HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայ մարմնավաճառները Թուրքիայում

Մի քանի ամիս առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթներից մեկում նշեց, որ Թուրքիայում գտնվում են մոտ 4 0 հազար հայաստանիցիներ: Ի՞նչ են անում այդքան հայերը Թուրքիայի տարբեր բնակավայրերում: Հիմնական մասը զբաղվում է առեւտրով, աշխատում են սպասարկման ոլորտներում եւ, որքան էլ ցավալի է, ընդգրկված են սեքս-բիզնեսում: Ինչու՞ են հայ կանայք հայտնվում մի երկրում, որի հետ Հայաստանն անգամ դիվանագիտական հարաբերություններ չունի:

Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներն իրենց պետությունից որեւէ աջակցություն ակնկալել չեն կարող, եթե նրանց իրավունքները Թուրքիայում ոտնահարվեն, կամ եթե, ասենք, դառնան դժբախտ պատահարի զոհ: Ու թեեւ Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն այս երկիր մուտք գործելը հայերի համար ամենահեշտն ու էժանն է:

Երեւանի կենտրոնում կան տարբեր տուրիստական գործակալություններ, որտեղից շատ հանգիստ կարելի է ստանալ Թուրքիա մուտքի վիզա եւ Հայաստանի տարբեր քաղաքներից ավտոբուսով մեկնել Թուրքիայի ցանկացած վայր: Ամենից շատ գնում են հենց ավտոբուսով:

Հայաստանի իշխանություններին հայտնի չէ Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց թիվը: Մեր նախնական ուսումնասիրություններով' Թուրքիայում հայ կանայք ավելի շատ են, քան Արաբական միացյալ էմիրություններում: Այն, որ մարմնավաճառությամբ զբաղվել կանանց ստիպում է կարիքը, միանշանակ է:

Մարմնավաճառության ճանապարհն ընտրում են հիմնականում սոցիալական կարիքի մեջ գտնվողները, այն կանայք, ովքեր չեն կարողանում կերակրել իրենց երեխաներին կամ ծնողներին:

Նոյեմբերի 24 - ին Վանաձոր քաղաքում ավարտվեց մի դատավարություն: Ամբաստանյալը Վանաձոր քաղաքի բնակչուհի Ռուզաննա Մովսիսյանն է: Լոռու մարզի 1- ին ատյանի դատարանը (դատավոր' Բորիկ Գրիգորյան) Ռ. Մովսիսյանին հանցավոր է ճանաչել ՀՀ Քր.օր-ի 132 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով (Մարդկանց առեւտուր) եւ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով:

Երկու անչափահաս երեխա ունեցող Ռ. Մովսիսյանը սոցիալապես ծանր վիճակում էր: Ամուսինը տարիներ առաջ գնացել է Ռուսաստան, եւ առայսօր ընտանիքը նրանից որեւէ լուր չունի: Ընտանիքի ամբողջ հոգսը 3 3- ամյա Ռուզաննայի ուսերին էր: Եւ ահա, մի օր նա իր ընկերուհու' Անուշի հետ մեկնել է Թուրքիա' զբաղվելու մարմնավաճառությամբ:

Քննությամբ չի պարզվել, թե ով է Անուշը, քրեական գործում հենց այդպես էլ գրված է' «ոմն Անուշ»: Ռուզաննան նրա մասին գրեթե ոչինչ չի պատմում: Թե ինչպես են երկու ընկերուհիները հայտնվել Թուրքիայում, քննիչները իրականում չեն պարզել:

Թուքիայում կան մի քանի տասնյակ կավատներ, ովքեր Հայաստանում ունեն իրենց հավաքագրողները: Հայաստանի փոքր քաղաքներում նրանց մասին գիտեն գրեթե բոլոր բնակիչները: Սակայն նրանք ազատ գործում են ու մնում անպատիժ: Դրան կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:

Ռ. Մովսիսյանը եւ ընկերուհին մարմնավաճառությամբ զբաղվել են սկզբում Տրապիզոն քաղաքի հյուրանոցներից մեկում, այնուհետեւ ազգությամբ թուրք Մուրատի եւ նրա սիրուհի Արզուի հսկողությամբ տեղափոխվել են Կոնյա քաղաք եւ վերջիններիս ղեկավարությամբ այնտեղ շարունակել զբաղվել մարմնավաճառությամբ:

Մուրատն ու Արզուն Ռուզաննա Մովսիսյանին առաջարկել են Հայաստանից աղջիկներ հավաքագրել եւ բերել Կոնյա' մարմնավաճառությամբ զբաղվելու: Ռուզաննան համաձայնել է եւ զանգել իր ծանոթներից մեկին' Վանաձորի խորտկարաններից մեկում մատուցողուհի աշխատող Ա. Վ.-ին: Նա նույնպես ծանր սոցիալական վիճակում էր եւ ամուսնալուծված:

Ռուզաննան հեռախոսազրույցում Ա. Վ.-ին սրճարանում բարձր աշխատավարձով աշխատելու առաջարկություն է արել: Վերջինս էլ համաձայնել է եւ մեկնել Տրապիզոն, այնտեղից էլ' Կոնյա: Ա.-ին թուրք գործընկերների հետ դիմավորել է Ռուզաննան եւ տեղափոխել մի բնակարան, որտեղ նրան հսկում էին երիտասարդ թուրքեր:

Հենց այդ բնակարանում Ռուզաննան Ա.-ին հայտնել է, որ նա պետք է զբաղվի մարմնավաճառությամբ: Ա.-ն հրաժարվել է եւ պահանջել իրեն վերադարձնել Հայաստան: Թուրքերը խոստացել են նրան ազատ արձակել, եթե վերադարձնի իր փոխադրման ծախսերը:

Մուրատը եւ Արզուն վերցրել են Ա.-ի անձնագիրը, որպեսզի նա չկարողանա փախչել: Ա.-ն ստիպված զբաղվել է մարմնավաճառությամբ: Պարտքերը վերադարձնելուց եւ խոստում ստանալուց հետո, թե հայրենիք վերադառնալով կհավաքագրի կանանց, Ա.-ին բաց են թողել:

Նա վերադարձել է Տրապիզոն, այնտեղ բնակվող հայ կանանց հագուստները լվանալով փող աշխատել եւ 2 005 թ.օգոստոսին վերադարձել Հայաստան: Ա. Վ.-ն Թուրքիայում մնացել է մոտ 20 օր:

Դատարանում Ռուզաննա Մովսիսյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ռուզաննան կազմակերպիչ չէր, ինքն էլ ինչ-որ մարդկանց ցանցում է հայտնվել ու հասել Թուրքիա: Քննիչները չեն պարզել, թե ինչպես է Ռուզաննան հայտնվել Թուրքիայում, եւ թե ով է նրան եւ ընկերուհուն տարել Վանաձորից:

Դատարանը կարող էր բացառիկ հանգամանք համարել այն, որ Ռուզաննան երկու անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը տառապում է երեւանյան հիվանդությամբ:

4 տարի ժամկետով ազատազրկելով երկու անչափահասների մորը' Ռուզաննա Մովսիսյանին, դատարանը բնավ որեւէ հարց չլուծեց: Ո՞վ պետք է կերակրի այդ երեխաներին: Եւ ո՞վ է մեղավոր, որ երեխաներին կերակրելու համար մայրը ստիպված էր իր մարմինը հանել վաճառքի, այն էլ' Թուրքիայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter