
Պոլսահայությունը՝ «կորուսյալ գառ» կամ «աուտսայդեր»
Ստամբուլի Բիլգի համալսարանի հայազգի դասախոս, սոցիոլոգ Արուս Յումուլն ասում է, որ եթե Օսմանյան կայսրության ժամանակ մահմեդականների գերակայությունը ոչ մահմեդականների նկատմամբ դասակարգերի հիերարխիկ բաժանում էր, եւ թաքցնելու որեւէ բան չկար, ապա 1923-ին հանրապետության հռչակումից հետո այդ տարբերությունը տեսականորեն վերացավ, սակայն մինչ օրս էլ Թուրքիայում երեւույթն առկա է ներքին, ոչ ակնհայտ կերպով: Մեկ այլ մասնագետ՝ Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (TESEV-Turkish Economic and Social Studies Foundation) դեմոկրատացման ծրագրի ղեկավարի օգնական Յոզգե Գենչը, նշում է, որ հայերի գլխավոր խնդիրն այսօր էլ մնում է այն, որ նրանք չեն դիտարկվում որպես թուրքական պետության իսկական քաղաքացիներ: «Նրանց միշտ իդենտիֆիկացնում են իրենց կրոնով եւ էթնիկ ծագումով»,- նշում է Գենչն ու հավելում, որ նման խնդիր ունեն նաեւ մյուս փոքրամասնությունները, սակայն հայերի դեպքում մի փոքր այլ կերպ է արտահայտվում:
Տարիներ շարունակ շրջանառվող տվյալների համաձայն՝ Թուրքիայում կա 60-70 հազար հայ քաղաքացի՝ չհաշված հատկապես Անատոլիայում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող կրիպտոհայերը (թաքնված հայերը), որոնք, տարբեր մասնագետների կարծիքով, բավականին շատ են: «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասում է, որ, չնայած թուրքական անձնագրերում գրվում է միայն քաղաքացու կրոնը, պետական համապատասխան մարմիններն ունեն նաեւ ազգությունների ներկայացուցիչների թվային տվյալները, քանի որ նրանց մոտ եղած փաստաթղթերում նշված է նաեւ տվյալ անձնագրի տիրոջ ազգը:
Լինելով ոչ մահմեդական ամենամեծ փոքրամասնությունը երկրում՝ հայերը քաղաքական ու հասարակական ոլորտներում ներկայացված չեն, պետական պաշտոններ չեն զբաղեցնում: Ըստ Յոզգե Գենչի՝ բավականին խնդիրներ է առաջացնում օրենսդրական դաշտը, պետական աշխատանքի ընդունվելու ընթացակարգը նույնպես բարդ է հայերի համար, պարտադիր գործում են անվտանգության նկատառումները: Հայեր կան Շիշլիի քաղաքապետարանում, բայց Շիշլին էլ Ստամբուլի այն շրջանն է, որտեղ հիմնականում ոչ մահմեդականներ են ապրում: Ազգային փոքրամասնություններով զբաղվող հանձնաժողովում, Գենչի փոխանցմամբ, հայ չկա, փոխարենը ներկայացուցիչ ունի ԱԳՆ-ն, որի խնդիրը պիտի դրսում ապրող թուրքերը լինեն, եւ առկա վիճակը զարմանալի է:
Միայն վերջերս կառավարության ԵՄ հարցերի գլխավոր քարտուղարությունում ծագումով հայ է աշխատանքի ընդունվել, սակայն, ըստ Յո. Գենչի, դա ընդամենը անհատական դեպք է: GPOT կենտրոնի (Global Political Trends Center-Գլոբալ քաղաքական միտումների կենտրոն) տնօրեն Մենսուր Ակգյունն էլ նշում է, որ առաջին հերթին հաշվի է առնվում ոչ թե պարզապես հայ լինելը, այլ գործնական շփումներն ու կապերը հայության հետ: Նրա տեղակալ Սիլվիա Տիրյակին հավելում է, թե հատկապես 1970-80-ական թթ. ԱՍԱԼԱ-ի գործողություններից հետո թուրքական «խոր պետությունը» խուսափում է հայերին բարձր պաշտոնների նշանակելուց: Բագրատ Էստուկյանը համաձայն չէ այս կարծիքի հետ. նա շեշտում է, որ անջրպետը գոյացավ ոչ թե ԱՍԱԼԱ-ի, այլ Ցեղասպանության պատճառով, ինչի մասին թուրքերը չեն խոսում:
Սոցիոլոգ Արուս Յումուլը նշում է, որ համայն հայության մեջ պոլսահայությունը նման է կորուսյալ գառի, «աուտսայդերի»: Սփյուռքի մյուս հատվածները եւ Հայաստանը պոլսահայությանը միշտ դիտարկել են իբրեւ պահպանողական մի շրջանակի, որի անդամները վախենում են պետությունից եւ մտածում են չասել ինչ-որ բան, որը կզայրացնի երկրի իշխանավորներին եւ բնակչությանը: Այսինքն՝ դրանք Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք չունեն սեփական քաղաքական կուսակցություններ, ընդհանրապես ներգրավված չեն հայկական քաղաքականության մեջ: Ստամբուլի հայերի վերաբերյալ տարածված պատկերացումները Յումուլը հատկապես ճիշտ է համարում Օսմանյան ժամանակաշրջանի համար: Սակայն հանրապետականացումից հետո էլ հայերը չներգրավվեցին ոչ միայն հայկական, այլեւ թուրքական քաղաքականության մեջ, չակտիվացան հասարակական կյանքում: Պատճառը, Յումուլի կարծիքով, այն է, որ մարդկանց մտածելով, եթե իրենք շարունակեն զգուշավոր ապրել, խնդիրների առաջ չեն կանգնի. «Ստամբուլահայերի եւ ոչ մահմեդական մյուս փոքրամասնությունների համար սա գուցե ապրելու ռազմավարություն է»: Հենց այս մոտեցումն էլ զայրացնում է հայության այլ շրջանակներին:
Մյուս կողմից, սակայն, սոցիոլոգը կարծում է, որ պահպանողական պոլսահայությունը աստիճանաբար ինտեգրվում է լայն հասարակությանը: Գլխավոր պատճառը խառնամուսնություններն են: «Վերջին 20 տարում խառնամուսնությունների թիվը մեծապես աճել է: Ժամանակին դրանց ընդդիմանալը համայնքը պահպանելու ամենակարեւոր գործոնն էր, ողնաշարն էր,- նշում է Ա. Յումուլը,- ծնողների կողմից մեծ դիմադրություն կար, բայց այսօր դա փոխվել է: Համայնքն ավելի բաց է դարձել, չկա առճակատում այս խնդրում, ինչը նշանակում է, որ գալիք սերունդը լինելու է ավելի հիբրիդ, կարողանալու է ընտրել իր էթնիկ պատկանելիությունը՝ հայ, թուրք…»: Այսքանով հանդերձ՝ մասնագետը չի կարծում, թե տարիներ անց այստեղ հայեր էլ չեն մնա. «Դա ֆիկցիա է, թե ժամանակ անց հայ չի մնա: Մի օրինակ բերեմ. դարեր շարունակ հայերը քրիստոնյա են եղել, բայց գիտենք, որ եղել են նաեւ կրոնափոխ նախարարներ, սակայն նրանք էլի հայ են մնացել»:
Սոցիոլոգը մի հետաքրքիր փաստ է նշում. պոլսահայերն իրենց սփյուռք չեն համարում: «Մի կոնֆերանսի ժամանակ երբ ասացի, որ պոլսահայությունը նույնպես սփյուռք է, ու պնդեցի դա, մասնակիցները սկսեցին դեմ արտահայտվել, իսկ երբ մեկն ասաց, թե չի կարելի այդպես համարել, բոլորը սկսեցին ծափահարել»,- պատմում է Արուս Յումուլն ու փորձում սա բացատրել հատկապես նրանով, որ այսօր Ստամբուլի հայերի գերակշիռ մասը ոչ թե բնիկ պոլսեցիներ են, այլ տարիներ առաջ իրենց բնօրրանից՝ Թուրքիայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններից (Արեւմտյան Հայաստան) եկածների սերունդներ:
Խառնամուսնություններին զուգահեռ՝ աճում է նաեւ մայրենի լեզուն չիմացող հայերի թիվը: Ծնողները երեխաներին տանում են տարրական հայկական դպրոց՝ հայերեն եւ հայկական վարվեցողության կանոնները սովորելու համար: Սակայն դրանից հետո երեխաները տեղափոխվում են օտարալեզու կամ մասնավոր դպրոցներ՝ բարձր ուսումնական հաստատություններ ընդունվելու, դրանցում իրենց շրջապատի հետ լեզվական խնդիրներ չունենալու նպատակով: Յումուլն ասում է, որ երկլեզու «Ակօսը» հիմնադրվեց (1996 թ.) ոչ միայն տեղի հայերի իմիջը մարդկանց աչքում փոխելու, այլեւ մայրենի կարդալ չիմացող հայերին ծառայելու համար:
1990-ականները կարեւոր էին նաեւ հայ համայնքի համար, քանի որ այդուհետ ազգային փոքրամասնությունները սկսեցին խոսել իրենց խնդիրների, խտրականության, այժմ արդեն 1915-ի մասին, իսկ 20 տարի առաջ դրանք արգելված թեմաներ էին: Այս քիչ թե շատ դրական փոփոխությունների հիմնական պատճառը աշխարհում տեղի ունեցող զարգացումներն են եւ էթնիկ խմբերի ակտիվացումը, որից անմասն չէր կարող մնալ նաեւ Թուրքիան:
Ստամբուլ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել