
Հայերեն երգը հնչում է Անթաքիայում (վիդեո)
Թուրքիայում' տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներից բաղկացած Անթաքիայի (Անտիոք) քաղաքակրթությունների երգչախմբում հնչում են նաև հայերեն երգեր: Երգչախմբի ղեկավար Ելմազ Օսֆրադն ասում է, որ խումբը հավաքվել է կարևոր նպատակի համար: «Այս խումբը մասնավոր նպատակի համար չէ հավաքվել, այլ աշխարհի խաղաղության համար է»,- ասում է նա:
Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբը բազմաթիվ երկրներում է շրջագայել: Երգչախմբի ղեկավարն ասում է, որ իրենց համար ամենակարևորը հարցերին լուծումներ գտնելն է: «Եթե մի օր Թուրքիայի և Հայաստանի նախագահները սահմանի բացման հարցը լուծեն, դրա բացումը մենք պիտի անենք: Երբ որ ճանապարհը բացվի, մեր հայ ընկերների հետ միասին համերգ պիտի տանք: Ես դա սրտանց եմ ասում»,- խոստովանում է Ելմազ Օսֆրադը:
Հայ և թուրք լրագրողների այցելությունը երգչախմբի փորձնական ելույթին համընկել էր տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների այցի հետ, ինչի համար խումբը նախապատրաստական ելույթ էր նախաձեռնել: Երգչախումբը երգում է տարբեր ազգերի երգեր' եբրայերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, այդ թվում նաև հայերեն: Հայերենի երգացանկը, որը հնչեց մեր ներկայության ժամանակ, նաև «Սարի յարը» և «Հոյ Նինո» երգերն են ներառում:
Անթաքիայի քաղաքակրթության երգչախումբ 120 կամավոր է հաճախում. կան մուսուլմաններ, կաթոլիկներ, օրթոդոքսներ, քրիստոնյաներ, հրեաներ և այլ կրոնների ներկայացուցիչներ, կան նաև տարբեր մասնագիտություն ունեցող անձինք' քահանա, իմամ, ուսուցիչ, աշակերտ, տնային տնտեսուհի և այլ մասնագետներ:
Ռենիտա Հորոզը (Հերգենյան) միակ հայուհին է Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախմբում: Հայերեն չի խոսում, դժվարությամբ է նաև հասկանում: Բայց հարցին, թե երգչախմբում հայ կա, արագ արձագանքեց' այո, ես եմ:
Ռենիտայի հայրը Մուսա լեռան հայաբնակ Վաքըֆ գյուղից է, բայց ինքը ծնվել և մեծացել է Անթաքիայում: 19-ամյա երգչուհին ավարտել է լիցեյը և կոնսերվատորիա է ուզում ընդունվել: Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախմբին է միացել մի քանի ամիս առաջ, ինչպես ինքն է ասում, հավատում է կրոնների եղբայրությանը, դրա համար էլ միացել է խմբին:
«Սիրում եմ հայերեն երգերը»,- ասում է Ռենիտան: Հարցնում ենք' հասկանում ես երգի բովանդակությունը, պատասխանում է' որոշ չափով: Ռենիտան հատկապես սիրում է «Սարերի հովին մեռնեմ» երգը: Շատ է ուզում Հայաստան գնալ, բայց դեռ չգիտի, թե ինչպես կկարողանա մեկնել: Հայաստանը պատկերացնում է հորեղբոր պատմածներից: Բայց երբ հարցնում ենք' «որն է քո հայրենիքը և որտեղ ես ուզում ապրել», ատասխանում է' Թուրքիան է, Թուրքիայում եմ ուզում ապրել:
«Ես սիրում եմ իմ ծննդավայրը, հայրենիքը: Եթե ինչ-որ տեղ ապրում ես, սիրում ես, մնացածը կարևոր չէ,- ասում է Ռենիտան և շարունակում,- ես 15 թվականին չեմ ծնվել և չեմ պատկերացնում այն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, ես հիմա եմ ապրում»,-ասում է Ռենիտան:
Անթաքիա
Մեկնաբանել