HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք պայմաններ չունենք հյուրեր ընդունելու համար»,- ասում են վրանում ապրող անօթեւանները

Կովալյով ամուսինները բաժանումից 28 տարի անց հանդիպեցին եւ դարձան հարեւաններ, բայց ոչ թե շենքում, այլ փողոցում: Նոր Նորքի Մոլդովական փողոցում դեմ-դիմաց երկու վրաններ են, որոնցից մեկում ապրում է 70-ամյա, ազգությամբ ռուս Նիկոլայ Կովալյովը, մյուսում' նրա առաջին կինը' 65-ամյա ուկրաինուհի Նադեժդան եւ որդին' 36-ամյա Յուրան: Նիկոլայն ու Նադեժդան ՀՀ քաղաքացիներ են, Յուրան' Ուկրաինայի:

Արդեն երկրորդ ձմեռն է Յուրան ու նրա մայրը անց են կացնում դրսում' իրենց համար բնակարան դարձած վրանում, որից դուրս է գալիս վառարանի ծխնելույզը: Յուրան դժվարանում է բացատրել, թե ինչպես են իրենք հայտնվել փողոցում:

«Ունեինք բնակարան Նոր Նորքի 2-րդ զանգվածում, հետո հարկադիր կարգով կորցրինք»,-ասում է Յուրան: «Եկան ինչ-որ մարդիկ, ասացին' իրավունք չունեք այստեղ ապրելու, եւ ես ու մայրս դուրս եկանք»,-շարունակում է նա:

Յուրայի պատմելով' Մոլդովական փողոցի 8-րդ շենքում գտնվող իրենց բնակարանը վաճառել է նրա քույրը, որն իր երեք որդիների հետ գրանցված էր այդ հասցեում: Յուրային եւ նրա մորը վաճառքից ստացված գումարից ոչինչ բաժին չի հասել, իսկ բնակարանի նոր տերերը վերջիններիս վտարել են տնից: Ի դեպ, Յուրան այդ բնակարանի սեփականատեր չի եղել, բայց նրա մայրը համասեփականատեր է եղել: «Կյանքը դժվար է, պայմանները շատ բարդ են»,- ասում է Նադեժդան: Նա Երեւանում է ապրում արդեն 35 տարի, երկար տարիներ աշխատել է քիմիական գործարանում:

Որդուց բացի Նադեժդան երկու աղջիկ ունի, 5 թոռ: Աղջիկներից մեկը գյուղում է ապրում, մյուսի' բնակարանը վաճառողի տեղը չգիտի: Չնայած վերջինս, Նադեժդայի ասելով, գիտի, թե ինչպես են ապրում մայրն ու եղբայրը, բայց երբեք այցի չի եկել: «Ինչպե՞ս գա, ինքն էլ լավ չի, երեք երեխա է պահում»,-արդարացում գտավ մայրն ու շարունակեց: -Համ էլ, մենք պայմաններ չունենք, որ հյուրեր ընդունենք, ճանապարհենք»: Նադեժդան կուզենար տեղափոխվել այլ տեղ, բայց անհանգստանում է որդու համար: «Բնակարան չունենալու պատճառով չամուսնացավ»,-ասում է նա: Յուրան էլ ուզում է վերադառնալ Ուկրաինա, բայց մորը մենակ չի կարող թողնել: Թեեւ հնարավորություն էլ չունի իրենց ճանապարհածախսը հոգալու համար: Շինարարությունում աշխատելով' Յուրան հազիվ հոգում է օրվա հացի խնդիրը:

Իսկ նրանց հացն այսօր կիսում է նաեւ 28 տարի առաջ ընտանիքը լքած հայրը' Նիկոլայ Կովալյովը: Վերջինս փողոցում է ապրում արդեն 5 տարի: Իր ասելով' դրսում է հայտնվել երկրորդ կնոջ' Սվետայի շնորհիվ, որն առանց իր գիտության վաճառել է Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող իր բնակարանը: 7 տարի Կոշի եւ Արթիկի քրեակատարողական հիմնարկներում անցկացնելուց եւ դուրս գալուց հետո Նիկոլայ Կովալյովը այլ բան չի կարողացել անել, քան գալ ու «տուն» կառուցել Նոր Նորքի 2-րդ զանգվածում: Վրանի մոտ թափված բազմատեսակ շշերը հուշում էին, թե ինչով է ապրում 70-ամյա մարդը: Նիկոլայը չի թաքցնում, որ կուզենար ապրել ոչ թե մենակ, այլ դիմացի վրանում, որտեղ նախկին կինն է եւ որդին: «Ո՞վ չի ուզում իր ընտանիքը վերադառնալ, բայց ես այլեւս ոչ բնակարան ունեմ, ոչ ուրիշ բան»,-ասաց նա:

Կարինե Ասատրյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter