HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

«Իշխող կուսակցությո՞ւն», թե՞ «իշխանության կուսակցություն»

«Իշխանության կուսակցություն» և «իշխող կուսակցություն» հասկացությունները միմյանցից պետք է տարբերել, դրանք տարբեր բովանդակություն ունեցող երևույթներ են։  Ռուսաստանի վարչապետներից մեկը` Վիկտոր Չերնոմիրդինը, ժամանակին մի թևավոր խոսք էր ասել. «Ինչ կուսակցություն էլ ստեղծում ենք, վերջում КПСС –ի (Կոմունիստական կուսակցություն) է վերածվում»։ Ինչո՞ւ են հետխորհրդային տարածքում իշխող կուսակցությունները վերածվում իշխանության կուսակցության, և ո՞րն է նրանց տարբերությունը։ Այդ հարցի պատասխանը որոնելու համար պետք է փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են կայացած ժողովրդավարություն չունեցող երկրներում պետությունը և իշխող կուսակցությունները տարրալուծվում միմյանց մեջ։ Հայաստանը ներկա փուլում  հայտնվել է մի խաչմերուկում, որտեղ պետք է ընտրություն կատարի, թե որ ուղղությամբ է շարունակելու իր ընթացքը։

«Իշխանության կուսակցության» էությունը

Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում պետական ապարատը և ընտրությունների միջոցով իշխանության եկած կուսակցությունը՝ իշխող կուսակցությունը, հստակորեն տարանջատված են։ Իշխող կուսակցության կադրերը զբաղեցնում են կառավարության քաղաքական պաշտոնները և ուղղորդում են պետության զարգացման ուղին,  վարում  արտաքին ու ներքին քաղաքականությունը, սակայն չեն միջամտում հաստատությունների բնականոն աշխատանքներին և չեն ազդում նրանց կադրային քաղաքականության վրա, իսկ պետծառայողների իրավունքները պաշտպանված են իշխող կուսակցությունների հնարավոր կամայականություններից։

«Իշխանության կուսակցությունը», հակառակը,  ձևավորվում է հենց իշխանության ներսում, ինչը բնորոշ է մասնավորապես նախկին խորհրդային երկրներին և ունի պատմական պատճառներ։ Մենք մի դեպքում գործ ունենք պառլամենտական տիպի կուսակցությունների հետ, իսկ մյուս դեպքում՝ ավտորիտար։

Կայացած պառլամենտական կառավարման մոդելի երաշխիքներն են իշխանության ճյուղերի տարանջատումը, անկախ դատական համակարգը, սակայն ամենակարևոր երաշխիքը, որն անիմաստ է դարձնում իշխող կուսակցության ներթափանցումը պետական հաստատություններ, դա սեփականության իրավունքի պաշտպանվածությունն է։ Այսինքն` առկա կոռուպցիոն սխեմաները հիմնականում պետպատվերներին են վերաբերում և «պրիմիտիվ» գանձագողությանը, սակայն այս կամ այն կուսակցության հաղթանակի հետևանքով սեփականության վերաբաշխում տեղի չի ունենում։ Պարզ ասած` կոռուպցիան ցանկացած երկրում կա, կաշառակերությունը` նույնպես, սակայն դա այլ հարթությունում գտնվող արատ է, ինչը չի հանգեցնում սեփականության վերաբաշխմանը։ Ամենակարևոր հանգամանքն այդ հասարակությունների հոգեբանությունն է ու հարաբերությունների տեսակը, ինչին ավելի ուշ կանդրադառնանք։

Ետխորհրդային երկրներում իրավիճակն այլ է, ինչի պատճառով իշխող կուսակցությունը վերածվում է իշխանության կուսակցության, կամ էլ հակառակը՝ իշխանության կուսակցությունն է միշտ հաղթում ընտրություններում։

Իշխանության կուսակցության հիմնական առանձնահատկությունը հենց անվանման մեջ է արտահայտվում։ Իշխանությունը ձևավորում է կառավարման բուրգը, որը տարածվում է մինչև ամենահեռավոր գյուղը, վերահսկում է անգամ հավաքարարների կադրային բազան։ Տնտեսության յուրաքանչյուր զգալի շարժ պետք է լինի վերահսկելի։ Այս երևույթի առաջացման հիմնական պատճառներից մեկը խորհրդային անցյալն է, երբ փլուզվեց կայսրությունը, որտեղ կար իշխանություն, սակայն կոմունիստական կուսակցության փլուզման պատճառով չկային կայացած կուսակցություններ։ Արդյունքում իշխող էլիտան ձևավորում է իր կուսակցությունը, իսկ այն երկրներում, որտեղ կոմունիստական կուսակցությունը հանձնվել էր, իշխանության կուսակցությունը ձևավորում էր նոր էլիտան։ Պատահական չի, որ այդ երկրներում, ինչպես Հայաստանում, չի եղել դեպք, երբ նախագահը ներկայացնի մի կուսակցություն, իսկ խորհրդարանում մեծամասնություն լինի այլ կուսակցություն։ Նման երկրներում կառավարման համակարգը պարբերաբար հայտնվում է գաղափարական ու քաղաքական վակումում, ինչը ճգնաժամի է հանգեցնում։ Դրանք արտակարգ իրավիճակներ են, որոնց հետևանքով տեղի են ունենում քաղաքական ցնցումներ։ Օրինակ՝ 1998-ին, երբ խորհրդարանում տեղի ունեցավ հայտնի «առնետավազքը», և փոխվեց իշխող պառլամենտական ֆրակցիան, Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ։ Նման ցնցումների դեմքում, երբ իշխանության կուսակցությունը կորցնում է գործադիր իշխանության նկատմամբ իր վերահսկողությունը, այն միանգամից փլուզվում է։ Վերջին իրադարձությունները դրա վառ վկայությունն են։

Կարճ ասած, «իշխանության կուսակցությունը» ձևավորում է իշխանական էլիտան իշխանությունը պահելու և վերարտադրելու համար, իսկ մյուս կուսակցությունները կատարում են հաճախորդների դերակատարությունը՝ հանրության մոտ քաղաքական կյանքի տպավորություն ստեղծելու ու վերահսկողության տակ պահելու համար, իսկ պետության ողջ լծակները ներդրվում են կուսակցության նպատակների համար։ Այսպիսի մոդելում կարևոր է ուժեղ և անփոփոխ առաջնորդի գոյությունը, որը տարբեր կլանների տրոհված համակարգի երաշխավորի և դատավորի դերը կատարի։

 

Արդյոք Հայաստանում կհաստատվի իրական պառլամենտարիզմ

Ի տարբերություն ՀՀՇ-ի և 2007-2017թթ. ՀՀԿ-ի մոդելի, Սերժ Սարգսյանը ցանկանում էր ձևավորել սովետական շրջանի կոմունիստական կուսակցության տիպի կուսակցություն, և Է. Շարմազանովի շուրթերով հնչեցված խոսքերը, որ առնվազն 10 տարի իշխանության դուռը գտնվելու է Մելիք-Ադամյան փողոցում, հենց այդ նպատակին էին ծառայում։ Սակայն, ի տարբերություն կոմունիստական կուսակցության, ՀՀԿ-ն գաղափարազուրկ կառույց էր, ինչն իր հիմքերի տակ դրված դինամիտի դեր էր կատարում։

Սահմանադրության փոփոխությունների հետևանքով վերանում էր համապետական ընտրություններով ընտրված նախագահը, իսկ իշխանությունն անցնում էր ՀՀԿ-ի գերագույն մարմնին։ Դա սովետական մոդելի կրկնության փորձ էր, սակայն այդ մոդելը չաշխատեց համակարգի երաշխավորի՝ նախագահի բացակայության պայմաններում։ Ետխորհրդային որևէ երկրում պառլամենտական կառավարման անցման պարագայում «իշխանության կուսակցությունները» կենսունակ չեն եղել, սակայն դա դեռ երաշխիք չէ, որ կհաստատվի կենսունակ պառլամենտական կառավարման համակարգ։

Պատահական չի, որ այն երկրներում, որոնց համակարգի հիմքը իշխանության կուսակցությունն է, կարևորվում է ավտորիտար առաջնորդի դերը։ Այսպիսի համակարգերը հիմնված են ստվերային պայմանավորվածությունների վրա, որը ոչ հրապարակային եղանակներով է ձեռք բերվում։ Նման պայմանավորվածությունների ժամանակ կարևոր է դառնում այն կենտրոնական սուբյեկտը, որը այդ պայմանավորվածությունների երաշխավորն է։ Առանց երաշխավորի պայմանավորվածությունները դադարում են դեր կատարել և համակարգը փլուզվում է։ «Մերժիր Սերժին» նշանակում էր մերժիր այդ բոլոր պայմանավորվածությունները։

Նախկին համակարգի սուբյեկտները անտեր էին մնացել, և նրանք ստիպված են որոնել նոր տեր, ում հետ պետք է պայմանավորվածությունների մեջ մտնել։ Այլ կերպ նրանք սովոր չեն ապրել։ Համակարգում յուրաքանչյուր ոք գիտի իր տեղը և յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր ներդրում, յուրաքանչյուր խոսք պետք է սանկցիավորվի, պետք է բարձր թույլատրություն։

Ժողորդավարական երկրներում մարդիկ սովոր են ապրել օրենքով, սակայն իրենց գործողությունների համար ոչ ոքից թույլատվություն չեն հարցնում։

Այս տարվա ապրիլի դեպքերի հետևանքով համակարգը փլուզվել է, դա նման երկրների համար արտակարգ իրավիճակ է։ Հիմա Հայաստանը գտնվում է խաչմերուկում։ Արդյոք հին համակարգը կվերականգնվի  նոր պայմանավորվածությունների ու նոր երաշխավորի շուրջ, դեռ դժվար է ասել, սակայն համակարգային կերպով նման զարգացումը բացառելու համար որևէ արմատական քայլ դեռևս չի կատարվել։

Մեկնաբանություններ (1)

Խոսրավ Հարությունյան
Երկու մտքի շուրջ փոքր ինչ այլ մեկնաբանություն: 1.Իշխանության կուսակցություն՝ կուսակցություն, որը ընտրությունների արդյունքում ստանձնում է պետական իշխանություն իրականացնելու պատասխանատվությունը: Այսինքն կուսակցությունը ստանձնում է պետության մեջ պետական մարմիններին վերապահված պատասխանատվությունը իրականացնելու առաքելությունը: Իսկ ո՞րն է այդ առաքելությունը՝ ապահովել հանրային կյանքի բնականոն ընթացքը: Այս առաքելությունը արդյունավետ իրականացնելու համար պետական մարմինները պետք է օժտված լինեն որոշումներ կայացնելու իրավասությամբ, որոշումներ, որոնք պետք է պարտադիր լինեն բոլորի համար: Այսինքն պետական մարմինները պետք է օժտված լինեն իշխաանությամբ՝ պետական իշխանությամբ: Հետևաբար այն կուսակցությունը, որը ընտրությունների արդյունքում գալիս է իշխանության, նա ստանձնում է պետական իշխանության իրականացման պատասխանատվությունը և դառնում է իշխանության կուսակցություն: Եվ քանի որ պետական մարմինների ֆունկցիան ոչ թե հանրությանը իշխելն է, այլ հանրային կյանքի կառավարումն է, ապա իշխանության կուսակցության ֆունկցիան էլ իշխելը չէ, այլ պետական իշխանության իրականացումն է: Հետևաբար իշխանության կուսակցությունը վեր է ածվում իշխող կուսակցության այն պահից, երբ փորձում է պետական իշխանությունը օգտագործել հանրությանը կառավարելու նպատակով: Պետության մեջ նման առաքելություն իրականցնող կամ ստանձնող կուսակցությունը դառնում է իշխող կուսակցություն և իր քվազիքաղաքակկան նպատակներին ծառայեցնում է հանրային ցանկացած ինստիտուտ (մամուլ, հկ-ներ, տնտեսվարողների միություններ, քաղաքացիական և հատուկ ծառայություններ և այլն), այսինքն այն ամենն ինչը կարող է օգտագործվել իշխող կուսակցության քվազիքաղաքական որոշումներն անարգել կյանքի կոչելու համար: 2.Արդյո՞ք Հայաստանում կհաստատվի իրական պառլամենտարիզմ: Եթե ելնենք այն պարզ տրամաբանությունից, որ պառլամենտարիզմը ոչ այլ ինչ է քան, Սահմանադրությամբ պետության միակ ներկայացուցչական մարմնին վերապահված իրավասությունն օգտագործելու ճանապարհով կուսակցությունների կողմից հանրության սպասելիքները բավարարելու ինստիտուցիոնալիզացված համակարգ, ապա մեզանում պառլամենտարիզմի կայացման գլխավոր նախապայմանը՝ դա սեփական պատասխանատվությամբ որակյալ քաղաքական որոշումներ ընդունելու ունակ կուսակցությունների կայացումն է: Իսկ այդ պրոցեսը խթանելու համար պետք է ստեղծել քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ ձևավորման օրենսդրական նախադրյալները, ինչն, անկասկած, քննարկման առանձին թեմա է: Հետևաբար այս պարագարաֆի գլխագրում բերված հարցադրման պատասխանը հետևյալն է՝ Հայաստանում հնարավոր է ձևավորել պառլամենտարիզմ, Սահմանադրությունը առավել քան նպաստում է այդ խնդրի լուծմանը, անհրաժեշտ է ստեղծել կուսակցուոյունների կայացմանը և դրանց վրա հիմնված քաղաքական համակարգի իրավական-քաղաքական հիմքերը, ինչը մեր պետականաշինության ներկա փուլի գլխավոր առաջնահերթություններից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter