
Դեղորայքային մեթոդը հղիության արհեստական ընդհատման ոչ թե խրախուսանք է, այլ այլընտրանք
2008թ. մարտին Հայաստանում ներդրվել է «Դեղորայքային աբորտը Հայաստանում» ծրագիրը: Արդյունքում Հայաստանում պաշտոնապես կիրառվում է հղիության դեղորայքային ընդհատման մեթոդը: Սակայն դա կատարվում է միայն մանկաբարձագինեկոլոգիական կլինիկաներում: Այս մեթոդը տարածված է աշխարհի մոտ 35 երկրում:
Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Ռուզաննա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում 2008-2009թթ. ընթացքում այդ մեթոդով հետազոտվել է 450 կին: Նրանցից բարդություն է առաջացել միայն 11-ի մոտ. 6-ը կրկնակի դեղորայքի միջոցով ավարտել է գործընթացը դեղորայքային վիժեցմամբ, իսկ 5-ը՝ վիրահատությամբ:
«Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի» օպերատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Հարությունյանը նշեց, որ օրենքի համաձայն՝ արհեստական ընդհատումը կատարվում է մինչև 12 շաբաթական հղիության դեպքում: Իսկ այս մեթոդը՝ դեղորայքային ընդհատումը, կիրառվում է միայն մինչև 9 շաբաթական հղիության դեպքում: Արհեստական ընդհատումը տևում է 14 օր:
Դեղորայքային ընդհատման ժամանակ կինն անցնում է սոնոգրաֆիա, այնուհետև բժշկի հսկողությամբ ընդունում է երկու տեսակի դեղորայք՝ միֆեփրիստոն և միզոպրոստոլ: Միֆեփրիստոնը թանկ դեղորայք է՝ ի տարբերություն միզոպրոստոլի, որն օգտագործվում է այլ հիվանդությունների դեպքում ևս:
«Կանանց իրավունքների կենտրոնի» նախագահ Սուսաննա Վարդանյանը շեշտեց, որ իրենք քարոզում են ծնելիություն, սակայն եթե կինը որևէ պատճառով ցանկանում է դիմել հղիության արհեստական ընդհատման, ապա ցանակալի է, որ կիրառվի դեղորայքային մեթոդը: Սա ոչ թե հղիության արհեստական ընդհատման խրախուսանք է, այլ այլընտրանք:
Բժիշկիները փաստում են, որ այս մեթոդի կիրառումից հետո հղիության արհեստական ընդհատումների թիվը չի ավելացել:
Չնայած այդ դեղերը վաճառվում են նաև դեղատներում, բայց Ա. Հարությունյանը առաջարկում է բարաձրացնել այն հարցը, որ դեղորայքը վաճառվի միայն ծննդատներում: Նրա խոսքերով՝ կինը կարող է հղիության տեստի արդյունքում օգտագործել դեղորայք, սակայն հետո պարզվի, որ տեստը սխալ էր, և նա կանգնի բարդությունների առջև:
Թեև այս մեթոդն էժան չէ, բայց առավել անվտանգ է և արդյունավետ: Մեթոդի կիրառումից հետո, բժիշկների խոսքերով, անգամ նույն ամսում կինը կարող է կրկին հղիանալ:
Բանախոսները կոչ արեցին հղիության դեղորայքային ընդհատումն անպայման իրականացնել բժշկի հսկողությամբ: Որոշ կանայք խուսափում են հիվանդանոց գնալուց, օգտագործում են մեծ քանակությամբ էժանագին դեղորայք, որի հետևանքով առաջանում են տարբեր բարդություններ:
Մեկնաբանություններ (91)
Մեկնաբանել