HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենալավ անտունը»

«Երեւի էլի նկուղում բոմժ է մահացել, եկել են տանեն»,-կարծեցին Արցախի 8 հասցեի բնակիչները, երբ տեսան լրագրողների խնդրանքով շենքին մոտեցող շտապօգնության մեքենան: Պատուհաններից, մուտքից հետաքրքրությամբ իրադարձություններին հետեւողները բաց չթողեցին առիթը' դժգոհելու, թե որքան է իրենց խանգարում անտունների գոյությունը, եւ քանի անգամ են ցանկացել կողպել դուռը, որպեսզի նրանք չմտնեն շենքի նկուղ:

«Պադվալում ի՞նչ գործ ունեն մարդիկ, երկու տարի առաջ շենքի հիմքը ամրացրինք, որ ուրիշները գան մտնեն պադվա՞լ»,-զայրացած բացականչեց մի կին: Իսկ ու՞ր գնան, եթե օթեւան չունեն. այս հարցը տիկնոջը չէր հետաքրքրում: «Ուր ուզում են' հանրակացարան կամ մի այլ տեղ: Էստեղ երեխաներ են մեծանում»:

Իսկ նկուղում այդ պահին բժիշկը զննում էր Հրանտին (Տես նաեւ' Անօթեւանն աղոթում է «ձմեռը հանելու համար»): Ծնկից ներքեւ ոտքերն ամբողջովին փայտացել էին, հազիվ էր քայլում: «Դեռեւս պատերազմի ժամանակ ոտքերս ցրտահարվեցին ու հիմա, դրսում մնալու պատճառով, խորացել է, էս երկու օրը շատ վատ եմ, սենց բան չէր եղել»,-Հրանտն առաջին անգամ խոսեց պատերազմի մասին, նախկինում երբեւէ չէր պատմել: Չորս տարի մասնակցել է Արցախյան ազատամարտին, Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ գործող զորամասում է եղել' Ղարաբաղի Մարտունու շրջանում: Մասնակցել է Աղդամի, Ֆիզուլու թեժ մարտերին: «Փա ս տաթղթերս դրսում կորցրել եմ, մոտս չեն, բայց Էրեբունու զինկոմիսարիատում պահպանվում են, որ հետաքրքրվեք, կտան, կարող ա հիվանդանոցում պետք գա»: «Իսկ պետությունը որպես ազատամարտիկի չի՞ օգնել քեզ»,-հարցնում եմ: «Ոչ, իսկ ի՞նչ պիտի աներ պետությունը»: «Բայց դու պայքարել ես հայրենիքի համար, հիմա չե՞ս զղջում, որ պայքարել ես»: «Իսկ ինչու՞ պիտի փոշմանեմ»:

Հրանտը փողոցում է արդեն 6-7 տարի, տուն չունի,1988-ին Բաքվից Հայաստան գաղթելուց հետո չի էլ ունեցել: Սկզբում կնոջ եւ երեխայի հետ ապրել է Կապանում' բարեկամի տանը: Ամուսնալուծությունը, հետո էլ պատերազմը վճռել են ճակատագիրը: «Ինչո՞վ ես ապրում»,-հարցնում եմ: «Այ սենց, գալիս եմ, չայ եմ խմում, ցամաք հաց եմ ուտում: Շենքերի երեխաներից մի քանիսը կան, հաց են բերում, ուտելիք»: Բակի երեխաները նրան «Ձյաձ» են անվանում:

«Ամենալավ մարդն է շրջապատի անտունների մեջ: Ամեն առավոտ աղբյուրի ջրով լվացվում է, շորերը փոխում: Ամեն օր գալիս ենք, զրուցում, հետաքրքիր բաներ ա պատմում իր մասին, պատերազմից»,-Հրանտին բնութագրում են բակի երեխաները: Նրանք Հրանտին ուղեկցեցին մինչեւ շտապբուժօգնության մեքենայի դուռը:

Ազատամարտիկը տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները փաստում են, որ ոտքերից բացի, Հրանտը խնդիրներ ունի նաեւ սրտի շրջանում: Սակայն անհրաժեշտ սարքավորումներով հետազոտությունը թանկ արժե, եւ Հրանտի պարագայում կդժվարանան իրականացնել, եթե բարեգործներ չլինեն: Հիվանդանոցը չի լուծում նաեւ հոսպիտալացված հիվանդների սննդի խնդիրը, եւ Հրանտի ամենօրյա սննդի ապահովման համար եւս կողմնակի օժանդակություն է անհրաժեշտ: Ազատամարտիկ Հրանտը հիվանդանոցում կմնա մի քանի օր, որից հետո, սակայն, նրա ճակատագիրն անհայտ է:

Հ.Գ. Շնորհակալություն ենք հայտնում «SQUAREONE» բիստրոյին մեր խնդրանքով հիվանդանոցում գտնվելու օրերին Հրանտին սննդով ապահովելու համար:

Իրինա Հովհաննիսյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter