
«Հետքի» հոդվածից հետո «Google Maps»-ը փակել է Արմեն Ամիրյանի առանձնատների պատկերները
Սեպտեմբերին գրել էինք ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի ամերիկյան անշարժ գույքի եւ թանկարժեք գործարքների մասին: Պարզվում է՝ հրապարակումից հետո «Google Maps»-ը ծածկել է նախկին պաշտոնյայի առանձնատների պատկերները, ինչն, ըստ էության, արվել է նրա ցանկությամբ:
Հիշեցնենք, որ 2008 թ. օգոստոսի 13-ին Ա. Ամիրյանը, լինելով Հանրային ռադիոյի ղեկավար, 820.000 դոլարով առանձնատուն էր ձեռք բերել Գլենդելի Քեմփթոն Ռոուդ 300 հասցեում (300 Kempton Road, տես ստորեւ):
Եվս մի առանձնատուն Գլենդելի Հիլքրոֆթ Ռոուդ 943 հասցեում (943 Hillcroft Road) Արմեն Ամիրյանը գնել է 2013-ի օգոստոսի 21-ին (տես ստորեւ):
2013-ի հոկտեմբերի 18-ին Ա. Ամիրյանը հողակտոր է ձեռք բերել Գլենդելի Սաութ Վերդուգո Ռոուդ (South Verdugo Road) եւ Իսթ Հարվարդ Սթրիթ (East Harvard Street) փողոցների խաչմերուկում՝ վճարելով 1.162.000 դոլար: Հողամասի վրա կա 3 շինություն՝ խանութ, սննդի կետ, 6 բնակարանից բաղկացած երկհարկանի շենք: 2018-ի փետրվարի 23-ին Արմեն Ամիրյանը 2.040.000 դոլարով ամբողջ այս գույքը վաճառել է: Սա է պատճառը, որ նշված տարածքի պատկերը, ի տարբերություն երկու առանձնատների, «Google Maps»-ում հասանելի է (տես ստորեւ):
Առաջին լուսանկարում՝ Ա. Ամիրյանի Հիլքրոֆթ Ռոուդ փողոցում գտնվող տունը
Մեկնաբանել