
Քրեական հեղինակություն «Նորատուսցի Արան» կալանավորվեց
Քրեական աշխարհում «Նորատուսցի Արա» անունով հայտնի Արա Բանդուրյանը հոկտեմբերի 16-ին դատարանի որոշմամբ կալանավորվեց: Այս մասին «Հետք»-ին ասաց Բանդուրյանի փաստաբան Կարեն Բատիկյանը:
Նշենք, որ Բանդուրյանն անցնում է Հյուսիսային պողոտայում գործող ակումբումներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 13-ին տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը` ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել։
Հարուցված քրեական գործի շրջանակներում Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք կրելու և խուլիգանության՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Ավելի վաղ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ քննիչը միջնորդություն է ներկայացնել դատարան՝ Բանդուրյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նշենք, որ Արա Բանդուրյանի եղբայրը` Ալիկ Բանդուրյանն, ով հայտնի է «Նորատուսցի Ալիկ» անունով, ևս կալանքի տակ է. վերջինս էլ անցնում է «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած միջադեպի գործով. որի ժամանակ երկու մարդ է սպանվել:
Մեկնաբանել