HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամփորդական գրառումներ զեղումներով

Դիմացիս պատին Կանադայի դրոշն է ամրացված, նվագարկիչից հնչում են լեհական հայրենասիրական երգեր, իսկ Կոմիտասի ձայներիզը սեղանին սպասում է իր հերթին:

Ջուլիուսի տանն եմ: Ջուլիուսը Կանադայից է, ունի լեհական ծագում եւ վերջին մեկ տարին ապրում է Հայաստանում: Այստեղ եկել է երիտասարդ մասնագետների AIESEC փոխանակման ծրագրով:

Իռլանդական բեյլիսն ու հայկական կոնյակը խառնել ենք իրար, եւ այդ ոչ այնքան հաջող խառնուրդը կում-կում խմելով' «հաշվում ենք հայ ոստիկանների ոսկորները»:

Ճիշտն ասած' սկզբում ոստիկանների մասին խոսելու մտադրություն բոլորովին չկար: Սկզբում խոսում էինք Ջուլիուսի ճամփորդություններից Հայաստանում: Գրեթե վայր չկա Հայաստանում, ուր այս կանադացին չի եղել. եթե հանկարծ կազմակերպությունը, որտեղ հիմա աշխատում է, փակվի, կարող է հանգիստ տեղավորվել որեւէ տուրիստական գործակալությունում որպես ուղեւար:

Ջուլիուսն արկածների մեջ ընկնելու իսկական տաղանդ ունի, եւ դրանցից ամենազավեշտալիները կապված են ոստիկանների հետ:

Հայ ոստիկանները կանադացուն չեն դադարում զարմացնել իրենց կաշառակերությամբ: Այն, որ գրեթե ցանկացած զանցանքի համար ոստիկանին տալիս ես որոշակի գումար ու ազատվում գլխացավանքից, նա հասցրել է նկատել Հայաստան գալու առաջին իսկ օրերին:

Իսկ առաջին ճամփորդության ժամանակ... Վեց հոգով գնում են Լոռի: Հին «Վոլգայի» առջեւում նստած են իր երկու հայ ընկերները, ետեւում' ինքն ու աղջիկները: Անձրեւը չռռում է, եւ առջեւում նստած Ստեփանը աղջիկների մոտ իրեն ցուցադրելու համար իջեցնում է ապակին, հանում շապիկը եւ նստում մեքենայի դռան վրա: Քիչ անց ոստիկանները կանգնեցնում են մեքենան: Ղեկին նստած Հակոբը վերցնում է փաստաթղթերը եւ գնում դեպի ոստիկանները: Մի քանի րոպեից նա վերադառնում է գոհունակ ժպիտով եւ պատմում ոստիկանի հետ ունեցած երկխոսությունը:

Հակոբ: -Ներեցեք, իմ ընկերը... նա գերմանացի է, իսկ արտասահմանցիները, գիտեք, բոլորը խելապակաս են:

Ոստիկան: -Բայց դա խուլիգանություն է: Վճարեք հինգ հազար դրամ տուգանք:

Հակոբ: -Ախր այսօր արդեն մի անգամ նրա պատճառով վճարել եմ ոստիկաններին երեք հազար դրամ:

Ոստիկան: -Դե լավ, երկու հազար տվեք: Բայց չասեք ձեր ընկերոջը, որ փող եք տվել, թող հայերի մասին վատ կարծիք չկազմի:

Եվ երբ մի քանի ամիս անց Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում ոստիկանը կանգնեցնում է Ջուլիուսին, տղան խորը հոգոց է հանում' փորձելով գուշակել, թե օրինապահն ինչքան է ուզելու եւ ինչի համար:

Ղարաբաղով ճամփորդում էին չորսով' ինքը եւ երեք աղջիկներ' երկու հոլանդացի եւ մի գերմանացի: Չորս զույգ կապույտ աչքեր, չորս շիկահեր գլուխ... Իհարկե, նրանք միանգամից հայտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում:

Գյուղի աղքատ պատկերի հետ բոլորովին չհամընկնող, նավի տեսք ունեցող հյուրանոցի մոտ նրանց է մոտենում ոստիկանի համազգեստով մի տղամարդ եւ պահանջում փաստաթղթերը: Ջուլիուսը նրան է մեկնում անձնագիրը եւ ԼՂՀ տարածքում ճանապարհորդելու անցաթուղթը:

Ոստիկանը երկա՜ր-երկա՜ր զննում է փաստաթղթերը, հետո ետ է վերադարձնում: Ջուլիուսն ու աղջիկները շարունակում են ճանապարհը դեպի գյուղի միակ սրճարանը: Հանկարծ ոստիկանը ձայն է տալիս:

-Դու՛ , արի՛ այստեղ,- ռուսերեն բղավում է Ջուլիուսին,-նստի՛ր մեքենան,- կարգադրում է ոստիկանը ու,- փակի՛ր դուռը:

Հետո լռություն: Ու հանկարծ մեղմ, ոչ ոստիկանական ձայնով.

-Շեֆս ձեզ այսօր հրավիրել է ճաշի, կգա՞ք:

-Իհարկե կգամ....

Ոստիկանների շեֆի հետ ճաշկերույթը տեւում է շուրջ հինգ ժամ: Օղի, գինի ու հայկական երկար-բարակ կենացներ:

Ամեն առիթով կենացներ ասելու սովորույթն այնքան է գրավել Ջուլիուսին, որ հիմա ազատ ժամանակ նա զբաղվում է դրանք հորինելով, որպեսզի, երբ սեղանի շուրջ բղավում են' չէ, չէ, մտածել չկա, արագ մի բան ասա, մի բան ասի:

Ջուլիուսը Հայաստանում ամենաշատը սիրում է հայերին:

-Այնքան ջերմ, հյուրասեր ու շփվող են հայերը, Կանադայում նման բան չես տեսնի,- ասում է նա:

Ու միանգամից հիշում է առաջին ճանապարհորդությունը Երեւանից դուրս, դեպի Գառնի-Գեղարդ:

-Գեղարդում մի մարդ խնդրեց լուսանկարել իր ընտանիքը: Կյանքում առաջին անգամ էր թվային ֆոտոխցիկ տեսնում: Հետո հրավիրեց, ավելի ճիշտ' պնդեց, որ միանանք իրենց ճաշկերույթին: Ճաշից հետո պարում էինք կենդանի երաժշտության' կլարնետի, դուդուկի ու զուռնայի տակ: Մի պապիկ կար այնտեղ' յոթանասունն անց, դժվար կյանք էր ունեցել, 60-70-ականներին աքսորվել էր Սիբիր, բայց շարունակ կենացներ էր խմում այն մասին, որ սիրում է բոլոր մարդկանց' լինի դա հայ, թե թուրք, թե նույնիսկ... սեւամորթ:

Այս պապիկի, փոստատար մեկ այլ պապիկի, իր տան բակի երեխաների, հարեւանների մասին Ջուլիուսը կարող է պատմել անվերջ, միշտ նույն ջերմությամբ:

Կոնյակաբեյլիսի հերթական կումից հետո հարցնում եմ.

-Լավ, ոչինչ չի՞ նյարդայնացնում քեզ հայերի մեջ:

Փոքր դադարից հետո ասում է.

-Նյարդայնացնել չէ, բայց անսովոր է այն, որ շատ են ուշադրություն դարձնում արտաքինին: Քայլում ես փողոցով, աղջիկները բոլորը կրունկների վրա, լավ շպարված, նույնիսկ եթե ընդամենը խանութ են գնում: Դա լավ է, եթե իրենց ցանկությունն է, սակայն չգիտեմ՝ այդպիսին են, որովհետեւ իրե՞նք են ուզում, թե՞ որովհետեւ պետք է: Պետք է հետեւել նորաձեւությանը, պետք է ետ չմնալ: Չնայած' Կանադայում էլ մեկ այլ ծայրահեղություն է: Մարդիկ քայլում են ջինսով ու լայն շապիկով, բոլորովին ուշադրություն չեն դարձնում իրենց վրա, հաճախ այնքան գեր են, որ ոչ թե քայլում են, այլ գլորվում են փողոցով:

Խմիչքի վերջին կումերի հետ հիշում ենք աշխարհով մեկ սփռված հայտնի հայերին: Կանադայում Ատոմ Էգոյանից զատ ուրիշ հայ գտնելու ապարդյուն ջանքերից հետո Ջուլիուսին առաջարկում եմ փորփրել իր արմատները. գրեթե համոզված եմ, որ հայկական գոնե մի շիվ կգտնեմ:

Շիվ չեմ գտնում, բայց կապեր Հայաստանի հետ, այնուամենայնիվ, հայտնաբերվում են:

Ջուլիուսը պատմում է, որ Լեհաստանի իրենց տանը պատին մի գորգ էր կախած: Պարզվում է' նրա տատիկի հորաքրոջ ամուսինը եղել է ցարի զինվորականներից եւ աշխատել է Հայաստանում: Բոլշեւիկյան հեղափոխությունից հետո նրան բանտարկել են, իսկ կինը երկու երեխաների հետ փախել է Լեհաստան: Ու միակ բանը, որ տարել է հետը Հայաստանից, եղել է հայկական գորգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter