HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մութ ամպեր Թեղուտի գլխին

Սկիզբը' Մութ ամպեր Թեղուտի գլխին

Հայաստանի երբեմնի անտառների շատ քիչ մասն է այսօր մնացել: Հատկապես վերջին 15 տարում անտառները սկզբում մեր երկրի շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի, ապա նաեւ մարդու անխոհեմ ու շահամոլ վարմունքի զոհը դարձան: Որոշ ընկերություններ, բիզնեսի մոլուցքով տարված, անտառը հատեցին շինափայտ ստանալու նպատակով, չնայած մեր երկրում արդյունաբերական նպատակներով անտառի հատումն արգելված է: Բացառությամբ Շիկահողի արգելոցի, մասնավորապես նրանում գտնվող Մթնաձորի անտառի, այսօր Հայաստանում չկա որեւէ անտառ, որ այս կամ այն չափով բզկտված չլինի: Գործելակերպը հետեւյալն է' անտառի եզրերը, արտաքինից տեսանելի մասը թողնում են, իսկ ներսում արդեն անխնա հատում:

Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ գտնվող, մոտ 1300 հեկտար մակերեսի վրա տարածվող բնական անտառում նույնպես ապօրինի հատումներ են կատարվել, բայց անհամեմատ քիչ, քան, ասենք, նույն մարզի Ջիլիզայի անտառտնտեսությունում: Այդ տեղեկությունը հաստատեց նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Տեղի բնակիչներին հիմնականում հաջողվել է պահպանել անտառը: Բացի այդ, անտառն ապօրինի հատողներն իրենց համար ավելի հարմար, աչքից հեռու վայր են գտել' հանձին հենց նույն æիլիզայի անտառտնտեսության չվերահսկվող հայ-վրացական սահմանամերձ հատվածի:

Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոչնչացման սպառնալիքը կախվել է նաեւ Թեղուտի անտառի գլխին: «Հայկական պղինձ» ընկերությունը նպատակ ունի Թեղուտի անտառի գրեթե կեսը' մոտ 600 հեկտար, հատելու գնով այնտեղ բացել-շահագործել անտառի տակ' ընդերքում գտնվող պղնձի եւ մոլիբդենի պաշարները, ինչպես նաեւ կառուցել այդ մետաղների կորզման ֆաբրիկա (Տես նաեւ' Մութ ամպեր Թեղուտի գլխին):

«Պետք է փակ եղանակով աշխատել, այդ դեպքում մենք էլ գոհ կլինենք, իրենք էլ: Սակայն ուզում են միանգամից հարստանալ շահագործման ամենաէժան տարբերակով,-ասաց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:-Սա Հայաստանում տարածված պրակտիկա է, դրա համար էլ տարբեր ընկերությունների, կազմակերպությունների հետ անընդհատ կոնֆլիկտների մեջ ենք: Ի՞նչ է պատահել, թող ժամանակակից մեթոդներ ընտրեն, որ բնությունը չտուժի այնպես, որ մենք անտառ կորցնենք, իրենք էլ իրենց գործն անեն: Ինչ վերաբերում է Թեղուտում պղնձի եւ մոլիբդենի կորզման ֆաբրիկայի կառուցմանը, պետք է նախագիծը տեսնել: Այնուամենայնիվ, Ալավերդու վիճակը, որտեղ «Հայկական պղինձ» ընկերությունը շահագործում է նույն մետաղների կորզման ֆաբրիկան, հիմա շատ ծանր ու մտահոգիչ է»:

ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ասելով' Թեղուտի անտառում չկան Կարմիր գրքում գրանցված ծառեր, չկա ընկուզենի, իսկ արժեքավոր ծառատեսակները քիչ են: Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության եւ աշխարհագրության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի հավաստմամբ' Թեղուտում կա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ ընկուզենի, որը կրճատվող ծառատեսակ է: Չնայած դրան' մինչեւ 2005թ. այս արժեքավոր ծառատեսակի բնափայտը Հայաստանից արտահանվում էր: Հատկապես Բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանի պաշտոնավարության օրոք կիլոգրամը 6 ԱՄՆ դոլարով Եվրոպա էր արտահանվում նույնիսկ հայաստանյան ընկուզենու կոճղարմատը, որտեղ այն օգտագործվում էր ավտոմեքենաների ներքին հարդարման նպատակով:

Բացի ընկուզենուց, Թեղուտի անտառում կան դարձյալ նույն գրքում գրանցված Տրաուտվետերի թխկի (կրճատվող ծառատեսակ), ինչպես նաեւ կովկասյան խուրմա' էբենազգիներից, որն առաջին կարգի պատկանելություն ունի եւ դեռ 1989-1990թթ. պաշտոնապես համարվել է խիստ հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող ծառատեսակ:

Է. Գաբրիելյանը տեղեկացրեց նաեւ, որ Թեղուտում կան Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տարբեր բուսատեսակներ, մասնավորապես' շքանարգիզազգիների (amaryllidaceae) ընտանիքից Արտյուշենկոյի ձմեռնածաղիկ (էնդեմիկ է, այսինքն' ամբողջ աշխարհում միայն Հայաստանում է աճում, Կարմիր գրքում թյուրիմացաբար գրանցված է այլ անվան տակ' galanthus transcaucasicus ) , նեխուրազգիներից' Կոզո-Պոլյանսկու եզնակող (դարձյալ էնդեմիկ է եւ Հայաստանում էլ խիստ հազվագյուտ հանդիպող), տերուկազգիներից' Մարշալի պոպուլիկ, հիրիկազգիներից' Ադամի քրքում, շնդեղազգիներից' միայն Հայաստանում աճող Միրզոեւայի ձնծաղիկ, խոլորձազգիներից' ղանձլամերային կծկծուկ, չզարգացած լիմոդորում, իսկական թռչնաբուն, կանաչածաղիկ թիթեռնկախոլորձ, երկարատերեւ եւ կարմիր եղբորոսիններ, կծկծուկ, կապիկի եւ արական խոլորձներ, Ռրվիլի դակտիլորիզ: Է. Գաբրիելյանը նշեց, որ բոլոր խոլորձազգիները, անկախ տարածաշրջանային երկրների Կարմիր գրքերում իրենց կարգավիճակներից, միջազգային մակարդակով պահպանվում են որպես առանձնահատուկ խոցելի բույսեր: Ինչ վերաբերում է Կոզո-Պոլյանսկու եզնակողին, ապա այժմ համապատասխան աշխատանքներ են տարվում, եւ առաջիկայում այն, ամենայն հավանականությամբ, կգրանցվի նաեւ Միջազգային Կարմիր գրքում:

Բուսաբանական ընկերության նախագահը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Թեղուտում կա նաեւ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված խոշորատերեւ պախիֆրագմա, որը Հայաստանի համար Խաչածաղկավորների ընտանիքի նոր ցեղ է: Այն մեր երկրում խիստ հազվագյուտ է, հայտնաբերված միայն Թեղուտ գյուղի շրջակայքում' Խառատաձորում, որը հիշյալ ձեռնարկի իրականացման դեպքում ծածկվելու է թափոններով:

Դեռ այս տարվա սեպտեմբերի սկզբներին «Հայկական պղինձ» ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանին բնապահպանական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի անունից ուղարկվել է նամակ, որում անհանգստություն է հայտնվել Թեղուտ գյուղի մոտակայքում' Շնող գետի ավազանում, պղնձա-մոլիբդենային հանքաքարի բաց արդյունահանման համար անտառի հնարավոր ոչնչացման կապակցությամբ:

Այդ տեղեկությունը ճշտելու եւ խնդրի քննարկման համար Վ. Մեժլումյանը հրավիրվել է հանդիպման, սակայն որեւէ պատասխան նշված նամակին չի հետեւել:

«Շատ ցավալի է, որ այսօր մեր ղեկավարները եւ, այսպես կոչված, բիզնեսմենները հոգով եւ մտքով այդքան հեռու են մեր անտառներից,-ասաց Է. Գաբրիելյանը:-Նրանց համար առաջնայինը փողն է, եկամուտը, որ ակնկալում են ստանալ, բայց բոլորովին չեն մտածում, որ սա հանգեցնելու է անապատացման, ինչպես, օրինակ, Վանաձորում: Չկա նախկին անտառը, շատ նոսրացած է, եւ այն սեւահողը, որը կարող է բերրի լինել բոլորի համար, անձրեւի դեպքում քշվում, գնում է քաղաքի մեջ: Նույնը հիմա կատարվում է Իջեւանի շուրջ, քանի որ անտառը համարյա վերացել է, մինչդեռ սարերի թեքությունը շատ մեծ է: Առանց ծառերի, անտառի, հողն անձրեւից քշվելու, տարվելու է: Եվ եթե Հայաստանի այդ չքնաղ վայրերն այսպես շարունակեն ոչնչացնել, ցամաքելու են նաեւ աղբյուրները, քանի որ անտառը ջրահավաք դեր ունի: Այդ աղետն արդեն իսկ իրողություն է նույն Լոռիում' Աթան գյուղի շրջակայքում: Այնտեղ կար մի փոքրիկ լճակ, որի շուրջ վեց կամ վեցից ավելի աղբյուրներ էին: Բոլորը չորացած են հիմա, որովհետեւ վերեւի մասի անտառը հատվել է:

Բացի Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մի շարք ծառերից, ծաղիկներից եւ այլ բուսատեսակներից, Թեղուտում կա նաեւ Արտյուշենկոյի ձմեռնածաղիկ, որը շատ հազվագյուտ բույս է' բացառիկ գեղեցկություն ունեցող: Այն ես եմ հայտնաբերել եւ անվանակոչել ի հիշատակ Պետերբուրգում ապրող, համաշխարհային ճանաչում ունեցող մեծ գիտնական (բուսաբան) Արտյուշենկոյի, որը, ցավոք, մի քանի տարի առաջ մահացավ: Արտյուշենկոյի ձմեռնածաղիկը շքանարգիզազգիների ընտանիքին է պատկանում, իսկ այդ ընտանիքի վերաբերյալ նույնիսկ միջազգային կոնվենցիա կա: Եվ երբ Լոնդոնի Քյու Գարդենսի համալսարանի իմ կոլեգաներին տարա այդ ընտանիքի ներկայացուցչի (Արտյուշենկոյի ձմեռնածաղկի) մի քանի սոխուկ, նրանք, չնայած շատ գոհ էին, որ տարել եմ, միաժամանակ զայրացան, թե ես ինչպե՞ս եմ, իմանալով կոնվենցիայի մասին, տեղափոխել այդ բույսի սոխուկները: Մի պահ նույնիսկ չէին ուզում նվերն ընդունել: Թերեւս արդեն ավելորդ է ասել, թե միայն Հայաստանում աճող, համենայն դեպս առայժմ միայն մեր երկրում հայտնաբերված այդ բույսը որքան մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար:

Բացարձակապես անթույլատրելի է Թեղուտի անտառի վայրում հանքավայրի շահագործումը: Ուղղակի ափսոս է այդ գեղեցիկ, հոյակապ անտառը, դրա ոչնչացումը սրբապղծություն կլինի: Ի դեպ, այդ նույն Մեժլումյանը, որը գնել է Ալավերդու ձեռնարկությունը (պղնձի եւ մոլիբդենի կորզման ֆաբրիկան.- Ա. Հ.), նույնիսկ ֆիլտրեր չի դրել, որոնք գոյություն ունեին դեռ խորհրդային ժամանակներում: Թունավոր նյութերը թափվում են ժողովրդի վրա, եւ հիվանդությունները տարածված են այնտեղ:

Եթե Թեղուտում հանքավայրի բաց մշակում լինի, Շնող գետի ամբողջ ավազանը կթունավորվի' հասնելով մինչեւ Դեբետ, որն առանց այն էլ թունավորված է Ալավերդու ֆաբրիկայի պատճառով: Չմոռանանք, որ Դեբեդը լցվում է Կուր (Քուռ) գետը, որն էլ թափվում է Կասպից ծով, այսինքն' այդ ծրագրի իրականացման դեպքում մենք ջրերի անդրսահմանային աղտոտվածության համար մեղավոր ու միջազգային հանրության առջեւ պատասխանատու կլինենք»:

Գիտնականի խոսքից հասկանալի է, որ Թեղուտում վերոհիշյալ մոտ 600 հեկտարը անտառի սոսկ այն մասն է, որը հատման ենթակա է միայն հանքավայրը բացել-շահագործելու եւ կորզման ֆաբրիկայի կառուցման ու շահագործման համար: Այսօր որեւէ մեկը չի կարող ասել, թե անտառի մնացած մասից քանի հեկտար կոչնչանա կորզման ֆաբրիկայի արտանետումների հետեւանքով: Թեղուտի անտառի հատումն անթույլատրելի է նաեւ այնտեղ գտնվող եւ Կարմիր գրքում գրանցված կենդանական աշխարհի ներկայացուցիչներին սպառնացող վտանգը նկատի ունենալով:

«Այնտեղ կան քարարծիվ եւ օձակեր արծիվ, երկուսն էլ, որպես անհետացող տեսակ, գրանցված են Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքերում: Այդ թռչունները հաշվառման մեջ են նաեւ միջազգային Կարմիր գրքում: Կան նաեւ մի շարք այլ, մանր թռչուններ, որոնք գրանցված են միայն Հայաստանի Կարմիր գրքում»,-ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ կենսաբանության ինստիտուտի կենդանաբանական թանգարանի վարիչ Մարտին Ադամյանը:

«Լոռու մարզի անտառներում, այդ թվում եւ' Թեղուտում, կա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջ: Կա նաեւ կխտար, որը թեեւ 80-ականների վերջին հրատարակված Կարմիր գրքում չկա, բայց այժմ նույնպես վերացման վտանգի տակ է: Որպես բնապահպան' սկզբունքորեն դեմ եմ Թեղուտի անտառի հատմանը, դա ծանր հարված կլինի բնությանը: Այո, մեր երկիրը տնտեսական խնդիրներ էլ ունի, որոնք նույնպես պետք է լուծել, բայց ես չեմ հասկանում' Թեղուտի անտառի տակ եղած օգտակար հանածոներն ինչու՞ չի կարելի արդյունահանել առանց անտառը հատելու, թունելի միջոցով, ստորգետնյա եղանակով, այսինքն' փակ հանքի տարբերակով: Որքան տեղյակ եմ, «Հայկական պղինձ» ընկերությունը բացի Թեղուտի անտառի տարածքում հանքավայր բացելուց, նպատակ ունի նաեւ այնտեղ կորզման ֆաբրիկա կառուցել, որը պարզապես կարող է ապականել եւ թունավորել շրջակա միջավայրը: Իսկ եթե այդ ֆաբրիկան նոր տեխնոլոգիաներով է աշխատելու, ունենալու է ժամանակակից ֆիլտրեր, այսինքն' եթե այդպիսի խոստումներ են տալիս, ապա «Հայկական պղինձ» ընկերությունն ինչու՞ համապատասխան ֆիլտրեր չի տեղադրում իր կողմից շահագործվող Ալավերդու պղնձա-մոլիբդենային ֆաբրիկայում, որն ահավոր վնասներ է հասցրել ու հասցնում շրջապատին, տեղաբնակների առողջությանը: Շատ կանայք այնտեղ դատապարտվել են չբերության, զրկվել մայրանալու երջանկությունից, քիչ չեն նաեւ շնչառական համակարգի եւ այլ հիվանդություններով տառապողները»,-ասաց Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Անտառը սոսկ ծառերի մեխանիկական հանրագումար չէ, այն շատ բարդ մի էկոհամակարգ է' բուսական եւ կենդանական իր ուրույն աշխարհով հանդերձ: Այս առումով, անկախ նրանից, թե ֆինանսական փոխհատուցման ինչ խոստումներ կտան «Հայկական պղինձ» ընկերության ղեկավարները կամ ներկայացուցիչները, հետագայում քանի ծառ կտնկեն մեկ այլ վայրում, միեւնույն է, Թեղուտի անտառին կամ, թեկուզ, ուղղակի հատման ենթակա նրա մոտ կեսին համարժեք վերականգնում ապահովել հնարավոր չի լինի:

Ի վերջո, Թեղուտի անտառի հատումն անթույլատրելի է նաեւ այն պատճառով, որ դա ամենակոպիտ խախտումը կլինի «Անապատացման դեմ պայքարի մասին» եւ «Կենսաբազմազանության մասին» միջազգային կոնվենցիաների, որոնց Հայաստանը միացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter