HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատիսում բոլոր ռեսուրսներն օգտագործվում են, սակայն ծրագրեր իրականացնելու համար պահանջված ներդրումը չի ապահովվում

Լիլիթ Աբրահամյան

Հատիս լեռան ստորոտում գտնվող համանուն գյուղը իր հողաշեն տներով ու ամայի բակերով հազիվ թե հետաքրքրի որեւէ մեկին, այն էլ ցրատշունչ ձմռան կեսին, այդ իսկ պատճառով տեղացիները զարմանքով են նայում գյուղ այցելող անծանոթներին:

Գյուղացիների զբաղմունքի մասին նրանց հարցեր ուղղելը միանգամայն ավելորդ էր. գյուղի բնակլիմայական պայմանները, տան բակերում խոտի հսկայական դեզերը, որոնք իրենց մեծությամբ ստվերում են միահարկ տները, ինչպես նաեւ փողոցներում շրջող գամփռները, վկայությունն են այն բանի, որ հատիսցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է:

Մեքենայի պատուհանից հայացքով փնտրում էինք պետական դրոշը, որը պետք է մեզ ուղղորդեր տեղական իշխանության նստավայրը: Համայնքապետարանի կտուրին  դրված պետական դրոշը, անկարող դիմակայելու լեռնային քամիներին, փորձում էր մի կերպ ծածանվել պառկած դիրքից: Համայնքապետարանի բակում նույնպես խոտի հսկայական դեզ էր դրված, որի շուրջ արածող մեկ տասնյակից ավելի ոչխարներին հսկում էր երկու շուն: Շները պակաս զարմանքով չէին նայում մեզ, սակայն բարեհաճությամբ, թե պարտականությունների մեջ թերանալով, միայն հայացքով ուղեկցեցին համայնքապետարան մտնող վախվորած անծանոթներիս:

Համայնքապետարանը մարդաշատ էր. համայնքապետի սենյակում դրված նարդին արդեն զբաղեցված էր, իսկ մյուսները նրանց շուրջը խմբվելով խորհուրդներով ուղղորդում էին մրցակիցներին ու սպասում նարդու շուրջ տեղ զբաղեցնելու իրենց հերթին:

«Համայնքապետարանի առաջին հարկում մի սենյակ տրամադրել էինք, որտեղ շախմատ, նարդի էին խաղում,- բացատրում է Հատիսի համայնքապետ Սամվել Գարսեւանյանը,- ուրիշ զբաղմունք չունեն, տղամարդիկ իրենց հիմնական պարտականությունը՝ անասունների խնամքն ավարտելուց հետո հավաքվում են այստեղ»:

Համայնքի վարչական կենտրոնը անմխիթար վիճակում էր, թերեւս անհամեմատ բարվոք էր համայնքի ղեկավարի աշխատասենյակը, որը նաեւ քիչ թե շատ ջեռուցվում էր, այդ պատճառով ձմռան ամիսներին գյուղացիների ժամանցավայրը հենց այդ սենյակն է: Համայնքապետարանի արդիական գույքը միակ համակարգիչն էր եւ միջանցքում փակցված զույգ տեղեկատվական ցուցատախտակները: Համայնքապետ Ս. Գարսեւանյանը ցուցատախտակների դատարկ լինելու վերաբերյալ հետեւյալ բացատրությունը տվեց. «Բյուջեն նոր ենք կազմում, դեռ փոփոխություններ պետք է լինեն, դրա համար չենք փակցրել»:

Այս շենքում են տեղակայված նաև արդիականացված բուժամբուլատորիան, գյուղի գրադարանը, որոնցով էլ սահմանափակվում է համայնքի հանրային հիմնարկությունների թիվը: Համայնքի քառամյա ռազմավարական ծրագրում նաեւ համայնքապետարանի վերանորոգումն է ընդգրկվել, որն, ի դեպ, ծրագրում ընդգրկված խնդիրներից ամենաիրատեսականն է՝ պահանջվող ծախսերի առումով:

Ինչպես Ս. Գարսեւանյանը ներկայացրեց, առայժմ իրենց հաջողվել է փողոցներում լուսավորություն անցկացնել: «Կոպեկ-կոպեկ հավաքեցինք, փողոցային լուսավորություն անցկացրինք, 1 կմ տարածք է, այս տարի պետք է շարունակենք մյուս փողոցներինը»,- նշում է համայնքապետը: Բնականաբար, տարեկան 5 մլն դրամ բյուջեով հնարավոր չէ այնպիսի լուրջ ծրագրեր իրականացնել, ինչպիսին գյուղի փողոցների ասֆալտապատումն է, խմելաջրի բարելավումը:

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ գյուղի խմելաջուրը գալիս է 20 կմ հեռավորությունից եւ  կանոնավոր հասնում է բնակիչներին մինչեւ ամառ, քանի դեռ եզդիները յայլաներ չեն հասել, որից հետո գյուղը պարզապես ջրազրկվում է:

«Սարվորների նախիրը օգտվում է մեր ջրից, օրեր են լինում, որ գյուղ ընդհանրապես ջուր չի հասնում: Ջրագիծը միայն 10 կմ անցնում է սարատեղի տարածքով: Մենք գնում, խողովակը փակում ենք, հետևներիցս կրկին ջրի հունը փոխում են: Հատիսցիները հարկադրված ամռան ամիսներին իրենց ջուրը հարեւան գյուղից են բերում, նրանք սեփական աղբյուր ունեն»,-ներկայացնում է Սամվել Գարսեւանյանը:

Ջուր ունենալու տարբերակ համայնքապետը գտել է: Հատիսում 120 մ խորությամբ ջուր կա, բայց համայնքային բյուջեով հնարավոր չէ հորատանցք բացել: «Ջրամբար է պետք կառուցել, որի համար անհրաժեշտ կլինի մոտ 30 մլն դրամ: Այդ հարցը շատ ենք բարձրացրել ե՛ւ մարզպետարանում, ե՛ւ կառավարություն ենք ներկայացրել: Փորձեցինք սոցներդրումների ծրագրով իրագործել, սակայն համայնքի ներդրումների բաժինը չկարողացանք ապահովել, ֆինանսավորող չգտնվեց: Աշխատուժով կարող ենք օգնել, գյուղացիները պատրաստ են, բայց գումար չունենք»,- մեկնաբանում է համայնքապետը: Պետական բյուջեից համայնքային զարգացման ծրագրերին հատկացվող գումարի համար իրենք էլ են մարզպետարան դիմում, առայժմ հերթն իրենց չի հասնում:

Սամվել Գարսեւանյանի ասելով՝ հարկերը  գրեթե 100%-ով հավաքագրում են: Նրա հավաստմամբ՝ գյուղի ռեսուրսները նպատակային են օգտագործում: Վարձակալության են տրվել նաեւ համայնքի 1200 հա արոտավայրերը, որը մոտ 200.000 դրամով ավելացրել է համայնքի բյուջետային մուտքերը: Կառավարության սերմնաբուծության ծրագրով հատկացված հացահատիկի սերմացուն բոլորն էլ վերցրել են ե՛ւ սեփականաշնորհված, ե՛ւ համայնքի պահուստային ֆոնդի հողերում ամբողջովին ցանքս են իրականացրել:  Հույս ունեն, որ լավ բերք կունենան, անցյալի փորձը ցույց է տվել, որ Հատիսում ցորենն ու հաճարը բարձր բերքատվություն են ապահովել: «Պետությունը անվճար չի տալիս՝ 80 դրամով է հանձնում, մեկ տարի պայմանով, հաջորդ տարի պետք է վերադարձվի կրկնակի գումարով՝ 160 դրամ»,-ավելացնում է համայնքապետը:

Բարձրլեռնային գոտում գտնվող Հատիս գյուղում բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունը լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ֆերմերային տնտեսություն զարգացնելու հեռանկար չեն տեսնում: Մեկ տնտեսության նվազագույն անասնագլխաքանակը 7 կով 10 ոչխար է, առավելագույնը՝ 50 ոչխար: Ցրտաշունչ ու երկարատև ձմեռը՝ մի կողմից, տեղի աշխատուժի բացակայությունը՝ մյուս կողմից, չեն նպաստում ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: «Մեկը եկավ մի քանի տարի առաջ ֆերմա կառուցեց, բայց գլուխ չհանեց: 7 ամիս ձյան տակ ենք, այդքան կեր պետք է ունենաս, որ լցնես անասունի առաջը, նա էլ վաճառեց մեկ ուրիշին, սա էլ եղած գլխաքանակը ծախեց-ծախեց, հիմա 1 կով 4 ոչխար է պահում, գյուղում նրան են ֆերմեր անվանում: Աշխատուժ չկա գյուղից, ամեն մեկն իր տնտեսությամբ է զբաղված, դրսից էլ չէր կարող բերել, որովհետև չի  կարող շատ բարձր վճար տալ, որ շահագրգռի»,- ասում է համայնքապետը, ապա կատակով հավելում՝ բոլորս էլ ֆերմեր ենք, էլի՛:

Գյուղում առաջնային են համարում նաև կաթնամթերքի իրացումը: Անհրաժեշտություն է մթերման կայանի ստեղծումը, մեծ քանակությամբ կաթ է արտադրվում: Վերջին մի քանի տարին համագործակցում են «Թամարա» գործարանի հետ, որից սակայն գյուղացին դարձյալ տուժածի կարգավիճակում է: «Հիմա մեզնից կաթը վերցնում են 150 դրամով, իսկ ամռանը՝ 120 դրամով, քաղաքացուն վաճառում են՝ 350 դրամով, ուղղակի աբսուրդ է: Էնքանով է լավ, որ կաթը չենք թափում, իրացվում է»,- իր մտահոգությունն է արտահայտում համայնքապետը:

Պաշտոնապես 328 բնակիչ ունեցող Հատիսում արտագաղթը նոր է սկսվել: «Վերջին երկու տարվա ընթացքում ահագին մարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի, երեք ընտանիք միայն անցյալ տարի է հեռացել: Նախկինում դրա հնարավորությունը չկար, բայց հիմա երիտասարդությունը դուրս է գալիս, գնում են Ռուսաստան»,- ասում է համայնքապետ Ս. Գարսեւանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter