HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

ՖՄԿ-ն դադար է վերցնում եւ առայժմ խուսափում է ընդլայնվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ ունեցած իր բացման ելույթում խոսեց կազմակերպությանն անդամակցության պայմանների փոփոխության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ պետք է պահանջներ ներկայացնել մարդու իրավունքների հարգման տեսանկյունից։ Նա, հավանաբար, ակնարկում էր Սաուդյան Արաբիային, որը դիտորդի կարգավիճակով անդամակցության հայտ էր ներկայացրել, սակայն վերջին պահին հետ էր կանչել՝ հասկանալով, որ իր թեկնածությունը հավանության չի արժանանա։

Արդեն գրել ենք, որ Ֆրանսիայի դժգոհությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Սաուդյան Արաբիան ոչ միայն ֆրանսախոս չէ, այլեւ այստեղ չեն հարգվում մարդու իրավունքները եւ ժողովրդավարական արժեքները։ Սակայն նույն տրամաբանությամբ կազմակերպությանը չպետք է անդամակցեին բազմաթիվ աֆրիկյան պետություններ, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը եւ այլն։

Գագաթնաժողովից հետո հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսին Ֆրանսիայի պետնախարար Ժան Բատիստ Լըմոենին հարցրինք. «Արդյոք Ֆրանսիայի նախագահի՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պահանջը նոր անդամակցող պետություններից չի վկայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում երկակի ստանդարտների առկայության մասին, քանի որ ՖՄԿ արդեն իսկ անդամ բազմաթիվ պետություններում ոտնահարվում են մարդու իրավունքները։

Ահա նրա պատասխանն ամբողջությամբ. «Խոսքը կազմակերպության ընդլայնման մասին է։ 48 տարի առաջ, երբ ծնվեց կազմակերպությունը, 21 անդամ երկիր կար, այժմ ունենք 48 պետություն եւ կառավարություն (նկատի ունի լիիրավ անդամներին - խմբ.)։ Կարող եք զգալ, թե ինչ չափով է ֆրանկոֆոնիան ընդլայնվել եւ զարգացել՝ մեկնարկելով մի փոքրիկ միջուկից, որտեղ ֆրանսերենը հիմնական լեզուն էր եւ ընդլայնվելով դեպի այլ պետություններ, որոնք ցանկանում էին միանալ այս ընտանիքին, իրականացնել կրթական, ուսուցողական եւ այլ ծրագրեր ու միանալ մի ընտանիքի, որը քաղաքական կշիռ ունի համընդհանուր ազգերի մեջ։ Ֆրանկոֆոնիայի անդամները շատ հստակորեն ասել են, որ ցանկանում են բացվել դեպի այլ երկրներ, ովքեր անկեղծ ցանկություն են հայտնել ծրագրեր իրականացնել ֆրանսերեն լեզվով, միանալ այն արժեքներին, որոնք խարսխված են Ֆրանկոֆոնիայի խարտիայում, փաստաթղթերում։ Այն պետությունները, որոնք ցանկանում են միանալ մեր ընտանիքին, պետք է համապատասխանեն այդ տրամաբանությանը։ Այստեղից արդեն բանավեճ է բացվում, եւ կարծում եմ որ ցանկություններից մեկը, որն արտահայտեցին անդամները, այն է, որ մտորումների աշխատանք պետք է իրականացվի, որովհետեւ մենք շատ ենք ընդլայնվել մի քանի տարվա ընթացքում։ Ի դեպ, դա որոշվեց նախարարական խորհրդաժողովի ժամանակ։ Նաեւ մտորումներ ունենանք ընդլայնման եւ խորացման վերաբերյալ։ Ֆրանկոֆոնիան ցույց է տվել, որ կարող է լինել հյուրընկալ, բաց, որ առաջընթացի ուժ է։ Բայց այժմ պետություններն ու կառավարություններն է, որ գլխավոր քարտուղարի հետ միասին պիտի մտորեն՝ ընդլայնու՞մ, թե խորացում։ Սրանք դասական քննարկումներ են, որ մենք ունենք տարածաշրջանային տարբեր կազմակերպություններում, օրինակ՝ Եվրամիության դեպքում, բայց նաեւ այլուր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter