HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու որոշումը

Կառավարությունն արտահերթ նիստով ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու որոշումը։ Որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ում խոսքով փոփոխությունները լուծելու են հետևյալ խնդիրները։

«Թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում։ Կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ վեց օրից փոխելով 10 օրվա։ Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, ընտրագրավի գումարի իջեցում կուսակցությունների համար 5 %-ից նվազագույնը% դարձնելով, իսկ կուսակցությունների դաշինքների պարագայում ներկայիս 7 %-ի փոխարեն 6 %: Ընտրագրավի գումարի ներկայիս նախատեսված նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն 7500-ապատիկի չափով»,- ասաց Զեյնալյանը։

Նախարարը վստահեցրեց՝ փոփոխությունների արդյունքում որևէ կերպ ընդդիմության ներգրավվածությունը չի նվազելու․ առնվազն չորս ուժ պետք է հաղթահարի անցողիկ շեմը, ըստ որի ընդդիմությունը չի կարող պակաս լինել քան 1/3-ը։

Նախարարի խոսքով՝ ապահովվելու է կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում առնվազն 30 %՝ գործող 25 %-ի փոխարեն։

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ փոփոխություններից է նաև այն, որ բոնուսային համակարգը վերանալու է նաև Երևանի, Գյումրու և Վանաձորի ՏԻՄ ընտրություններում։

Ընտրացուցակների կազման գործընթացում ևս փոփոխություններ են նախատեսված, ինչպես՝ սահմանափակվելու է վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին:

«Նախատեսվել է մեխանիզմ՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, հետագայում այս հարցին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համատեքստում»,- ասաց Զեյնալյանը։

Նախագծում նշվում է նաև, որ ընտրողների իրազեկվածության բարձրացման նպատակով օրենսդրորեն ամրագրվելու է համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ այս փոփոխությունները վարչապետի որոշմամբ ստեղծված ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի մի քանի ամսվա գործունեության ադյունքն են։

«Այստեղ աշխատել են և՛ պետական մարմինների, և՛ քաղաքական ուժերի և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հաշվի են առնվել և խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի առաջարկները, նախագիծը առաջադիմական է և ուղղված է կուսակցական դաշտի վերածնմանը, ապահովվելու է նորաստեղծ կուսակցությունների ինտեգրումը քաղաքական կյանքին»,- ասաց Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանն էլ շեշտեց՝ բոլոր փոփոխություններն իրականացվել են ընտրական օրենսգրքի պարզեցման ուղղությամբ։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ ՊՆ ներկայացված առաջարկին, որը կառավարության հավանությունը չի ստացել։ Այն վերաբերում է դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպման ձևաչափին՝ ընտրություններին մասնակցել էլեկտրոնային տարբերակով։

«Խոսքը վերաբերում է մեր զինծառայողներին, որոնք մեծ քանակությամբ գտնվում են և առաքելություններում, և ուսման, ընդ որում մեծ մասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչությունների մոտիկ վայրերում», - ասաց Դավիթ Տոնոյանը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ այս պահի դրությամբ նման մեխանիզմի իրագործելիությունը և դրա նկատմամբ վստահելիությունն ապահովելն իրատեսական չի թվում՝ հաշվի առնելով նաև այն, որ արտահերթ ընտրություններ են լինելու, ոչ թե հերթական։

Կառավարության մեկ այլ որոշմամբ` հոկտեմբերի 22-ին` ժամը 11.00-ին, կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։

Տեղեկացնենք նաև, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այսօրվանից սկսելու է հանդիպումներ խորհրդարանական բոլոր խմբակցությունների շուրջ՝ ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter