HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կտավատի ձեթի «հայրենիքը». Ֆանտան

Հայաստանի բոլոր անկյուններից դեղ ու դարման են փնտրում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում: Անգամ ամենածանր հիվանդությունների բուժման համար տանում են Ֆանտանի կտավատի ու քունջութի յուղը: Գյուղում պատմում են, որ եղել են անգամ քաղցկեղից առողջացման դեպքեր:

Մտնում ես Ֆանտան, եւ աջուձախ ցուցանակներ են՝ «Կտավատի ձեթ», «Կտավատի յուղ, 100 %»: Կարտոնի վրա, դարպասներին, ջրատար ու գազատար խողովակներին՝ տասնյակներով գրություններ են: Ֆանտանը կտավատի ձեթի արտադրության ավանդույթներ ունի: Խորհրդային տարիներին այստեղ մեծ արտադրամաս է եղել, որից մի քար էլ չի մնացել:

80-ամյա Սուրիկ Առաքելյանն արդեն 25 տարի սառը մամլման եղանակով յուղեր է արտադրում՝ ծիրանի կորիզից, նուշից, քունջութից, կտավատից, չիչխանից եւ այլն: Ծավալները մեծ չեն, սակայն մեծ է դրանց կիրառումը բժշկության մեջ: Դրանք բոլորը անփոխարինելի դեղամիջոցներ են տարբեր հիվանդությունների դեպքում:

Սուրիկ Առաքելյանը հպարտանում է յուղ արտադրելու իր հաստոցով, որ 90-ականների սկզբին գնացքով Հայաստան է տեղափոխել Կրասնոյարսկից: «Սեղմման միջոցով ստանում ենք յուղը, մնացորդն էլ օգտագործվում է որպես անասկեր: Բայց կարելի է այն վերամշակել եւ ստանալ տարբեր տիպի հալվաներ»,-յուղ ստանալու տեխնոլոգիան է բացատրում: Սուրիկ Առաքելյանը մասնագիտությամբ մեքենաշինարար է: Կյանքի բերումով եղել է Կրասնոյարսկում, աշխատել մի գործարանի հետ, որն արտադրում էր կտավատի ձեթ, տեխնոլոգիային տիրապետելով՝ հայրենիքում սեփական արտադրամասն է հիմնել: Մոտ 10 տարի ունեցել է հումքի սեփական արտը: Հիմա հումքը գնում է, քանի որ հողը պարարտացման խնդիր ունի:   

Ձեթ արտադրում է՝ երբ պատվեր է լինում: «Սեւ քունջութը տանում են չարորակ հիվանդությունների բուժման համար, սպիտակ քունջութը համարվում է օրգանիզմի ոսկե բանալին եւ ոսկորների բուժմանն է նպաստում։ Կտավատը օգտակարության մեծ սպեկտր ունի»,-իր արտադրանքն է ներկայացնում Սուրիկ Առաքելյանը:

Վարդան Ռաշոյանին Հայաստանի բոլոր մարզերում գիտեն: Նրա արտադրած յուղը լավագույններից մեկն է համարվում: «Սա ձեռնարակատիրություն չէ: Երեք տարի է` հաստոց ունեմ, իմ երջանկությունը ոչ թե ձեթի վաճառքի գումարն է, այլ՝ բուժվող մարդիկ: Ես արդար ձեթ եմ քամում, մարդկանց իրենց ուզածը հասցնում: Շատ են զանգում, գալիս, հասնում Ֆանտան՝ էլ Սյունիքից, էլ Տավուշից, էլ Երեւանից: Շուկայում կտավատի ձեթ շատ կա, բայց պետք է ճիշտ ընտրել: Անորակ ապրանքը շատ է»,- ասում է Վարդանը:

Նա բացեց կտավատի յուղ ընտրելու գաղտնիքը: Եթե յուղը կանաչ գույն ունի, ուրեմն զտած չէ, հետո կա խոտի զանգված: Երբ յուղը հաստոցից շատ տաք է դուրս գալիս, կարմիր գույն է ստանում եւ ունենում է ծանր հոտ: Անարատ յուղը, ըստ Վարդանի, երկար պահել չարժե: Օգտակար հատկությունները կորչում են: Պահպանության առավելագույն ժամկետը 2 ամիսն է:

«Ցանկացած հիվանդության դեպքում բուժիչ է: Անգամ ուռուցքային հիվանդությունների բուժման համար են տանում։ Եթե հիվանդը ծայրահեղ վիճակում չէ, ապա հաստատ կօգնի: Մեկը ձեթ գնեց, ամուսինը հիվանդ էր, շատ ծանր էր վիճակը, ասացին ուռուցք է, ոչինչ անել հնարավոր չէ: Համացանցից տեղեկացել էին, որ կտավատի ձեթով ու անյուղ կաթնաշոռով հնարավոր է բուժվել։ Երեք ամսից զանգեց, թե՝ գալիս եմ ձեր տուն։ Եկան՝ կինն էր, ամուսինը ու իրենց որդին։ Ասացին՝ եկել ենք քեզ հետ ծանոթանալու: Պատմում է, թե օգտագործելու 7-րդ օրը ամուսինը սկսեց տեսնել, այնինչ 25 տարի առաջ տարած վիրահատությունից հետո տեսողությունը համարյա ամբողջությամբ կորցրել էր: Չհավատացի, որ յուղն էդտեղ դեր ա խաղացել: Իրենց ասացի՝ երեւի ներշնչանքից է տեսողությունը վերականգնվել: Վրես ծիծաղեցին, թե՝ էդ ի՞նչ ես ասում: Էդ մարդը հիմա տաքսի ա վարում»,- պատմում է Վարդան Ռաշոյանը:

Ձեթի արտադրությունը, ինչպես 80-ամյա Սուրիկ Առաքելյանի, այնպես էլ Վարդան Ռաշոյանի համար բիզնես չէ, քանի որ մեծ եկամուտներ չկան: Նրանք դա համարում են ուղղակի ավանդույթների պահպանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter