HY RU EN

Մերի Մամյան

Հարություն Առաքելյան. «Շաշ լոռեցիներով՝ վարչապետն ու Անտինյանը, իրար օգնում են... »

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավար՝ ատենապետ Հարություն Առաքելյանը, հայտարարեց, որ արդարադատության նախարարությունը 2011թ.-ի օգոստոսից ի վեր իրականացնում է կանխամտածված անօրինական գործողություններ կուսակցության դեմ: Արդյունքում իրենք չեն կարողանում իրականացնել իրենց քաղաքական, ֆինանսական գործունեությունը:

Հ. Առաքելյանի խոսքերով՝ «թղթի վրա» ՀՌԱԿ ատենապետը շարունակում է մնալ Էդուարդ Անտինյանը, այնինչ կուսակցության համագումարում ինքն է ատենապետ ընտրվել: Որոշումն ընդունելու և իրագործելու նպատակով կուսակցությունը մինչ օրս մի քանի համագումար է հրավիրել, սակայն արդարադատության նախարարության գործունեության հետևանքավ որոշումը կյանքի չի կոչվում:  

Հ. Առաքելյանի խոսքերով՝ արդարադատության նախարարության անհիմն պատճառաբանությունները հիմք են հանդիսանում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համար, որպեսզի վերջինս չգրանցի ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը:

Հ. Առաքելյանը համոզված է, որ արդարադատության նախարարությունը փորձում է խնդիրներ ստեղծել ՀՌԱԿ-ի ներսում: Իսկ դա պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով. «Այն պետական մարմինը, որը կոչված է պահել օրենքը, խախտում է այն, և ամեն ինչ անում, որպեսզի ՀՌԱԿ-ը չմասնակցի ընտրություններին»:

«Ես չգիտեմ՝ ում համար ենք սպառնալիք: Բայց, ամենայն հավանականությամբ, Տիգրան Սարգսյանի հարազատ ընկերը՝ Հրայր Թովմասյանը, լավություն է անում իր ընկերոջ համար՝ պարալիզացնելով ՀՌԱԿ գործունեությունը,- հայտարարեց Հ. Առաքելյանը: Գողական երկիր ա, գողական բարքերով»:

Վերջինիս շահերը ներկայացնող փաստաբան Գևորգ Դավթյանը նշեց, որ այս գործի մեջ կան օրենքի մի շարք խախտումներ: Մասնավորապես, նախորդ վարույթի շրջանակներում ծանուցում է ներկայացվել դեկտեմբերի 5-ին՝ դեկտամբերի 2-ի լսումներին մասնակցելու համար: Պետական ռեգիստրը գործադիր մարմնի փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար վարույթ է հարուցել, այնուհետև կասեցրել այդ վարույթը և վարչական ակտի կատարումը, ինչը Գ. Դավթյանի խոսքերով՝ օրենքով հիմնավորված չէ:

Գ. Դավթյանը հավելեց, որ Է. Անտինյանը բողոք է ներկայացրել արդարադատության նախարարություն՝ պահանջելով հարուցել վարչական վարույթ, ինչը եւ արվել է. «Սակայն բողոքը պատշաճ չէ, քանի որ դրա համար հիմք ծառայող վարչական ակտ չկա»:

Երեկ Հ. Առաքելյանը ծանուցում է ստացել, ըստ որի՝ մերժվել է կուսակցության 20-րդ համագումարի որոշումը՝ կապված ատենապետի փոփոխության հետ: Նրանք դեռևս չեն դիմել դատարան, բայց դա կլինի իրենց հաջորդ քայլը: «Խեղկատակությունը պետք է վերջ ունենա»,- հավելեց Հ. Առաքելյանը:  

Նա հայտարարեց, որ այժմ 3 ճակատով պայքարում են պետական կառույցների դեմ՝ ոստիկանություն, դատախազություն, որը կապված է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ, և արդարադատության նախարարության, որի գործը կապված է Էդուրադ Անտինյանի հետ:

«Համերկրացի վարչապետը և Էդուարդ Անտինյան՝ կիրովականցի, շաշ լոռեցիներով իրար օգնում են, որպեսզի մենք խնդիրներ ունենանք»,- հայտարարեց Հ. Առաքելյանը:

Վերջինիս խոսքերով՝ արդարադատության նախարարությունը չի կարող ստիպել, որ այն մարդը, ով վտարված է կուսակցությունից, շարունակի մնալ ատենապետ: Է. Անտինյանը «փոքր մարդ է, որ պառակտի կուսակցությունը»՝ չնայած նա շարունակում է վարկաբեկել իրենց: Հ. Առաքելայնը միաժամանակ հավաստիացնում է, որ ինքը ատենապետ լինելու խնդիր չունի. դա ընդամենը համագումարի որոշումն է:

«Մենք հասկացանք, որ էս տղայի (Է. Անտինյան) կամ հոգեկանը խանգարվել ա, կամ էլ կաշառել են: Իմ տպավորությամբ նենց են կաշառել, որ քյալեն թափել ա»,- հայտարարեց Հ. Առաքելյանը:

Նրա խոսքերով՝ Հ. Ավետիքյանի հետ հակամարտությունը սկսվել է 2003 թվականից: Վերջինս տարիներ շարունակ վարակաբեկում է իրեն և «կեղտ լցնում» իր հասցեին: Ավետիքյանն ու Անտինյանը «խեղկատակություն են արել»՝ հայտարարելով երկու կուսակցությունների միացման մասին, ինչը Հ. Առաքելյանը որակում է որպես թրքաբարո գործունեություն: