HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարո՞ղ ա ինձ պալտո տաք, սրանով ցուրտ ա»

Անօթեւանների փոքրիկ ընկերը

15-ամյա Վադիմ Մեշերեկովը անուն առ անուն գիտի մայրաքաղաքի գրեթե բոլոր ռուս անօթեւաններին, որոնց թիվը, ըստ վերջիններիս, հիսունից ավելի է։ Նրանց հետ ծանոթացել է մոր՝ Իրինայի միջոցով։ «Մամայիս ընկերուհիներն են, մի ժամանակ տուն ունեին, հիմա էլ չունեն»,-ասում է նա։ Վադիմի մայրը ծանր հիվանդությունից անցյալ տարի մարտ ամսին է մահացել, բայց Վադիմը շարունակում է այցելել նրա ընկերուհիներին՝ երբեմն ուտելիք բերելով։

Անօթեւան չլինելով՝ իրականում Վադիմն ինքը ուտելիքի ու հագուստի կարիք ունի։ Ապրում է քեռու հետ Սմբատ Զորավար, տուն 32 հասցեում։ Վադիմի մայրը ռուս է, հայրը՝ հայ։ Վերջինիս մասին Վադիմը միայն լսել է, քանի որ հայրը գնացել է Գերմանիա, երբ դեռ որդին չէր ծնվել։ Գիտի, որ հոր անունը Արմեն է։

15-ամյա Վադիմը դպրոց չի գնում։ Նույնիսկ գրել-կարդալ չգիտի։ Իր ասելով' մի քանի տարի 2-րդ գիշերօթիկ դպրոցն է գնացել, բայց սովորածն արդեն մոռացել է։ Վադիմն ուզում է դպրոց գնալ, բայց այնպիսին, որ գիշերը տուն վերադառնա։ Քեռին հիսունն անց է, ամուսնալուծված, երեխաներ չունի (նրա նախկին կինը՝ Վիկան, Երեւանի ռուս անօթեւաններից մեկն է-խմբ.):

«Ընկերներ, ոնց որ ասում են՝ իսկական, չունեմ»,-ասում է Վադիմը։ Թեեւ ունի խաղընկերներ, որոնց հետ ֆուտբոլ է խաղում։ Մնացած ժամերին Վադիմն օգնում է քեռուն։ «Մեկ-մեկ գործ ա լինում, անում եմ, բանվորություն, էլի...»,-ասում է նա։ Նպաստ կամ որեւէ այլ օգնություն նա չի ստանում. հիմնականում աղբանոցներից շշեր է հավաքում, հանձնում, ստացած գումարով հաց ու ծխախոտ գնում։ Երբ Շենգավիթի թաղապետարանում փորձեցինք ինչ-որ փաստեր ճշտել Վադիմի մասին, պարզվեց, որ 15-ամյա տղայի գոյության մասին այնտեղ չգիտեին էլ։ Խոստացան ճշտել եւ օգնել։ Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչությունում եւս խոստացան տղային օգնել, եթե համապատասխան նամակով դիմեն իրենց։

Գայանեն

2006թ. առաջին օրը ավետող ժամացույցի զանգերը 47-ամյա Գայանե Եղիազարյանը լսել է Հանրապետության հրապարակում։ Իսկ երբ հոգնել է, գնացել քնել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բակում։ «Առաջ շենքերից մեկի կրիշում էի քնում, հետո թույլ չտվեցին։ Մի ժամանակ կինո «Ռոսիա»-ի պադվալում էի քնում, հիմա մանկավարժականի բակում»,-պատմում է Գայանեն ու հանկարծ խոսքն ընդհատում. «Կարո՞ղ ա ինձ պալտո տաք, սրանով ցուրտ ա»։

Հագին մոխրագույն հնամաշ վերարկու է, գլխին՝ գույնը վաղուց կորցրած գլխաշոր։ Երեւանի անտուն կանանց մեծ մասի պես Գայանեն ասում է, որ ինքը ամուսնալուծված է, տուն ուներ, որ տարիներ առաջ «կյանքի բերումով կորցրել է»։ Ասում է, որ 20-ամյա աղջիկ ունի, որն ամուսնացել եւ ապրում է Գյումրիում իր երկու թոռնիկների հետ։ Ըստ Գայանեի' աղջիկը չգիտի իր վիճակի մասին։ Երկու տարուց ավելի է, այսինքն' այն ժամանակվանից, երբ դրսում է գիշերում, աղջկան չի տեսել, վերջինս էլ մորը տեսության չի գալիս, որովհետեւ «հազիվ են ապրում»։ «Կուզենայի մի փոքր անկյուն տային՝ ապրեի, աշխատանք՝ աշխատեի, ուրիշ բան չեմ ուզում»,-երազում է Գայանեն։ Նա չի մանրամասնում՝ այսօր ինչպես է ապրում, միայն պնդում է, որ մուրացկանություն չի անում:

Վիկան ու Սերյոժան

Սերյոժան իր կնոջը՝ Վիկային, գտել է Կոմիտասի անվան պանթեոնում։ Ազգությամբ ռուս Վիկան այստեղ ապրում էր իր երկու անօթեւան ընկերուհիների՝ Սվետլանայի եւ Իրայի հետ։ 4 ամիս առաջ Վիկան տեղափոխվել է ապրելու Սերյոժայի' «Վստրեչի» կամրջի մոտ, արդեն գոյություն չունեցող, ցամաքած լճի ափին գտնվող վրանը։ «Մենք սիրում ենք իրար»,-ասում է 50-ը վաղուց բոլորած Վիկան։ Թե՛ ինքը, թե՛ Սերյոժան ընտանիք ունեն։ Վիկան ամուսնալուծված է, Սերյոժան իր ընտանիքի մասին չի ցանկանում խոսել։ Միայն ասում է, որ կինը եւ երեխաները գիտեն, թե ինչպես է արդեն 2 տարի ապրում ինքը։ «Մեր նմանները Երեւանում շատ-շատ են, 1000-ից ավելի»,-ասում է Սերյոժան։

Ըստ նրա' նախորդ տարվա ընթացքում իր ծանոթ անօթեւաններից շատերը մահացել են՝ կամ ձմռանը ցրտահարվել են, կամ դանակահարվել հարբած ծեծկռտուքների ժամանակ։ Իր մասին Սերյոժան քիչ է խոսում։ «Երկար տարիներ շոֆեր եմ եղել Զեյթունի կաթի գործարանում։ Գնացել եմ Լեհաստան, ապրել 6 տարի։ Հետ եմ եկել ու դարձել բոմժ»,-երեսիդ չնայելով՝ պատմում է նա։ «Մեկ-մեկ մտածում եմ՝ գնամ դիմեմ Կարմիր Խաչ, համ աշխատանք կտան, համ մնալու տեղ»,-ասում է Սերյոժան։ Իսկ թե ինչու՞ չի անում, ինքն էլ չգիտի։

Հանկարծ Վիկան հանում եւ քարե «սեղանին» է դնում դեռեւս չբացած գինու շիշը՝ «Գրանդ Չեվելեր»։ Հարեւան շենքերի բնակիչներն են բերել ամանորին։ «Եկան մեր Նոր տարին շնորհավորեցին, ամեն ինչ բերին, առ այսօր բերում են»,-ասում է Սերյոժան։ Ի դեպ, Վիկան իրենց «տունը» զարդարել էր փաթեթավորման թղթի կտորներով, վրանին հենարան ծառայող ծառից կախել էր եղեւնու ճյուղ, բայց վրան ոչ թե այս տարվա խորհրդանիշ շունն էր, այլ այծ։

Կարինե Ասատրյան

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter