HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արմեն Գյուլբուդաղյանց. «Վստահ եմ՝ հավաքականը վաղն ամեն ինչ անելու է հաղթանակի հասնելու համար»

Յուրա Մովսիսյանի խաղից կզգացվի Հայաստանի ազգային հավաքականի խաղի բարելավվումը: Այս մասին Ազգերի լիգայի D դիվիզիոնի 3-րդ տուրի Ջիբրալթարի ընտրանու դեմ խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

«Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և հավաքականին կրկին ինտեգրվելու կարիք  չունի: Շատ մեծ ցանկությունով է եկել: Հավաքականի շապիկը հագնելուց հետո էլ չես մտածում՝ պատրաստ ես խաղին, թե՝ ոչ: Ցանկությունը այնքան մեծ է, որ բերում է 100% պատրաստվածության»,- վստահեցրեց հավաքականի մարզիչը:

Խոսելով թիմի կադրային խնդիրներից՝ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և պաշտպան Անդրե Կալիզիրը պատրաստ չեն խաղին վնասվածքների պատճառով, իսկ ինչ վերաբերում է Մարկոս Պիզելիին, մարզիչն ասաց, որ նա թեթև վնասվածք ուներ, սակայն արդեն իսկ երկու մարզում անցկացրել է, և հույս հայտնեց, որ պատրաստ կլինի առաջիկա խաղերին: Վնասվածք ստացած ևս մեկ ֆուտբոլիստի՝ Կարլեն Մկրտչյանի մասին մեր ընտրանու մարզիչն ասաց, որ նրա ֆունկցիոնալ պատրաստվածությունը լավ վիճակում է և արդեն կարող է օգնել հավաքականին:

«Շատ գոհ եմ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մարզումներից, ես վստահ եմ, որ վաղը նրանք ամեն ինչ անելու են հաղթանակի հասնելու համար»,- ընդգծեց Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած անհաջող խաղերից հետո երկրպագուների շրջանում դժգոհություն էր առաջացել: Նրանցից շատերը նույնիսկ պահանջում էին զրկել Մխիթարյանին ավագի թևկապից և այն հանձնել Մարկոս Պիզելիին: Այս թեմայի վերաբերյալ Գյուլբուդաղյանցը նշեց, որ թիմում ավագի փոփոխություն չի լինելու՝ շեշտելով, որ Մխիթարյանը հավաքականի առաջատարն է և վաղը հենց նա է թիմին դուրս բերելու խաղադաշտ:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի մրցակցին` մեր ընտրանու գլխավոր մարզիչն ասաց, որ ուսումնասիրել են Ջիբրալթարի հավաքականին, որը համարձակ թիմի տպավորություն է թողել:

«Թե՛ տանը, թե՛ դրսում նրանք փորձում են առաջին համարով խաղալ, փորձում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Չէի ասի, թե նրանք կորցնելու բան չունեն, նրանք էլ են խաղում լավ արդյունքների համար: Ընդհանուր առմամբ, նրանք շատ լավ ֆուտբոլ են խաղում»,- ասաց Գյուլբուդաղյանցը՝ ընդգծելով, որ երբեք պետք չէ թերագնահատել մրցակցին:

Արմեն Գյուլբուդաղյանցը ազգային ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել հոկտոմբերի 7-ին: Նրա պայմանագիրը ՀՖՖ-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի մայիսը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնի 1-ին տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ, իսկ սեպտեմբերի 9-ին հյուրընկալվելիս 2:0 հաշվով զիջեց ՆՀՀ Մակեդոնիային:

D դիվիզիոնի 3-րդ տուրի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter