
Մարդկանց առեւտրի դեմ պայքարը Հայաստանում
Տեղեկանք
2005թ. ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ներկայացրած «Աշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին» տարեկան հաշվետվությունում Հայաստանը դասեց հատուկ վերահսկման կարիք ունեցող երկրների շարքը:
2005թ. մարտի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում որոշվեց դատախազության քննչական վարչությունում ստեղծել մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժին:
2004թ. մարտի 30-ին ՀՀ կառավարությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը համատեղ ստորագրեցին «Մարդկանց առեւտրի դեմ պայքարի ծրագիր. օժանդակություն հզորացումների զարգացմանը եւ աջակցություն տուժյալներին»:
2004թ. հունվարի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ-ից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման եւ առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թթ. գործողությունների ազգային ծրագիրը:
2003թ. օգոստոսից գործող ՀՀ Քրեական նոր օրենսգրքով մարդկանց առեւտուրը քրեորեն պատժելի է (հոդված 132):
2003թ. մարտի 25-ին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան»:
2002թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց Միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ՀՀ-ից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղավորման ու առուվաճառքի հետ կապված հարցերը եւ առաջարկներ ներկայացնի:
2002թ. թրաֆի կ ինգը արժանացավ ՀՀ կառավարության ուշադրությանը, քանի որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հաշվետվությունում Հայաստանը դասվեց երրորդ կարգի' երեւույթին ուշադրություն չդարձնող եւ համապատասխան կանխարգելիչ քայլեր չձեռնարկող երկրների շարքը:
Հակաթրաֆիկինգային ծրագրերը
«Ամեն ինչ սկսվեց 2001թ., երբ մենք թրաֆիկինգի 59 զոհերի հանդիպեցինք, քննարկեցինք դեպքերը եւ հաշվետու եղանք ՀՀ կառավարությանը: Սակայն ՀՀ կառավարությունը գտավ, որ Հայաստանում թրաֆիկինգ գոյություն չունի եւ վաղ է խոսել այդ «ժամանակակից ստրկության» մասին: Միայն Պետդեպարտամենտի զեկույցից հետո կառավարությունը քայլեր ձեռնարկեց, որին ակտիվորեն մասնակցել եւ մասնակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)»,-ասում է ՄՄԿ ծրագրերի պատասխանատու Հրաչ Կաժոյանը:
ՄՄԿ երեւանյան գրասենյակը 2002թ.-ից ծրագրեր է իրականացնում մի քանի ուղղություններով' հյուպատոսական ծառայությունների աշխատակիցների վերապատրաստում, վերապատրաստում եւ տեխնիկական աջակցություն իրավապահ մարմինների թրաֆիկինգի կանխման կարողությունների զարգացման համար, հանրության իրազեկության բարձրացում եւ աջակցություն թրաֆիկինգի զոհերին:
«Սկզբում բոլորն էլ թյուր պատկերացում ունեին խնդրի մասին: Հիմա կարող եմ ասել, որ սեմինարները, կլոր սեղանները, գործուղումները, այլ երկրների փորձագետների հետ շփումը տվել են իրենց արդյունքը. պետական համապատասխան կառույցների աշխատակիցները գիտեն' ինչ է թրաֆի կ ինգը եւ ինչ կանխարգելիչ քայլեր կարելի է անել»,-ավելացրեց Հրաչ Կաժոյանը:
ՄՄԿ-ն օժանդակել է «Հույս եւ օգնություն» տեղական ՀԿ-ին' օգնելու թրաֆիկինգի զոհերին. հեռախոսային թեժ գիծ, ապաստարան, զոհերին իրավաբանական, բժշկական եւ հոգեբանական օգնություն:
«Աշխատել ենք 32 հոգու հետ: Բավականին դժվար է ոչ միայն շփման մեջ մտնել զոհի հետ, այլ նաեւ բացատրել ու հասկացնել, որ ինքը թրաֆիկինգի զոհ է: Նրանց աջակցում ենք ինչով հնարավոր է' փաստաթղթերի ձեւակերպումից մինչեւ ապաստարանում տեղավորելը: Այս կարգի աջակցության ծրագրերի կարիք Հայաստանն ունենալու է մինչեւ մարդկանց համար միգրացիան դադարի երազանք լինել»,-ասաց «Հույս եւ օգնություն» ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանը:
2004թ. մարտին ՀՀ կառավարությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) համատեղ ստորագրեցին «Մարդկանց առեւտրի դեմ պայքարի ծրագիր. օժանդակություն հզորացումների զարգացմանը եւ աջակցություն տուժյալներին» ծրագիրը: ՄԱԶԾ-ն ծրագիրն իրականացնում է ՄՄԿ-ի եւ ԱՄՔՈՐ կազմակերպության Հայաստանի գրասենյակի (Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե) հետ համագործակցությամբ: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ. օժանդակություն հզորացումների զարգացմանը, իրազեկության բարձրացում եւ աջակցություն զոհերին:
Նորվեգիայի եւ Նիդերլանդների կառավարություններն այս ծրագրի իրականացմանն են տրամադրել 650 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրն ավարտվում է 2006թ. մայիսին, սակայն ամենայն հավանականությամբ այն կունենա շարունակություն:
ՄԱԶԾ-ն աջակցում է կառավարությանը հակաթրաֆիկինգային ճիշտ քաղաքականության մշակման գործում' օրենսդրական բարեփոխումներ, տուժյալների բժշկական աջակցության եւ վերաինտեգրման մեխանիզմների մշակում, կարողությունների գնահատում, տարածաշրջանային համագործակցության հզորացում եւ այլն: Արդյունավետ եւ համակարգված աշխատանք ծավալելու համար ստեղծվել է տեղական եւ տարածաշրջանային ՀԿ-ների,խնդիրը լուսաբանող լրագրողների եւ լրագրողական կազմակերպությունների ցանց:
«Հզորացումների զարգացման շրջանակում փորձում ենք ստեղծել արդյունավետ շրջանակ բոլոր գործող կառույցների միջեւ' կառավարություն, ՀԿ-ներ եւ միջազգային կառույցներ: Ծրագրի «իրազեկության բարձրացում» մասով աշխատում են նաեւ ՄԱԶԾ-ի ենթակապալառու գործընկերներ ԱՄՔՈՐ-ն ու ՄՄԿ-ն»,-ասում է ՄԱԶԾ-ի հակաթրաֆիկինգային ծրագրի պատասխանատու Աիդա Ղազարյանը:
«Այս ծրագրի մեր մասը մենք կոչել ենք «Աջակցություն մարդավաճառության զոհերին» եւ իրականացնում ենք' սերտորեն համագործակցելով «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ-ի հետ: Սկիզբը բավականին դժվար էր. թրաֆիկինգի զոհերի հետ առնչվող պետական տարբեր կառույցների աշխատակիցներ չէին տարբերում մարմնավաճառությունը թրաֆիկինգից, զոհերը չէին գիտակցում, որ զոհ են: Հիմա իրավիճակն այլ է. սոցաշխատողները, բժիշկները գիտեն, թե ինչպես վերաբերվել մարդուն, ով է դարձել թրաֆիկինգի զոհ, իսկ զոհերն էլ արդեն վստահում են մեզ»,-բացատրեց այդ ծրագրի ղեկավար Վիկտորիա Ավակովան:
ԱՄՔՈՐ-ն աշխատում է մի քանի ուղղություններով' իրազեկության բարձրացում, զոհերին աջակցություն եւ դասընթացներ սոցիալական աշխատողների, զբաղվածության գործակալությունների եւ պոլիկլինիկաների աշխատակիցների համար: 2004թ. հուլիսից գործում է զոհերի աջակցության թեժ հեռախոսագիծ: Մինչեւ հիմա ընդունած 1000-ից ավելի հեռախոսազանգերի 16 տոկոսը եղել են հենց թրաֆիկինգի կամ դրան առնչվող դեպքեր: Զոհերին աջակցում են խորհրդատվությամբ եւ կացարանով:
«Այս ընթացքում աշխատել ենք 14 հոգու հետ: Անկախ նրանից' զոհը կմնա՞ մեր կացարանում, թե՞ ոչ, մեր մասնագետները ցուցաբերում են իրավաբանական, հոգեբանական եւ բժշկական աջակցություն: Այս ամենից հետո մենք չենք հրաժարվում զոհից: Համագործակցում ենք զբաղվածության կենտրոնների հետ, եթե հարմար աշխատատեղ է լինում, մենք համապատասխան դասընթացի ենք ուղարկում զոհին' աշխատանքի տեղավորելու հույսով»,-ասում է Վ. Ավակովան:
Իրազեկության բարձրացման համար ծրագրի շրջանակներում հայտարարություններ են եղել թերթերում եւ հոլովակներ են հեռարձակվել հեռուստատեսությամբ ու ռադիոյով, կազմակերպվել են նաեւ սեմինարներ ՀԿ-ների եւ մարզպետարանների աշխատակիցների համար:
Մարզերում աշխատում է նաեւ ՄՄԿ-ն' թրաֆիկինգի խնդրին ծանոթացնելով Համազգային թատրոնում բեմադրած «Այրվող մոմեր» ներկայացմամբ: Այն մի կնոջ պատմություն է, որը դարձել է թրաֆիկինգի զոհ: «Ներկայացումը ցույց ենք տալիս մարզերում: Արդեն 5 քաղաքներում' Գյումրիում, Չարենցավանում, Վանաձորում, Եղեգնաձորում եւ Գորիսում ցուցադրվել է: Ներկայացումից հետո քննարկում ենք թեման տեղական կազմակերպությունների հետ, ինֆորմացիա ենք նրանց տրամադրում, որպեսզի իրենք էլ տեղում աշխատեն: Երբեմն տեղական հեռուստաընկերությունները հաղորդումներ են պատրաստում այս թեմայի շուրջ: Տրամադրում ենք նաեւ ներկայացման տեսագրությունը, որպեսզի հետո էլ այն եթեր տրվի»,-ասում է ծրագրերի խորհրդատու Լուսինե Մելքոնյանը:
Մեկնաբանել