
ՄԻՊ աշխատակազմ. «Պաշտպանին մեղադրում են օրինապաշտության մեջ»
Ի պատասխան «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հայտարարությանը՝ հայտնում ենք հետևյալը:
Պաշտպանի գրասենյակը ՀԿ ղեկավարի կողմից վկայակոչված իրավապահ մարմինների կողմից իր նկատմամբ ճնշումներ գործադրելու խնդրի կապակցությամբ բազմիցս կապվել է Ժ. Ալեքսանյանի հետ, արտահայտել մտահոգություն և առաջարկել աջակցություն:
Տվյալ խնդրի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից մեկնաբանություններ և պարզաբանումներ է տրվել «Ազատություն» ռադիոկայանին:
Պաշտպանն անձամբ հանդիպել է Ժ. Ալեքսանյանին, պարզաբանել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված' այլ անձանց վերաբերյալ տվյալներ պարունակող նյութերին ծանոթանալու ընթացակարգը և տեղեկացրել, որ նման նյութերի տրամադրումը, առանց համապատասխան իրավական հիմքերի, կլինի ապօրինի:
Ցավում ենք, եթե օրենքով սահմանված մեր լիազորությունները և սկզբունքային մոտեցումները չեն համապատասխանել տիկին Ալեքսանյանի ակնկալիքներին:
Այդուհանդերձ, Պաշտպանը և իր աշխատակազմը պատրաստակամ են ապագայում ևս գործակցել քաղաքացիական հասարակության բոլոր կառույցների հետ՝ պահպանելով Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության պահանջները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Մեկնաբանել