HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի բան, որը դեռ պետք է ապացուցվեր». Մանվել Գրիգորյանի փաստաբանը խոսեց նրա անմեղության կանխավարկածի մասին

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի բան, որը դեռ պետք է ապացուցվեր, և միգուցե դա է պատճառը, որ անձը գտնում է կալանքի տակ», - այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Վերջինս խուսափում էր հետեւյալ հարցին հստակ պատասխանելուց ՝  Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանի ձերբակալումից հետո արված հայտարարությամբ խախտել է Գրիգորյանի անմեղության կանխավարկածը, թե ոչ։ Երբ լրագրողները պնդեցին որ հստակ խոսի, կարծիք հայտնեց, որ Փաշինյանի հայտարարությունն անմեղության կանխավարկածի խախտման հետ  «ուղղակի աղերս» ունի:

Նշենք, որ խոսքը Մանվել Գրիգորյանի ձերբակալման ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին է, որ Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել են զինվորի համար ուղարկված սնունդ և այլ պարագաներ:

Բաղդասարյանը նշեց, որ հայտարարությունից կարելի էր տպավորություն ստանալ, որ կատարվել է զազրելի հանցագործություն: Արդյունքում, ըստ փաստաբանի, Գրիգորյանից նրա հարազատներն ու զինակիցները հրաժարվեցին, մինչդեռ նրա մեղադրանքը շինծու է, հորինված:

Մինչ մեղադրանքին անդրադառնալը, սակայն, փաստաբանը հարկ համարեց անդրադառնալ նրա առողջական վիճակին: Ըստ Բաղդասարյանի՝ Գրիգորյանը բազմաթիվ հիվանդություններ ունի, սակայն քննություն իրականացնող մարմինը համարում է, որ նրա առողջական խնդիրները համատեղելի են կալանքի հետ:

«Ես հայտարարում եմ. հարգելի պարոն մեծարգո վարչապետ, Ձեզ ճիշտ չեն իրազեկում, դուք չեք տիրապետում իրավիճակին: Խնդրում եմ ճշտել, թե կալանքը կրելուց առաջ և հիմա Մանվել Գրիգորյանն ինչ հիվանդություններ ուներ, կալանքի տակ գտնվելու ընթացքում նրա հիվանդություններն ավելացել են, թե ոչ, և արդյոք նրա կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ»,-լրագրողների միջոցով արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց Լևոն Բաղդասարյանն ու նշեց, որ Գրիգորյանը քաղցկեղ ունի, թոքի կեսը չկա, տառապում է շաքարային դիաբետով, և կալանք կրելու ընթացքում հիվանդության վատթարացման պատճառով նրան սկսել են ինսուլին ներարկել:

«Եթե ես իրականությունը չեմ ներկայացնում, ուրեմն ես ստախոս եմ, իսկ հակառակ դեպքում կարող ենք փաստել, որ Մանվել Գրիգորյանը պահվում է պատանդի կարգավիճակում, և նրա նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում»,- հայտարարեց Լևոն Բաղդասարյանը՝ նշելով նաև, որ Ֆրանսիայից ժամանած բժիշկը ուղղակիորեն նշել  է, որ Գրիգորյանին պետք է քայլել, մաքուր օդ է պետք, և որ կալանքի տակ մնալը նրա հիվանդությունների պարագայում անթույլատրելի է:

Սակայն, ըստ Բաղդասարյանի, եթե նույնիսկ մի կողմ թողնենք հիվանդության հանգամանքը, միևնույն է, Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմք չկա. չկան հիմքեր՝ ենթադրելու, որ նա կխոչընդոտի գործի քննությունը կամ փախուստի կդիմի:

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ Գրիգորյանը փորձել է խոչընդոտել գործի քննությունը:

Մասնավորապես՝ Դավթյանը նշել է, որ Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կապ է  հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է փոխանցել մեկ այլ անձի՝ Արմեն Հակոբյանին, որ նա ներկայանա խուզարկության վայր և ամեն ինչ իր վրա վերցնի:

«Բնականաբար, Գրիգորյանի հրահանգը կատարվել է,  շուրջ 30 րոպե անց խուզարկության վայր է ներկայացել Արմեն Հակոբյանն ու հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն»,- նշել էր Արթուր Դավթյանը:

Վերը նշվածի վերաբերյալ մեր դիտարկմանը Բաղդասարյանը պատասխանեց, թե հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Մանվել Գրիգորյանը գործով մեղադրյալի կարգավիճակ դեռևս չուներ:

«Տպավորություն է, որ մի մեծ կաթսա է դրվել, և այնտեղ լցվում են Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործեր»,- հայտարարեց փաստաբանն ու անդրադառնալով Գրիգորյանի մեղադրանքի այն դրվագին, որ յուրացրել է զինվորի համար ուղարկված սնունդը, հագուստը և այլ պարագաներ` նշեց, որ Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ զինվորի սնունդը, հագուստը և այլ իրերն ապրիլյան պատերազմից հետո ևս մեկ տարի մնացել են Արցախում: Վայրը, որտեղից առգրավվեց սնունդը, ըստ էության, եղել է ԵԿՄ պահեստը, այնտեղ եղել են ԵԿՄ մեքենաներ, այլ կառուցների մեքենաներ, պարզապես սեփականության իրավունքում տարածքը պատկանել է Մանվել Գրիգորյանին»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Մեր հարցին՝ ի՞նչ պայմաններում են Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված իրերն Արցախից վերադարձվել Հայաստան, Բաղդասարյանը չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ քննություն է ընթանում: Նշեց միայն, որ այն իրերը, որոնք հայտնաբերվել են, գրանցված են ԵԿՄ-ի և մյուս այն կազմակերպությունների հաշվեկշռում, որոնց դրանք պատկանել են:

Մանվել Գրիգորյանի կալանքին առնչվող բոլոր միջնորդություններն արդեն ամիսներ շարունակ քննում է նույն դատավորը՝ Մարինե Մելքոնյանը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է Բաղդասարյանը գնահատում այս հանգամանքը, փաստաբանը նշեց, որ իրենք՝ Գրիգորյանի փաստաբանները, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ ակնկալելով, որ, գուցե այլ դատավոր այլ ներքին համոզմունք կունենա և կորոշվի նրա նկատմամբ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրել, սակայն միջնորդությունը մերժվել է:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դատական իշխանություն գոյություն չունի, առերևույթ է թվում, թե դատարանն անկախ է, մինչդեռ որոշ գործերով դատական իշխանությունն ուղղակի գտնվում է գործադիրի ներբանի տակ»,- հայտարարեց Բաղդասարյանն ու ի պատասխան լրագրողի հարցին՝ նշեց, որ Գրիգորյանի գործը հենց նմանատիպ գործերից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter