
Նիկոլ Փաշինյան․ «Ուզում եմ հուսալ, որ այդ ընթացքում կառավարությունն աշխատանքի տրամաբանությունը չի փոխի»
Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց գործադիրի աշխատանքի մասին մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
«Մենք նախապատրաստվում ենք արտահերթ ընտրություններին, ու քաղաքական իրավիճակները տրամադրությունների ու աշխատանքի վրա որոշակի ազդեցություն ունենում են։ Ուզում եմ հուսալ, որ այդ ընթացքում կառավարությունն աշխատանքի տրամաբանությունը չի փոխի: Այո, նախընտրական փուլ ենք թևակոխելու, բայց, մյուս կողմից, ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել աշխատանքն առավել արդյունավետ մակարդակի հասցնելու համար»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ պետական կառավարման համակարգը չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում։
«Հույս ունեմ, որ մեր կառավարության այն հատվածը, որը քաղաքականացված չէ, այս ժամանակը կօգտագործի կառուցողական նպատակներով»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 16-ին․ Փաշինյանի հրաժարականից հետո հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, սակայն թե՛ վարչապետը, թե՛ կառավարության անդամները շարունակում են կատարել ժամանակավոր պաշտոնակատարի՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունները։
Մեկնաբանել