HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաստյա տատը Ջավախքում պահպանում է Արևմտյան Հայաստանից երկու դար առաջ բերված սուրբ գրքերը

84-ամյա Նաստյա տատի սենյակում, իր և թոռների մահճակալներից բացի, սրբատեղի դարձրած մի հատված կա, որտեղ խնամքով պահպանվում են Արևմտյան Հայաստանից շուրջ երկու դար առաջ բերված երկու սուրբ գրքերը:

Սուրբ գիրք կամ Ամենափրկիչ` այդպես է անվանում Նաստյա տատը գրքերին, որովհետև հստակ չգիտի, թե դրանք ինչ են պարունակում` Հին և Նոր կտակարաններ են, թե Ավետարան: Միակ բանը որ գիտի, այն է, որ այդ գրքերն Արևմտյան Հայաստանից տեղահանվելու ժամանակ` 1830-ականներին ամուսնու պապն է բերել իր հետ:

Բեժանոյի ներկայիս բնակիչների նախնիները 1830-ականներին եկել են Էրզրումի վիլայեթի գյուղերից և Վանից: 

Նաստյա տատն ապրում է Ջավախքում` Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում: Որդին` Աշոտ Խուդավերդյանը, բազմազավակ ընտանիքի հայր է. 9 երեխա ունի: Նաստյա տատը հավատում է` այդ սուրբ գրքերն են, որ պահում ու պահպանում են իր 9 թոռներին, արդեն նաև` ծոռներին:

Նաստյա տատն արդեն մեկ տարի է` հենակով է ման գալիս: Պատմում է, որ անցյալ ձմռանը որդին եկել և ասել է, որ զուգարանի ճանապարհին մոխիր է փռել, որ հանկարծ մոր ոտքերը չսայթաքեն և վայր չընկնի: Դրանից օրեր անց Նաստյա տատը հենց մոխրի վրա ընկել և վնասել է ոտքը: Թոռների օգնությամբ է այժմ տեղաշարժվում: Երբ նկատում է, որ գնում ենք իր սենյակ` սուրբ գրքերը տեսնելու, ձայն է տալիս թոռանն ու մեր հետևից հասնում իր մահճակալին` աչալուրջ հետևելով մեր գործողություններին:

Գրքերը տեսնելու համար Նաստյա տատի հատուկ «արարողակարգը» պետք է անցնել: Պահարանի մոտ դրված է մոմավառության համար նախատեսված, ավազով լցված հատուկ թաս, որտեղ պետք է պարտադիր մոմ վառել, աղոթել և այնուհետև վերցնել գրքերը պահարանից: Դրանք պարուրված են սպիտակ, մաքուր կտորների մեջ, որոնք պետք է խնամքով բացել, որպեսզի հանկարծ գրքի որևէ էջ չվնասվի:

Գրքերի սկզբնական էջերն ընթեռնելի չեն: Էջերի մեծ մասն արդեն պոկված է:

«Ասոր ցավը տանիմ, մեկիմ հոգին չեմ հավատա»,- ասում է Նաստյա տատն ու դողացող ձեռքերով բարձրացնում, համբուրում այն:

Խորհրդային կարգերին և այդ ժամանակների բարքերի պատասխանատուներին «սև ու մութ» մաղթելով` Նաստյա տատը պատմում է, որ սուրբ գրքերը ձեռքից ձեռք են անցել, քանի որ այդ տարիներին հրահանգ է եղել վերացնել կրոնը քարոզող ողջ գրականությունը: Այդուհանդերձ, ամուսնու և հարազատների միջոցով դրանք կարողացել են թաքցնել, և ամուսնու մահից հետո դրանց պահպանությունն ինքն է ստանձնել:

Նաստյա տատը վախվորած է պատմում գրքերի մասին: Մտածում է` գնացել ենք գրքերն իրենից վերցնելու: «Մեռնիմ քեզի, Սուրբ ջան, մեկիմ ա չեմ տա, երեխեքիս, թոռներիս, ծոռներիս պահապան է,- նորից համբուրում է Սուրբ գիրքը,- վեվ օր խելացի է, բանի պետք քուքա, թող կարդա, միտքը հասկնա, պատմե ժողովրդին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter