը:
Սակայն, Մակրոնի այս «պահանջը» հակասության մեջ է Ֆրանսիայի կողմից ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությունը պաշտպանելու դիրքորոշման հետ (ընդդեմ Կանադան ներկայացնող Միկայել Ժանի), քանի որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի տվյալներով` մարդու իրավունքների խախտման տեսանկյունից Ռուանդան 180 երկրների մեջ զբաղեցնում է 159-րդ տեղը: Կամ` ինչպե՞ս Քաթարը, լինելով անգլախոս եւ չհարգելով մարդու իրավունքները, անդամակցեց ՖՄԿ-ին:
Ըստ ֆրանսիական մամուլի` պատճառն այն է, որ ՖՄԿ-ն, որի ֆինանսավորման հիմնական բեռը կրում են Կանադան եւ Ֆրանսիան, վերջին տարիներին ֆինանսական հավելյալ ռեսուրսների կարիք ունի: Եվ Քաթարը մեծապես աջակցել է կազմակերպությանն այդ առումով, սակայն Սաուդյան Արաբիայի թեկնածությունը (թեեւ հարուստ-հեղ.) հանդուրժել Ֆրանսիան չի ցանկանում: Հավանաբար, Ռուանդան, որը ներկայացնում է միասնական Աֆրիկան եւ տնտեսական զգալի աճ է գրանցում վերջին տարիներին, կօգնի ՖՄԿ-ին լուծել ֆինանսական հարցերը:
Մեկնաբանել