HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վալերիյ Օսիպյան. «Կարծում եմ՝ Հունան Պողոսյանը ճիշտ կաշխատի»

«Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, կարծում եմ՝ Հունան Պողոսյանը ճիշտ կաշխատի»։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետ նշանակելու վարչապետի որոշմանը։

Մեր հարցին, թե ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից էլ ո՞ւմ է դիտարկում գործող կառավարությունը պաշտոն առաջարկելու հարցում, Օսիպյանն ասաց, որ տեղյակ չէ։ Մեր դիտարկմանը, որ նախկին փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը հայտարարել է, թե պատրաստ է իր ծառայությունները մատուցել պետությանը, Վալերիյ Օսիպյանն արձագանքեց․ «Միգուցե պատրաստ է, շարքայինն էլ  է պատրաստ, բայց որոշում կայացնողը Օսիպյանը չէ»։

Մեր հարցին, թե ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նոր կառավարությունը բարիկադների այն կողմում գտնվող անձանց պաշտոն առաջարկելիս, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց․«Եթե մարդ ունի համապատասխան գիտելիքներ, չունի վատ անցյալ, կարող է մեր հասարակությանը, պետությանն այնպիսի ծառայություններ մատուցել, որ դա արժեքավոր կլինի, ինչու ոչ»։

Անդրադառնալով դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ոստիկանապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ունեն այնպիսի պատրաստակամություն, ինչպիսին կար Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ։

Հարցին, թե նախընտրական շրջանում ինչպե՞ս է ոստիկանությունը պայքարելու քրեական հեղինակությունների դեմ, Օսիպյանը պատասխանեց․ «Օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչի դուք այս հինգ ամիսների ընթացքում չե՞ք հավաստիացել դրանում: Ես պաշտոնավարման ընթացքում շատ եմ արժանացել քննադատությունների, բայց որևէ մեկը թող մեկ փաստով ներկայացնի՝ որտեղ ես ինքս թերացել եմ։ Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները»։

Օսիպյանը չցանկացավ զուգահեռներ անցկացնել նախկին ոստիկանության աշխատանքի հետ, սակայն շեշտեց՝ այսօրվա ոստիկանությունը անկասկած տարբերվում է։

«Այդ ուժեղ ու բանիմաց ոստիկանության աշխատանքի արդյունքում ունեցանք ավագանու լավ ընտրություններ, կան տարբեր կարծիքներ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ես, լինելով այդ կառույցի ղեկավարը, գոհ եմ համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից, այն, ինչ չէի կարող ասել մայիս-հունիս ամիսներին․ ներկայիս ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները»,- ասաց Վալերիյ Օսիպյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter