HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանոթություն Հայաստանի հետ

Հասմիկ Հովհաննիսյան
Միհրան Սահակյան

Առավոտյան գնացքը մեզ՝ ինձ, Մարթինին եւ Անիելին բերում է Լոնդոն։ Մարթինն ու Անիելը իմ անգլիացի ընկերներն են։ Ավելի ճիշտ' Մարթինը անգլիացի է, իսկ իր կնոջ՝ Անիելի երակներում հոսող արյունը ֆրանսիական, հունական եւ հայկական խառնուրդ է։

Կիրակի առավոտ է. մենք գնում ենք հայկական լուսանկարների ցուցահանդեսին։

Դժվար է ասել՝ մեզանից ով է ավելի հուզված' ե՞ս, որ բացի այն, որ հայ եմ, նաեւ ցուցահանդեսի մասնակից եմ, թե՞ իրենք։

Արդեն մեկ տարի է, ինչ Անգլիայում եմ եւ հայկական գրեթե ոչինչ չեմ տեսել, եւ հիմա կարծես ինքս էլ օտարերկրացի լինեմ, որ գնում է լուսանկարների միջոցով ծանոթանալու Հայաստանի հետ։ Հետաքրքիր զգացում է։

Լոնդոնը շքեղ է, խայտաբղետ եւ աղմկոտ։ Ցուցահանդեսը Գյուլբենկյանների սրահում է։ Մինչ կհասնենք, սրահը պատկերացնում եմ այս մեծ շենքերի նման մի շենքի որեւէ հարկում՝ լուսավոր ու ընդարձակ։

Ոչ մի նման բան։ Մտնում ենք մի փոքրիկ բակ Քենսինգթոնում եւ այնտեղ, շրջապատված անգլիական շենքերով՝ մի փոքրիկ սպիտակ հայկական եկեղեցի է ու եկեղեցուն կից մի փոքրիկ շինություն։ Դա Գյուլբենկյանների սրահն է։

Ժամը 11-ն է, եւ Սուրբ Սարգիս եկեղեցում ժամերգություն է։ Անիելն առաջին անգամ է հայկական ժամերգության մասնակցում. սկսում է զուգահեռներ անցկացնել հայկական եւ հունական ժամերգությունների միջեւ։

Մինչ նրանք լսում են ժամերգությունը, ես գնում եմ քաղաքն ուսումնասիրելու։ Սուրբ Սարգսից ոչ հեռու տեսնում եմ մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Հեղինեն։ Հայ ենք չէ՞, չենք կարողացել մի եկեղեցով յոլա գնալ։ Անկախ ինձանից' հպարտություն եմ զգում եւ միանգամից ինքս ինձ վրա ծիծաղում։ Հայաստանում անպայման կշտամբանքով կվերաբերվեի իրար կողք երկու եկեղեցի կառուցելու մտքին, իսկ այստեղ' Անգլիայում, դա դիտում եմ որպես ազգության պահպանման ապացույց։

Երբ վերադարձա, եկեղեցում մանր-մունր ուտելիք էին վաճառում։

-Ի՞նչ արժե,-հարցնում է մի ծեր կին։ Չգիտեմ՝ ինչի՞ գինն է հարցնում, չեմ տեսնում։

-10 ոսկի,-պատասխանում է վաճառողուհին, նույնպես տարեց կին։

Կարծես հին Հայաստանում լինեմ այս պահին։ «Տեսնես քանի՞ տարեկան են, եւ ե՞րբ են այստեղ տեղափոխվել, որ դեռ հիշում են ոսկին»,-մտածում եմ ցուցասրահ մտնելիս։

Ցուցահանդեսի թեման Հայաստանն է։ Հայկական բնապատկերներ, հայերի կյանքը հայրենիքում եւ դրսում։ Ցուցադրվում են բնություն, մարդկանց, լեռներ, հուշարձաններ պատկերող մոտ 70 լուսանկարներ։ Կան եւ՛ պրոֆեսիոնալ, եւ՛ սիրողական լուսանկարիչների գործեր։ Թե՛ մասնակիցների, թե՛ այցելուների գերակշռող մեծամասնությունը հայեր են, այցելուները հիմնականում ժամերգության եկածներն են։

Ցուցահանդեսը կազմակերպել է Մեծ Բրիտանիայում հայ ուսանողների միությունը։ Առաջին անգամ է կազմակերպվում։ Միությունը 2005-ի փետրվարին ստեղծել են Լոնդոնի տարբեր ԲՈՒՀ-երում ուսանող հայ երիտասարդները։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն ասում են, որ միության նպատակը Մեծ Բրիտանիայում գտնվող հայ ուսանողների միջեւ կապ հաստատելն է, ինչպես նաեւ հայկական մշակույթի, պատմության, ավանդույթների պահպանումը։

Ցուցահանդեսի երրորդ եւ վերջին օրն է. ժամը 4-ին կազմակերպվում է աճուրդ։ Ստացված ողջ հասույթը փոխանցվելու է երեխաների հարցերով զբաղվող հայկական բարեգործական կազմակերպություններին։

Ամենաշատ գումարը վաստակել է Բարտոշը' 77 ֆունտ 7 լուսանկարի համար։ Բարտոշն իմ ընկերն է։ Հենց նա է ինձ ասել այս ցուցահանդեսի մասին, ինքն, ի դեպ, հիմա գտնվելով իր հայրենիքում՝ Լեհաստանում։

Երեք տարի առաջ ICQ-ով հաղորդագրություն ստացա մի լեհ տղայից։ Ասաց, որ ուզում է այցելել Հայաստան, հարցրեց՝ ու՞ր խորհուրդ կտամ գնա եւ ի՞նչ կարժենա։ Ասացի' հասիր Հայաստան, մնացածը ես կկազմակերպեմ։

Երեւանից Լաչինի միջանցքով մենք' չորս տղաներս, հասանք Ղարաբաղ, 4 օրից Զոդի հանքավայրերի մոտով, Սեւանով վերադարձանք Երեւան։

Ընդ որում, համարեցինք, որ 25 դոլար արժողությամբ վիզան, որ պարտադիր է Ղարաբաղ գնացող բոլոր օտարերկրացիների համար, շատ թանկ է։ Այդպես Բարտը ողջ Ղարաբաղով շրջեց առանց վիզայի։ Անցակետերում, երբ կանգնեցնում էին, պատճառաբաում էինք, թե Ստեփանակերտում գրասենյակներն արդեն փակ էին, իսկ եթե սահմանապահները մեքենային չէին մոտենում, ասում էինք, որ բոլորս հայ ենք։ Ետ գալիս որոշեցինք այլեւս չփորձել բարյացակամ ճակատագիրը, Բարտի երկար, շիկահեր մազերը թաքցրեցինք կեպիի տակ ու մեքենայում մաքսիմալ բարձրության վրա միացրեցինք Թաթայի երաժշտությունը, որի ռիթմերի ներքո Բարտը թափահարում էր գլուխը ճիշտ Թաթայի նման։ Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ մեր մեքենայում արտերկրացի կլինի։

Դա երեք տարի առաջ էր։ Իսկ հիմա Բարտի՝ Հայաստանում եւ Ղարաբաղում արված լուսանկարները ցուցադրվում են Լոնդոնում հայկական լուսանկարների ցուցահանդեսում։

Մարթինը գնում է Բարտի լուսանկարներից մեկը։ «Կարծես այցելեցի Հայաստան: Լսել էի, որ Հայաստանը գեղեցիկ է, սակայն չէի պատկերացնում այսքան»,-ասում է նա։ Մարթինն ու Անիելը գարնանը պատրաստվում են առաջին անգամ այցելել Հայաստան։

Մարթինի գնած լուսանկարը Բարտն արել է Ղարաբաղում։ Դեղին, հին ավտոբուս է' ետեւում կանաչ ծառեր։ Ավտոբուսի մոտ մարդիկ են հավաքված։

Մարթինը բացատրում է, թե լուսանկարում իրեն ինչը գրավեց. «Պարզ չէ' մարդիկ իջնու՞մ են, թե՞ բարձրանում, կամ ավտոբուսում տեղ կա՞ արդյոք։ Զգում ես, որ հիմա ինչ-որ բան պիտի լինի, մարդիկ ինչ-որ բանի են պատրաստվում, բայց չգիտես ինչի...»:

Երեկոյան ետ ենք դառնում Նոթինգեմ։ Գնացքի պատուհաններից այն կողմ մութ է, բան չի երեւում։ Անիելին հայկական ժամերգության երգ են նվիրել եկեղեցում, եւ նա կրկին բացահայտում է հայկական եւ հունական եկեղեցիների տարբերությունները։

Ասում է, թե դուրն եկավ, որ հայկական եկեղեցում քահանան հաղորդություն տալիս ծնկի է իջնում հաղորդվողի առջեւ, բայց միեւնույն է, բարձր է նրանից, որովհետեւ խորանին է կանգնած։

Իսկ ես մտածում եմ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Արարատ Թադեւոսյանի խոսքերի մասին։ Ցուցահանդեսին նա ինձ ասաց, որ հնարավոր է Բարտը հայկական արմատներ ունի։ Ասաց, որ 15-17-րդ դարերում ցարի ժամանակ հայկական մի քանի տոհմերի ստիպել են գաղթել Լեհաստան, ու այնտեղ ստիպված են եղել փոխել ազգանունները։ Ու այդ տոհմերից մեկը, որի ազգանունը կարծես Մուսայելյան է եղել, փոխել է իր ազգանունը Մուշալովիչի։ Դա Բարտի ազգանունն է։

«Երբ հասնենք Նոթինգեմ, կգրեմ նրան,-մտածում եմ,-երեւի կուրախանա, Հայաստանը շատ է սիրում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter