
Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ
Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա իր արտահերթ նիստին:
«Դուք գիտեք, որ պարոն Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես ընդունված է ասել նախորդ կառավարության կամ նախկին իշխանության տարիներին: Ես կարծում եմ՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է թվալ տարօրինակ, և ես հիմա որոշ պարզաբանումներ եմ ներկայացել, թե ինչ ենք մենք ուզում անել և ինչու»:
Վարչապետն ասաց՝ իրեն համար կարևոր է, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում: Այդ իսկ պատճառով չպետք է թույլ տան, որ երկրում զարգանա «քաղաքական ռասիզմը». և ինչ-որ մարդիկ ենթարկվեն որոշակի հետապնդումների, վատ վերաբերմունքի, միայն այն պատճառով, որ պաշտոնավարել են նախկին իշխանությունների ժամանակ. «Ես կարծում եմ` գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադները ապամոնտաժելու ժամանակը: Ես հույս ունենք, որ մոտենում ենք այդ եզրագծին՝ լիարժեքորեն զբաղված լինելով կառուցողական աշխատանքով, լիարժեքորեն զբաղված լինելով մեր զարգացման օրակարգը սպասարկելով»,- նշեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Հունան Պողոսյանը ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից:
Նշենք, որ Սյունիքի մարզպետ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարեն Համբարձումյանը պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 4-ին, այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն հոկտեմբերի 2-ին կողմ քվեարկեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին:
Մեկնաբանել