HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական պարերը Նոթինգեմ քաղաքում

Սենյակում լույսերը չեն վառվում։ Երեկո է, սակայն դեռ մութ չէ։ Կիսաբաց դռան արանքից երեւում են տիպիկ անգլիացի ծերուկներ՝ մուգ հեծելատաբատներով ու հերթապահ ժպիտներով. նրանք բոուլի են խաղում։

Իսկ ներսում պարողներն արդեն հավաքվել են։ Բոլորը կանայք են, բոլորը' անգլուհիներ։

Քրիսանդրան տեղադրում է ձայներիզը։ «Մշո աղջիկն է»՝ ամերիկահայ երգչի սիրողական կատարմամբ։ Ե՛վ ձայներիզի, եւ՛ կատարման որակը շատ վատն են, բայց դա կարեւոր չէ։ Կարոտի ջերմ ալիք է բարձրանում դեպի կոկորդս. հայկական հնչյուններ Անգլիայի փոքրիկ Նոթինգեմ քաղաքում, ուր «Հայաստանը ո՞ր երկրի մայրաքաղաքն է» հարցն ինձ այնքան հաճախ են տալիս։

Քրիսանդրան ցույց է տալիս առաջին քայլերը, եւ սկսում ենք պարել։ Պարեր, որ բազում անգամներ տեսել եմ հեռուստացույցի էկրանին ու, լատինաամերիկյան մշակույթի համատարած մոլուցքով պատված, անմիջապես փոխել ալիքը։

Պարային շարժումները հեշտությամբ են տրվում ինձ, ինչը չի կարելի ասել մնացած աշակերտուհիների մասին։ Անգլուհիները կորցնում են ռիթմը, սայթաքում են, ծիծաղում իրենց սխալների վրա եւ շարունակում յուրացնել հայկական պարի շարժումները։

«Սարսափելի դժվար է»,-հեւում է մի կին, երբ մի փոքր դադար ենք անում՝ անվերջ պտույտներից, ծափահարություններից, կքանիստերից հանգստանալու։ Այս կինը պարի դասընթացին մասնակցելու համար գալիս է հարեւան քաղաքից։ «Լարվածությունը շատ մեծ է: Անընդհատ պիտի հետեւես ողջ մարմնիդ շարժումներին, անգամ մատներիդ»,-շարունակում է նա։

Քրիսանդրան միացնում է հատված «Անուշ» օպերայից։ Պարն աշխույժ է, բոլորի դեմքին ժպիտներ են։ Պարն ավարտվելուն պես ինձ խնդրում են պատմել օպերայի մասին։ Հայկական մշակույթի վերաբերյալ նրանց ոգեւորությունը զարմացնում է ինձ։ Օտարների հանդեպ հետաքրքրությունն ամենեւին էլ հատուկ չէ անգլիացիներին։

Ես պատմում եմ «Անուշի» մասին։ Բոլորը ցնցված են պատմության ողբերգությամբ։

«Իսկ մենք այնքա~ն ուրախ էինք պարում»,-բացականչում է մի կին։

Հանկարծ նկատեցինք, որ դռան մոտ հավաքվել են սեւամորթ երեխաներ եւ ուշադիր զննում են մեզ։ Քրիսանդրան նրանց ներս կանչեց, եւ ահա անգլիացի փոքրիկները՝ սեւ խոպոպներով ու փայլուն աչքերով, պարում են հայկական պար։

Դասընթացի վերջում Քրիսանդրան մարեց լույսերը եւ պարասրահի կենտրոնում դրեց ապակյա սկահակ՝ ջրի մեջ լողացող երիցուկներով ու մոմերով։ Մագնիտոֆոնից հնչում է կանացի սոպրանո՝ խորը, մեղմ ելեւէջներով։

«Պարը, որ հիմա կպարենք, նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի հիշատակին,-ասում է Քրիսանդրան։-Սա հիշատակ է այն 1,5 միլիոն անմեղ մարդկանց, որոնք տեղահանվեցին ու սպանվեցին թուրքերի կողմից 1915 թվականին»։

Քրիսանդրան պատմում է Եղեռնի մասին։ Նրա ձայնը հանդիսավոր է եւ տխուր։

Պարողները՝ շրջան կազմած, լուռ լսում են։

«Սակայն սա միայն տխրության պար չէ,-եզրափակում է Քրիսանդրան,-նաեւ կյանքի ցնծություն կա այս պարում, հաղթանակ կա. փրկված հայերի հաղթանակը, հավերժ կենդանի հայկական ոգու հաղթանակը»։

Մենք կազմեցինք շրջան, բռնեցինք միմյանց ճկույթները։ Տասնվեց քայլ աջ, ձեռքերը գծում են հավերժության նշան, դանդաղ պտույտներ առանցքի շուրջ, ձեռքերիս՝ ժանյակե մոմակալներով մոմեր։

Պարի վերջում մոմերը հանգցնում ենք եւ ավելի սեղմ շրջան կազմում սկահակի շուրջ։ Շրջան, որ խորհրդանշում է 1 թիվը, միասնություն, ինչը անգլուհի այս պարուսույցի համար հայ ազգի ամենաբնորոշ հատկանիշն է։

Դասընթացից հետո Քրիսանդրան հավաքում է ձայներիզները։ Զրուցում ենք այն ճանապարհի մասին, որը բերեց նրան դեպի հայկական պար։

«Պարել սիրել եմ փոքրուց,-ասում է Քրիսանդրան։-Ամեն տարի իմ դպրոցում կազմակերպում էին պարերի մրցույթ, ու ես միշտ հաղթում էի։ Սակայն մենք ապրում էինք գյուղում, ուր չկար դասընթացների ոչ մի հնարավորություն։

Ես քսանն անց էի, երբ տեղափոխվեցի քաղաք։ Սկսեցի հաճախել պարի բոլոր դասընթացներին, որ կարողացա գտնել։ Մի անգամ գնացի տարբեր երկրների շուրջպարերի դասընթացի։ Շուրջպարն անմիջապես գրավեց ինձ։ Սկսեցի այն սովորել։ Որոշ ժամանակ անց տեղափոխվեցի Նոթինգեմ ու ինքս էլ սկսեցի ուսուցանել։

Հայկական պարերի հետ առաջին բախումս տեղի ունեցավ 90-ականների սկզբին, երբ հանդիպեցի Լորա Շանոնին։ Նա ամերիկուհի էր, որ ուսուցանում էր շուրջպարեր, նաեւ' հայկական պարեր։ Այնուհետեւ հանդիպեցի Տինեկե Վան Գիլի հետ, դանիացի, որ 80-90-ականներին մեկնել էր Հայաստան՝ ուսումնասիրելու հայկական պարերը։ Նա նաեւ թողարկել էր մի քանի ձայնասկավառակներ հայ երաժիշտների հետ։

90-ականների կեսերին հանդիպեցի ամերիկահայ պարուսույց Շաքեին, ով ինձ շատ բան սովորեցրեց հայկական պարի ասպարեզում։

Հայկական պարի մեջ ինձ հատկապես գրավում են կանանց պարերը, ձեռքերի նրբագեղ շարժումները։

Շարժումները շատ բարդ էին թվում սկզբում եւ այնքա~ն տարբեր իմ ուսումնասիրած պարերից։ Սովորաբար, դրանք պահանջում էին կենտրոնանալ միայն ոտքերի շարժումների վրա։ Հայկական պարերը ներառում են ամբողջ մարմինը, գլուխը, աչքերը։

Ես հայտնաբերեցի անբացատրելի կապ իմ եւ հայկական երաժշտության միջեւ։ Անգամ բառերն էին հարազատ թվում, չնայած նրանց իմաստն ինձ անհասկանալի էր։

Հետաքրքիրն այն է, որ հայկական պարի հանդեպ ջերմ զգացմունքներ միանգամից արթնանում էր յուրաքանչյուրի մոտ, ով գալիս էր դասընթացներիս։

Մի անգամ Շաքեի հետ պարի սեմինարի էի Լոնդոնում։ Մենք սովորում էինք հայկական հարսանեկան պար։ Հարեւան սրահում լսվում էր ինչ-որ աղմուկ, այնտեղ էլ էին մարդիկ պարում։ Ընդմիջմանը երկու խմբերը խառնվեցին. պարզվեց' այն սենյակում հարսանիք էր. շոտլանդացին ամուսնանում էր անգլուհու հետ։ Բոլոր տղամարդիկ հագել էին շոտլանդական վանդակավոր քիլթեր։ Մենք հրավիրեցինք նրանց մեր սեմինարին. հարսն ու փեսան կանգնեցին կենտրոնում, իսկ հյուրերը շրջան կազմեցին նրանց շուրջ եւ սկսեցին հայկական պար պարել»։

Քրիսանդրան պատմեց, որ գարնանը վերջապես իրականացնելու է Հայաստան ճանապարհորդելու իր վաղեմի երազանքը։

«Այնտեղ սովորելու եմ նոր պարեր, ձեռք եմ բերելու ձայներիզներ եւ, եթե հնարավոր լինի, հայկական տարազներ։ Նաեւ' սեփական աչքերով տեսնելու շատ բաներ, ինչ մինչ այժմ միայն գրքերում եմ կարդացել։ Հայաստանի պատմությամբ սկսեցի հետաքրքրվել պարերն ուսումնասիրելիս։ Կարդացի Եղեռնի եւ հսկայական սփյուռքի մասին։ Որոշ մարդիկ թարգմանեցին ինձ երգերը։ Ես ինքս մեծացել եմ գյուղական միջավայրում, եւ ինձ շատ հարազատ են երգերը՝ կապված նախնիներիդ հողի նկատմամբ կարոտախտի հետ։

Հայոց պատմությունը շատ դառն է եւհուզիչ։ Եվ այն իր արտացոլումն է գտնում հայկական արվեստի մեջ։ Որոշ պարեր, օրինակ' Գոռանին, կարծես ճչում են հայերի ապրած ցավի մասին։

Ես հիանում եմ այս ազգի աննկուն կամքով, որ դիմակայել է բոլոր դժվարություններին եւ գոյատեւում է առ այսօր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter