HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի անօթեւանները ցրտահարվում են

Երկու ռուս կանանց՝ Իրա Կրիտինայի եւ Սվետլանա Գալուբկինայի համար ամանորյա ամենամեծ «խնջույքը» տեղի էր ունեցել երեք օր ուշացումով՝ հունվարի 3-ին, երբ նրանց այցի էր եկել իրենց ընկերուհի Վիկան՝ ուտելիքով եւ խմիչքով։ Վիկան ոչ թե մի քանի ժամով էր եկել, այլ համաձայնվել էր գիշերել ընկերուհիների հետ բաց երկնքի տակ' Կոմիտասի անվան այգում, Պանթեոնի հարեւանությամբ «ցելոֆանե» վրանում։ Ընկերուհիները չեն հիշում, թե երբ են քնել, բայց վեր են թռչել գոռալով։ «Ժամը 3-ի մոտ էր, ամեն ինչ վառվեց, կարողացա միայն դուրս վազել, ոտքս վառվեց, ինչ ունեինք, չունեինք՝ հագուստ, ծածկոց, վառվեց»,-դեպքից չորս օր հետո պատմում էր Իրա Կրիտինան, որի ձախ ձեռքն ու դեմքի կեսն այրվել էին ու արդեն թարախակալվել։ «Ձեթ եմ քսում»,- ասաց նա։ Թե ով էր այրել նրանց «տունը», չգիտեին. ոչ ոքի չէին տեսել։

Հարեւան շենքերից մեկի բնակիչ Արամը, որը երբեմն այցելում էր նրանց, ենթադրում է, որ պատճառը կանանցից մեկի՝ լավ չհանգցրած ծխախոտի մնացորդն է եղել։

Սուրբ Ծննդյան օրը' հունվարի 6-ին, Կոմիտասի անվան այգու պատերից մեկի տակ «ցելոֆանե» ծածկոցի ներքո հնամաշ ու պատռված հագուստներով կիսապառկած էին երկու կանայք, որոնք իրենց գլուխները բարձրացնում էին, երբ ինչ-որ մեկը մոտենում էր իրենց պատսպարանին։ Դես ու դեն թափված էին հագուստի, ուտելիքի մնացորդներ։ Պատի մոտ պարան էր, վրան' կանացի ներքնազգեստներ։ Ու այս ամենը հսկում էր մի շուն՝ Կաշտանկան, որի հրդեհից վնասված երկու ամսական ձագը ծվարել էր երկու կանանց արանքում։

Իրան ու Սվետլանան Կոմիտասի անվան այգում ապրում են արդեն 4 ամիս։ Սվետլանան ավելի վաղուց է այստեղ, իր ասելով' 2 տարի, բայց այն ժամանակ ապրում էր մեկ ուրիշ ընկերուհու հետ, որը տեղափոխվել է ապրելու իր «սիրած մարդու մոտ», որն, ի դեպ, էլի անօթեւան է։

«Ես Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքից եմ եւ շատ վաղուց եմ Հայաստանում' 1967թ.-ից: Դպրոցն այստեղ եմ ավարտել, անձնագիրս այստեղ եմ ստացել: Իմ ընտանիքը եկել է այստեղ հրավերով' Երեւանի հիդրոէլեկտրակայանը կառուցելու համար: Միանգամից երեք սենյականոց բնակարան էին հատկացրել: Իսկ հիմա անձնագիր չունեմ, հին խորհրդային անձնագիրս է: Չեմ կարողանում հայկական անձնագիր ստանալ, որովհետեւ գրանցում չունեմ։ Տունը ստիպված վաճառել ենք»,-պատմում է 55-ամյա Սվետլանան:

Ծնունդով կալինինգրադցի 59-ամյա Իրան Երեւանում երբեք սեփական բնակարան չի ունեցել, ապրել է վարձով։ Վերջին 7 տարիներին ապրել է Սարի թաղում։ «Այնտեղ ես չէի վճարում, այլ օգնում էի տանտիրուհուն, բենզալցակայանն էի մաքրում։ Հետո ամեն ինչ գողացան, եւ ես այլ տեղ չունեի գնալու, քան գալ այստեղ՝ Սվետայի մոտ»,-ասում է Իրա Կրիտինան։

Անօթեւան այս կանայք օրվա հացը վաստակում են աղբամաններից շշեր հավաքելով եւ հանձնելով։ «Նրանք մուրացկանություն չեն անում»,-վստահեցնում է իր մահացած մոր ընկերուհիներին հաճախ ուտելիք բերող 15-ամյա Վադիմը, որի մայրը ռուս է, հայրը՝ հայ։ Նրա մայրը մահացել էր նախորդ գարնանը, հայրը' Արմենը, դեռ որդու ծնվելուց առաջ տեղափոխվել է Գերմանիա։ Վադիմը դրսում չի գիշերում, ապրում է քեռու հետ։ Դպրոց չի գնում, թեեւ կուզենար, ու ինչպես իր մոր ընկերուհիները՝ շիշ է հավաքում, օրավարձով աշխատում է շինարարությունում։

«Ձեռքս ու գլուխս ցավում են։ Սվետայի ոտքերն էլ նախորդ տարվանից ցրտահարված են»,-իրենց մոտեցող յուրաքանչյուրին բողոքում էր Իրան։ Բայց երբ «Հետք»-ի կանչով շտապ բուժօգնության աշխատակիցները եկան, հրաժարվեց հիվանդանոց տեղափոխվել։ «Մեր շանն ինչպե՞ս անտեր թողնենք, բա մեր իրե՞րը... Աստեղ Սվետայի ամառային զգեստներն են։ Համ էլ ամոթ է այս տեսքով հիվանդանոց գնալ»,-բացատրում էր նա։

Բայց մեկ օր անց արդեն զղջացել էին ու խնդրեցին շտապ բուժօգնություն կանչել։ «Սարսափելի էր գիշերը, ցուրտ։ Իրան լաց էր լինում»,-ասաց Սվետլանան, որը շտապ բուժօգնության մեքենային մոտեցավ գուլպաներով, քանի որ կոշիկներն այրվել էին հունվարի 3-ի հրդեհի ժամանակ։ Մեքենան նրանց տեղափոխեց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն։ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ բժշկուհի Քնարիկ Չոմարյանը կասկածում էր՝ կընդունե՞ն նրանց այնտեղ, թե ոչ. «Օրական նմանատիպ բազմաթիվ կանչեր են լինում»։ Անօթեւան ռուս կանանց կենտրոնում ընդունեցին։ Նրանք այս տարվա առաջին անօթեւան հիվանդներից էին։ 2006թ. առաջին շաբաթվա ընթացքում Շտապ բուժօգնության մեքենան 4 անօթեւան հիվանդ է բերել Այրվածքների կենտրոն։

Ըստ Կենտրոնի Այրվածքային բաժանմունքի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր այրվածքաբան Հովսեփ Շամախյանի՝ նախորդ տարվա ընթացքում ցրտահարության 19 դեպք է եղել, որոնք հիմնականում անօթեւաններ են եղել։ Նրանցից 6-ը մահացել են' ընդհանուր սառեցումից եւ վերջույթների ցրտահարությունից։

Իրա Կրիտինային եւ Սվետլանա Գալուբկինային առաջին օգնություն ցույց տվեցին, ուղարկեցին բաղնիք, հնամաշ, այրված հագուստները նետեցին աղբարկղ։ Նվազագույնը 22 օր նրանք կբուժվեն հիվանդանոցում։ Իսկ դրանից հետո՞... «Հո մեր տուն չե՞նք տանելու»,-կատակեց բժիշկներից մեկը։ Անօթեւան հիվանդները, որոնցից յուրաքանչյուրի բուժման համար պետբյուջեից հատկացվում է 200 000 դրամ, վիրահատվելուց, ամիսներ շարունակ հիվանդանոցում անցկացնելու հետո, որպես կանոն, վերստին հայտնվում են փողոցում։

Իրա Կրիտինան եւ Սվետլանա Գալուբկինան հույս ունեն, որ բուժումից հետո իրենք կտեղափոխվեն Չորրորդ գյուղում վերանորոգվող անօթեւանների կացարան։

Կարինե Ասատրյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter