HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մութ ամպեր Թեղուտի գլխին

Փրկենք անտառը ոչնչացումից

Հայաստանի բնապահպանական կազմակերպություններին եւ հասարակությանը առաջիկայում դժվարին փորձություն է սպասվում: Ամիսներ առաջ նրանց մի կերպ հաջողվեց փրկել Շիկահողի արգելոցը, որը կառավարությունը եւ, մասնավորապես, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում էին զոհաբերել թեկուզ եւ կարեւոր մայրուղու կառուցմանը: Հիմա էլ ոչնչացման սպառնալիքը կախվել է Լոռու մարզում գտնվող Թեղուտի բնական անտառի վրա:

Այս անգամ անտառահատմամբ իր համար ճանապարհ է ցանկանում հարթել «Հայկական պղինձ» (նախկինում' «Մանես եւ Վալեքս») ընկերությունը: Եթե Շիկահողի դեպքում անտառի հատումը պետությանն էր հնարավորություն տալու ինչ-որ գումար առժամանակ տնտեսել' համեմատաբար կարճ ճանապարհի կառուցման տարբերակն ընտրելով, ապա Թեղուտի անտառի հատումը մասնավոր ընկերությանն է հնարավորություն տալու տասնամյակներ շարունակ շահույթներ, գուցեեւ գերշահույթներ ստանալ: Ինչպես փորձն է վկայում, բիզնեսով զբաղվող մասնավոր ընկերությունները, համենայն դեպս Հայաստանում, առավել հետեւողական են շահույթ ապահովող իրենց նպատակներին հասնելու գործում, քան պետությունը:

Ավելին' երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ մեր հանրապետությունում բիզնեսով զբաղվող առանձին մասնավոր ընկերություններ պետությունից զորեղ են: Պարզապես «գաղտնիքն» այն է, որ այդ ամենի հեղինակները պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ՙիրենց մարդիկն՚ ունեն, որոնց հետ շատ սերտ կապերով են կապված:

Թեղուտի անտառի հատումը «Հայկական պղինձ» ընկերության համար անհրաժեշտություն է, քանի որ ցանկանում է բացել ու շահագործել անտառի տակ գտնվող պղնձի եւ մոլիբդենի հանքը, նաեւ' հանքավայրի մոտ կառուցել պղնձի եւ մոլիբդենի կորզման ֆաբրիկա:

Ըստ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի' Թեղուտի հանքավայրի պաշարների վերագնահատման աշխատանքների ավարտը նախատեսված է 2007թ. 4-րդ եռամսյակում: Հանքավայրի շահագործումը, նախարարի խորին համոզմամբ, կարող է սկսվել 2007թ. ոչ շուտ: Սակայն նկատենք, որ ինչ որոշվելու է, որոշվելու է մինչեւ այդ, անտառի հատումն էլ, բնականաբար, նախորդելու է հանքավայրի շահագործմանն ու դրա նախապատրաստմանը: Հետեւաբար, բնապահպանական կազմակերպություններին եւ հասարակությանը չի կարող հանգստություն ներշնչել այն, որ հանքավայրի շահագործումը կարող է սկսվել 2 տարի հետո միայն:

Առաջիկա վերագնահատման մասին հիշատակումը նշանակում է, որ Թեղուտում հիշյալ մետաղական հանածոների պաշարների գնահատում արդեն կատարվել է: Իրոք, վերոհիշյալ ընկերությունը, դարձյալ Վ. Այվազյանի տեղեկացմամբ, «արդեն իրականացրել է Թեղուտի հանքավայրի ամբողջ հետախուզման աշխատանքները եւ, նախնական գնահատումներով, ունի պղնձի եւ մոլիբդենի հանքաքարի մինչեւ 500 միլիոն տոննայի պաշար»:

Այն, որ «Հայկական պղինձ» ընկերության կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ոչ թե սոսկ ցանկություն կամ առաջարկություն է, այլ միանգամայն լուրջ ակնկալություն, հուշում է նաեւ, որ արդեն իսկ ֆինանսական խոշոր ներդրումներ են կատարվել թեկուզ միայն պաշարների հետախուզման նպատակով: Ըստ Բնապահպանության նախարարի' Թեղուտի հանքավայրի ուսումնասիրման փուլում, ընդհանուր առմամբ, մոտ 170 կմ հորատման աշխատանքներ են կատարվել: Ինքնին հասկանալի է, որ այդ աշխատանքների համար ընկերությունը մեծ գումարներ է ծախսել: «Հայկական պղինձ»-ը դժվար թե գնար այդ քայլին, եթե իշխանական վերին շրջանակներից երաշխիք ստացած չլիներ, որ իրեն տրվելու է հանքավայրը բացել-շահագործելու թույլտվություն: Հակառակ պարագայում արդեն կատարված ծախսերն ու աշխատանքները չափազանց ռիսկային են ստացվում, ինչին իրենց բիզնեսի շահերը հարգող ընկերությունները սովորաբար չեն գնում:

Թեղուտի անտառի հատման, նրա տեղում հանքավայր բացել-շահագործելու, կորզման ֆաբրիկա կառուցելու խնդիրներն ուսումնասիրելու, եզրակացություն տալու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով: Դրանում ընդգրկված են ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը, ըստ մեր ստացած տեղեկությունների, հիշյալ ձեռնարկի իրականացմամբ առավել շահագրգռված պետական պաշտոնյաներից մեկն է: Հանքավայրը բացել-շահագործելու խնդրում շահագրգռված է նաեւ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որը, սակայն, փորձում է մանեւրել եւ իր դիրքորոշումն այնքան էլ բացահայտ ցույց չտալ: Փաստ է նաեւ այն, որ Վ. Այվազյանը միանշանակ հնարավոր է համարում Թեղուտի անտառի հատումը հանքավայրը բացել-շահագործելու նպատակով:

«Հայկական պղինձ» ընկերությունը նշված ծրագրի բնապահպանական փորձաքննության համար դեռ չի դիմել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին կամ այդ կազմակերպության վերադասը հանդիսացող Բնապահպանության նախարարություն: Մինչ այդ, ընկերությունը պետք է շահագործման նախագիծ ներկայացնի, հանքամարմինը վերջնական առումով ճիշտ նկարագրի, այսինքն' վերագնահատումից հետո ստանա հաստատված պաշարները: Դրանից հետո պետք է ցույց տա, թե ինչ միջոցներով, ինչպես է շահագործելու հանքավայրը, նոր միայն դիմի բնապահպանական փորձաքննության նպատակով:

«Խորհրդային Միության ժամանակ հայտնի էր, որ այնտեղ հանք կա, բայց չէր շահագործվում' հաշվի առնելով բնական համակարգը,-խնդրի առնչությամբ մեր զրույցի ընթացքում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանը: -Եվ երկրորդը' Հայաստանում (Քաջարանում) կա պղնձի եւ մոլիբդենի հարուստ, հզոր հանք, որն այժմ լայն թափով շահագործվում է: Ես չգիտեմ' ի՞նչ տրամաբանությամբ այդ երկու հանքերը (Քաջարանի եւ Թեղուտի) զուգահեռ պետք է շահագործվեն: Չէ՞ որ, վերջապես, երկիրը 5 կամ 20 տարվա ապագա չի ունենալու: Մեր կարծիքով' ճիշտ կլինի, որ Քաջարանի հանքի պաշարների սպառումից հետո նոր միայն հարց դրվի Թեղուտի հանքի շահագործման համար:

Բացի դրանից, աշխարհում կան նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս ոչ թե ավերածությունների, այլ ուրիշ ճանապարհով կորզել պղինձն ու մոլիբդենը: Դժվար է պատկերացնել այդպիսի անխիղճ վերաբերմունք բնական անտառի նկատմամբ: Այսօր, եթե նայում ենք հանքարդյունահանողների հիմնական մասի գործելակերպը, այն տպավորությունն է ձեւավորվում, որ ինչ-որ պատահական մարդիկ եկել եւ իրենց համար թշնամի երկրում հանքարդյունահանմամբ են զբաղվում: Հայաստանում հանքավերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններից շատերն արհամարհում են ՀՀ բնապահպանական եւ, ընդհանրապես, օրենսդրության պահանջները: Այն, ինչ անում են, առավելապես գաղտնաբար են անում, եւ հիմնական փաստաթղթերը մատչելի չեն ոչ միայն հասարակության, այլեւ պետական պաշտոնյաների մի մասի համար, ովքեր մտահոգ են խնդրով»:

Իրոք, աշխարհում կան նոր տեխնոլոգիաներ, կա պղինձն ու մոլիբդենն արդյունահանելու այլընտրանքային ճանապարհ: Նորություն չէ, որ հանքավայրերը լինում են բաց եւ փակ, շահագործվում են բաց եւ փակ եղանակներով: Փակ շահագործումը, բացի համեմատ, ծախսատար է, ավելի մեծ ներդրումներ է պահանջում, բայց փոխարենը թույլ է տալիս խուսափել անտառահատումից: «Հայկական պղինձ» ընկերությունն ընտրել է հանքավայրի բաց շահագործման տարբերակը: Ըստ խնդրին իրազեկ պաշտոնյաներից մեկի' պատճառաբանությունն այն է, թե փակ շահագործման դեպքում ծախսերը չափազանց մեծ են ստացվում, ներդրումների եւ շահույթի հարաբերակցությունն անիմաստ է դարձնում այդ ձեռնարկումը: Ամբողջ աշխարհում մետաղական հանածոների փակ արդյունահանման տարբերակը նույնպես շահավետ է եւ իրեն կարող է արդարացնել, հետեւաբար չափազանց տարօրինակ է, որ Հայաստանում, ուր աշխատուժը շատուշատ երկրների համեմատ էժան է, հակառակ կերպ է ներկայացվում: Համենայնդեպս, այսպես է դա, թե ոչ, կարող է պարզել միայն համապատասխան ուսումնասիրությունը կամ փորձաքննությունը: Բնապահպանական փորձաքննությունը վերը նշված հարցի պատասխանը չի կարող տալ, անհրաժեշտ է երկրաբանական փորձաքննություն: Քանի որ գիտական հարցերով ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատուն մեր երկրի ԳԱ ակադեմիան է, կարծում ենք, որ այդ փորձաքննությունը պետք է հանձնարարվի Ակադեմիայի երկրաբանության ինստիտուտին, եւ ոչ մի դեպքում' Բնապահպանության նախարարությանը կամ վերջինիս Ընդերքի վարչությանը: Նշված վարչությունը պարզապես կարող է տալ նախարարի ակնկալություններին համապատասխանող եզրակացություն:

Ընդհանուր առմամբ, քանի՞ հեկտար անտառի հատում են պահանջում Թեղուտի հանքավայրի բացել-շահագործելը եւ կորզման ֆաբրիկա կառուցելը: «Հայկական պղինձ» ընկերությունը մինչեւ հիմա դիմե՞լ է «Հայանտառ»-ին, արդյոք կատարվե՞լ է որեւէ հաշվարկ, ուսումնասիրություն, թե այնտեղ քանի հեկտար անտառ կա, ի՞նչ ծառատեսակներ են: Պատասխանելով մեր այս հարցերին' ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասաց. «Այդ տարածքը մենք չենք գնահատել, որովհետեւ այդպիսի պահանջ մեզ չի ներկայացվել: Ուղղակի ինքներս նայել ենք: Ընդհանուր տարածքը, որ իրենք ուզում են վերցնել, ներառել այդ գոտու մեջ, մոտ 2000 հեկտար է, որից մոտ 360 հեկտարը համայնքի հողերն են (ոչ անտառածածկ), իսկ անտառային ֆոնդի հողերը մոտ 1600 հեկտար են: Դրանից 1200 հեկտարից ավելին անտառածածկ տարածք է: Ըստ ընկերության ներկայացուցչի' ավելի քան 1200 հեկտարից մոտ 600 հեկտարն է ենթակա հատման: Մնացածը մնում է որպես պահպանիչ գոտի եւ այլն: Դա առայժմ առաջարկ է: Իհարկե, ստեղծված է հանձնաժողով' այս հարցը քննարկելու համար»:

Խնդրի առնչությամբ Ռ. Պետրոսյանի տեսակետը հետեւյալն է. «Կարծում եմ' այս հարցը պետք է լրջորեն քննարկվի, եւ փորձաքննություն կատարվի, ընդ որում' ոչ միայն էկոփորձաքննություն, այլեւ համապատասխան ինստիտուտները, երկրաբանները պետք է պարզեն, թե իրականում հանքաքարի ինչ պաշար կա, արդյոք հնարավո՞ր է դա ստորգետնյա ձեւով (փակ հանքի տարբերակով) շահագործել, թե՞ հնարավոր չէ, շահավետ կլինի՞ դա, թե՞ ոչ: Իմ կարծիքով' պետք է բաց քննարկում լինի, միայն բաց քննարկումից պարզ կլինի, թե պետությունը գնու՞մ է այդ քայլին, թե՞ ոչ: Նախ' պետք է գնահատել, թե առաջարկն ընդունելու դեպքում ի՞նչ վնաս ենք ունենալու, միայն դրանից հետո պետք է փոխհատուցման մասին խոսել, որոշել, թե ինչ փոխհատուցում պետք է լինի եւ ինչպես: Փոխհատուցման սկզբունքները դեռ ճշտված չեն, անորոշություն է, այնուամենայնիվ, տարբեր մոտեցումներ կան: Օրինակ' ավելի մեծ մակերեսի անտառ տնկելը, որոշակի թիվը դեռ չկա»:

Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետի' այս գործը հնարավոր չէ ծածկադմփոցի անել եւ, որքան ինքը տեղյակ է, տրամադրված էլ չեն այդ կերպ վարվելու:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն' Թեղուտի անտառ են այցելել նաեւ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Սակայն թե' «Հայանտառը», թե' Գյուղատնտեսության նախարարությունը իրենց վերաբերմունքը պաշտոնապես դեռ չեն արտահայտել:

Թեղուտի անտառում կան Հայաստանի եւ միջազգային Կարմիր գրքերում գրանցված մի շարք ծառեր, բույսեր եւ այլ կենդանիներ, որոնք ոչնչացման սպառնալիքի տակ են հայտնվել:

շարունակելի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter