HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարի գալուստ Հայաստան, Ամերիկանո

Եվ հենց այն պահին, երբ նա վերջացրեց օճառել գլուխը, ջրի հոսքը ցնցուղի մանր ծակոտիներից դադարեց։ Կաթ, կաթ, կաթ... Երգեցին վերջին կաթիլները, եւ ցնցուղը լռեց։ Քեւինը քարացավ' վեր պարզած ձեռքերով։ Բաց կանաչ փրփուրը հոսեց քունքերով եւ, ընկնելով ձախ աչքի վրա, փակեց այն։

«Կա, չկա այլմոլորակայիններն են»,-մտածեց Քեւինի էության՝ գիտական ֆանտաստիկայով տարվող երազկոտ մասը։

«Մի՛ հիմարացիր»,-քամահրանքով նետեց սկեպտիկ մասը։

«Մի գուցե անե՞ս ինչ-որ բան»,-նկատեց ողջամիտ մասը։

Քեւինը սկսեց հերթով պտտել բոլոր ծորակները։ Դրանք հինգն էին' երեքը լոգարանինը, երկուսը' լվացարանինը։ Ծորակները պատասխանեցին լռությամբ։ Քեւինին թվաց, թե նույնիսկ քմծիծաղեցին։

Մնում էր եւս մեկ ելք. ամբողջ կոկորդով գոռալ ամերիկյան ստուգված «Help»-ը, սակայն Քեւինն անհարմար զգաց. ժամը գիշերվա երկուսն է, բոլորը քնած են։

Քեւինը նստեց լոգարանի ծայրին եւ ցուցամատով ականջից թափ տվեց փրփուրը։

Եթե նա հայ լիներ, ապա մի լավ կհայհոյեր «Ջրմուղին», նաեւ' «ջրի մարդուն», ով ամեն ամիս պարտաճանաչորեն գալիս է գանձելու ջրի վարձը, որը երբեք չկա: Քանի որ խոսք գնաց ջրի մասին, այս երկուսին կմիացներ նաեւ հարեւանին, որը մեկ շաբաթ առաջ ջրել էր առաստաղը, եւ այս «վինեգրետը» կհամեմեր ավանդական հայկական գանգատներով կառավարությունից, որը բոլորովին չի մտածում ժողովրդի մասին։

Հոգին թեթեւացնելով՝ նա կբացեր բաղնիքում դրված երկու կարմիր դույլերից մեկի կափարիչը եւ

ա/ ժանգոտած թիթեղյա ջրամանը կիջեցներ դույլի մեջ եւ, ի~նչ արած, լոգանքը կավարտեր սառը ջրով, որն, ի դեպ, շատ օգտակար է մկանների ամրության եւ մաշկի ճկունության համար։

բ/ «կիպյատիլնիկը» կիջեցներ այդ նույն դույլի մեջ եւ մի 10 րոպեից կլողանար տաք ջրով։ Ճիշտ է, սպասելու ընթացքում մի լավ կսառեր: Չնայած դրսում տոթ հուլիսն է, սակայն մարմնով մանր դող է անցնում. տաք ջուրը բացում է մարմնի ծակոտիները։

Սակայն, ի դժբախտություն իրեն, Քեւինն ամերիկացի էր։

Մի քանի ամիս առաջ նրա՝ Միչիգանի համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանողի խելքին փչեց կապվել Խաղաղության Կորպուսի հետ, եւ ահա արդյունքը. նա կանգնած է անջուր լոգարանի մեջտեղում, եւ փրփուրը հոսում է դեմքով։

Ոչ, Քեւինը չէր բարկանում, ոչ մի նման բան։ Եթե սա պատահեր, ասենք, վաղը, նա նույնիսկ կծիծաղեր։ Սակայն 17-ժամյա թռիչքից հետո նա միայն մի բան էր ուզում' լողանալ եւ հնարավորինս շուտ անկողինն մտնել։

Բայց ամերիկացին որոշում է, Հայաստանը' տնօրինում։

Խաղաղության Կորպուսի կազմակերպած երկամսյա թրեյնինգին իրենց՝ Հայաստան ժամանող կամավորներին, բացատրեցին, որ Հայաստանում շատ բաներ այնպես չեն, ինչպես Ամերիկայում, օրինակ' «սուպերմարկետների դռներն իրենք իրենց չեն բացվում, կամ փողոցի լուսաֆորները պարտադիր չէ, որ բոլորն աշխատեն»,- կատակեց թրեյնինգն անցկացնող մորուքավորը։ «Մի խոսքով,-ասաց նա,-ինքներդ եք հասկանում, զարգացող երկիր»։

Խաղաղության Կորպուսը գոյություն ունի շուրջ 43 տարի։ 1960 թվականին ԱՄՆ սենատոր æոն Ֆ. Քենեդին Միչիգանի համալսարանի ուսանողների հետ զրույցում նրանց առաջարկեց ծառայել իրենց հայրենիքին փոքր-ինչ անսովոր կերպ. ապրելով եւ աշխատելով զարգացող երկրներում՝ օգնել նրանց զարգանալ եւ նպաստել մոլորակի վրա խաղաղության եւ ժողովուրդների բարեկամության հաստատմանը։ Եվ, իհարկե, բարձրացնել ամերիկացիների մասին կարծիքն այն երկրներում, ուր այն այնքան էլ բարձր չէ։

Այսպես մեկ տարի անց ստեղծվեց Խաղաղության Կորպուսը։ Այդուհետ ավելի քան 200 000 կամավորներ ուղեւորվեցին մոտ 200 երկրներ։

Երիտասարդ մասնագետներն ապրում էին կամ տեղացիների ընտանիքներում կամ, եթե մեծ էր առանձնանալու ձգտումը, բնակարան էին վարձում։

Քեւինը նախընտրեց առաջին տարբերակը։

Մի 2 ժամ առաջ բնակարանի տերը, ուր նա պատրաստվում էր ապրել 3 ամիս, դիմավորեց Քեւինին օդակայանում, գրկեց եւ ձեռքը սեղմեց այնպիսի ջերմությամբ, կարծես սիրելի բարեկամին էր դիմավորում երկար տարիների բաժանումից հետո։ Քեւինը չզարմացավ. հայտնի հայկական հյուրընկալությունը թրեյնինգի առաջին թեման էր։

Գեւորգը' տանտերը, Քեւինին նստեցրեց սպիտակ, ավելի երանելի ժամանակներ տեսած «Ժիգուլի» ավտոմեքենան, բերեց տուն, կիսահայերենով, կիսաժեստերով բացատրեց, թե որտեղ է Քեւինի սենյակը, որտեղ է լոգարանը եւ մաղթեց բարի գիշեր՝ խորհրդավոր տեսքով ասելով, թե վաղը նրան վաղ կարթնացնի։

-Ի՞նչու,-ժպտաց Քեւինը։ Խաղաղության Կորպուսի թրեյնինգին նրանց դասավանդել էին նաեւ հայկական գործածական բառերի եւ նախադասությունների շարք։

-Խաշ,-շշնջաց Գեւորգը եւ գնաց քնելու։

Վերադառնանք անջուր ցնցուղին. Քեւինն ամերիկացի էր։ Այնպես որ, նա օգտվեց գ/ տարբերակից. սրբիչով գլխից եւ մարմնից սրբեց փրփուրը եւ որոշեց առիթը ներկայանալու դեպքում խնդրել մանրամասն թրեյնինգ էքստրեմալ լոգարանային իրավիճակներում։ Ամերիկացիների խելքը գնում է թրեյնինգների համար։

1

Come with me,
Together we can make a long way home...

Նորա æոնսի աշխույժ ձայնը հաճելի արձագանքում էր թմբկաթաղանթներում։

Well I stumbled in the darkness
I'm lost and alone ...

ամենեւին ոչ տխուր երգեց Նորա æոնսը։ Հանկարծ նրա նուրբ ձայնին խառնվեց տղամարդու բաս, որն ինչ-որ բան էր բղավում անհասկանալի լեզվով։

Քեւինը բացեց աչքերը եւ տեսավ Գեւորգի ժպտացող թուխ դեմքը՝ երկար բեղերով եւ թավ հոնքերով։

-Իսկ ցնցուղն աշխատու՞մ է,-անգլերեն մրմնջաց Քեւինը' դեռ երազի գրկում։

Գեւորգը թոթվեց ուսերը' չհասկանալով, եւ ուրախ բղավեց.

-Արա, Քեւին ջան, խաշը, խաշը բաց կթողնես։

-Խաշ,-կրկնեց Քեւինը' աստիճանաբար վերադառնալով իրականություն։

-Արագացրու, հագնվիր եւ սեղանին մոտ,-հայերեն հրամայեց Գեւորգը' չմտածելով' հյուրն իրեն հասկանու՞մ է, թե՞ ոչ։

Քեւինը ճոճվելով վեր կացավ։ Գլուխը պայթում էր, հարբուխը հարմարավետ տեղավորվել էր օրգանիզմում։

And I love you pretty baby, but I always take the long way home ...

մռմռաց Քեւինը՝ քայլելով լոգարան, այս անգամ աշխատող ցնցուղով։

-Սա իմ կինն է' Կարինեն,-ասաց Գեւորգը։

Կինը ժպտալով մեկնեց ձեռքը, ասաց «Բարի գալուստ» եւ գնաց խոհանոց։

-No English,-ափսոսանքով ասաց Քեւինն այնպես, կարծես ինքը փայլուն պաշտպանել է դիսերտացիա «Անգլերենը, որով խոսում է Մեծ Բրիտանիայի թագուհին» թեմայով։

Գեւորգի աղջիկը' Ռինան, որ բավականին տիրապետում էր ամերիկյան անգլերենին, նստեց Քեւինի կողքին ու սկսեց ներողամտորեն տեղեկացնել Քեւինին, թե ինչ է նրան սպասվում Հայաստան անունով արտասովոր մոլորակում։

Քեւինը մտածեց, որ Հայաստանի մասին նա խոսում է քամահրանքով, տեղ-տեղ' նույնիսկ ատելությամբ։ Հետագայում նա նկատեց, որ հայերի մեծամասնությունը հակված է սեփական երկրի խնդիրների մասին խոսել այնպես, կարծես իրենք այդտեղ ոչ մի կապ չունեն։

2

Առավոտյան 8-ի կողմերը սկսեցին հավաքվել հյուրերը, մեծամասամբ տղամարդիկ։ Ոմանց ձեռքին օղու շիշ կար' թերթով փաթաթված։ Տանտիրուհին բերեց արգանակով սպիտակ ափսեները, որոնցից գոլորշի էր բարձրանում։ Հյուրերը չէին շտապում սկսել։ Սկզբում ուրախ տրորեցին ձեռքերը, այնուհետեւ սկսեցին չոր, շատ բարակ հացը կտոր-կտոր անել։

Ռինան բացատրեց, որ բարակ հացը կոչվում է լավաշ, այն պետք է մանրել եւ լցնել ագարակի, այսինքն՝ խաշի մեջ։

-Այն եփվել է ողջ գիշեր,-պարզաբանեց Ռինան։

Քեւինը սկսեց հացը փշրել արգանակի մեջ։ Նա նկատեց, որ գդալը դրված է միայն իր ափսեի մոտ։ Մնացածները մերթընդմերթ արհամարհանքով նայում էին գդալին։ Իրենք մանրած լավաշը լցրել էին խաշի մեջ եւ այն ուտում էին թարմ լավաշի կտորներով։

Քեւինը զգուշությամբ բերանին մոտեցրեց գոլորշի արձակող արգանակով գդալը։ æանեց չշնչել սխտորի հոտը, որի հանդեպ երբեք էլ ջերմ տրամադրված չէր եղել։

Մի քանի գդալից սկսեց սրտխառնոց զգալ։ Սխտորահոտախառն գոլորշին տաքացրեց դեմքը, աչքերը լցվեցին արցունքներով։ Մրմնջալով' ներողության խոսքեր (հուզմունքից մաքուր հայերենով) ասաց եւ դուրս եկավ սեղանից, գնաց խոհանոց՝ պայթյունավտանգ խառնուրդի վրայից ջուր խմելու։

-Քեւին ջան,-տանտերը խոհանոց մտավ օղու շիշը ձեռքին,-ախր դու սխալ ես խաշն ուտում։ Օղիով է պետք, օղի, օղի։

Կիսով չափ օղով լցնելով բաժակը' այն մեկնեց Քեւինին։

- No, no ,-գլուխն օրորեց Քեւինը,- Don't drink alcohol .

-Յես, յես,-գլխով արեց Գեւորգը,-բաթ,-ազդեցիկ բարձրացրեց մատը,-աֆթեռ խաշ նոու դռինկ բեդ, դռինկ գուդ։

Քեւինն այնքան վատ էր զգում, տանտերն էլ այնքան համառ էր, որ խեղճ տղան, ով երբեք բերանը չէր առել նույնիսկ գարեջուր, համաձայնեց իր կյանքի առաջին ալկոհոլային էքսպերիմենտին։

Բավականին խոշոր կումից հետո նրան թվաց, թե ստամոքսի մեջ արագ գործողության ռումբ նետեցին։ Պայթյունը ցնցեց ողջ օրգանիզմը, եւ կրակը սպառնաց դուրս ժայթքել բոլոր ծակոտիներից։

-Ըհը, ես ասում էի, չէ,-բավարարված քմծիծաղեց Գեւորգը։-OK?,-հոգատարությամբ հարցրեց նա։

- Yes, yes, I am OK ,-շշնջաց Քեւինը։- Can I go out for a while?

Քեւինը փորձեց ցույց տալ, թե տոթ է, հետո աղաչանքով ցույց տվեց դրսի դուռը։ Մինչ Գեւորգը կհասցներ ինչ-որ բան ասել, Քեւինը դուրս թռավ տանից։

Գեւորգի մի հարկանի սեփական տան փոքրիկ բակը դուրս էր գալիս հենց փողոց։

Չնայած դեռ առավոտյան 9-ը չկար, փողոցում անսովոր աշխուժություն էր տիրում։ Երեխաները՝ ձեռքերին ջրով լի դույլեր, ջրամաններ, Կոկա կոլայի պլաստմասե շշեր, աղաղակելով վազվզում էին։ Երեխաների եւ սակավաթիվ անցորդների շորերը թաց էին։

Քեւինից մի քանի մետր հեռու դեպի ոստիկանը վազեց մի զայրացած աղջիկ՝ կարճ կիսաշրջազգեստով եւ բացքիթ բարձրակրունկ կոշիկներով։ Նրա ոտքերով (զուգագուլպաներով, չնայած 35 աստիճան տապին) հոսում էին ջրի խոշոր կաթիլներ եւ կորում կիսաթափանց լայկրայի մեջ՝ վերածվելով «յուղոտ» լաքաների։ Նա ինչ-որ բան էր բղավում ոստիկանին՝ թափահարելով սեւ պայուսակի կոտրած մետաղյա բռնակը։

-Ի՞նչ կարող եմ անել, քույրիկ ջան,-ծիծաղեց ամբողջովին թաց ոստիկանը։-Վարդավառ է։

Վարդավառ...

-æրին նվիրված հայկական տոն,-շշնջաց Քեւինը։ Արա'գ, ե'տ տուն։ Բայց չհասցրեց։ æրով լի պլաստմասե շշերով զինված փոքրիկների մի խումբ՝ հագները միայն կարճ տաբատներ, շրջապատեց նրան։

Մեկ, երկու, երեք... Գիշերն այդքան ցանկալի հայկական ջուրը լցվեց խաշով եւ օղիով «թունավորված» խեղճ ամերիկացու գլխին։

-Հիվանդ, հիվանդ,-իր սակավ հայերենով փորձեց երեխաների հռհռոցը ծածկել Քեւինը՝ ձեռքերով պաշտպանվելով սառը ջրից։

-Ոչինչ, ոչինչ,-կատարյալ ցնծության մեջ ավելի բարձր ծիծաղեցին երեխաները։- Օգնում է։

Եվ փախան' փնտրելու նոր զոհի։

Լիովին թաց, հիվանդ կոկորդով եւ այրվող ստամոքսով Քեւինն անօգնական նստեց մայթին...

Բարի գալուստ Հայաստան, ամերիկանո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter