HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիրն առաջարկում է 8 բալը սպառելու դեպքում վարորդական վկայականի քննություն հանձնել

Ճանապարհային ոստիկանության առաջարկած բալային համակարգը կատարելագործելու նպատակով «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն առաջարկում է, որպեսզի վարորդական իրավունքի կասեցման դեպքում տեսական կամ գործնական լրացուցիչ քննություն անցկացվի:  Այս մասին Սերգեյ Ղահրամանյանն ասաց «Հետք»-ի հետ զրույցում:

Բալային համակարգը ՃՈ-ի նախաձեռնությունն է, որն օրենքի նախագծի տեսքով արդեն դրվել է հանրային քննարկման: Առաջարկվում է 1 տարվա կտրվածքով վարորդներին տրամադրել 9 բալ: Պայմանավորված խախտումների ծավալով և բնույթով՝ դրանք կպակասեցվեն: Արդյունքում` շատ խախտում թույլ տված վարորդները մինչև 6 ամիս ժամանակահատվածով կարող են զրկվել վարելու իրավունքից: Սակայն վարորդական իրավունքի վկայականը կասեցնելու ժամկետի կեսն անցնելու դեպքում վարորդը կարող է տեսական քննություն հանձնի և վերականգնի իրավունքը:

Սերգեյ Ղահրամանյանն առաջարկում է, որպեսզի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի փոփոխությունների նախագծում կետ ավելացվի, որի համաձայն 8 բալը կորցրած և վարելու իրավունքից զրկվելու վտանգի առաջ կանգնած վարորդները տեսական քննություն հանձնեն և կրկին վարելու իրավունք ստանան: «Հանրային քննարկման դրված նախագծով, եթե 7-8 միավորը լրացավ, վարորդական իրավունքը կասեցվելու վտանգ կա, և վարորդին պետք է հնարավորություն տրվի տեսական քննություն հանձնելով` կորցրած բալերը վերականգնի»,- ասաց մեր զրուցակիցը: Ղահրամանյանը,  միջազգային փորձն ուսումնասիրելով, պարզել է, որ կան երկրներ, որտեղ վարորդների կողմից հաճախ նույն խախտումը տեսնելով՝ իրավապահները նրանց առաջարկում են դիմել հոգեբանի՝  հասկանալու համար, թե ինչու է տեսական գիտելիքներ ունենալով հանդերձ` վարորդը հաճախ նույն խախտումը կատարում:

«Վարորդին պետք է հնարավորություն տալ, բնականաբար որոշակի սահմանափակումներով, օրինակ՝ 8 միավորի տուգանք է հավաքել, մնացել է 1 միավոր, որից հետո վարորդական իրավունքը կկասեցվի... հնարավորություն տանք վարորդին` տեսական և որոշ դեպքերում նաև գործնական քննություն հանձնի: Դրանից հետո իր միավորները կրկին վերականգնվեն: Վարորդը եթե ասում է, որ պատահաբար է խախտումներն արել, դիտավորություն չի ունեցել, կամ գիտելիքի պակասից է, ապա քննություն հանձնելով` իրեն տրվում է վարելու իրավունք»,- ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ներկայացուցիչը:

Այս առաջարկը որոշակի ռիսկեր է պարունակում, որոնք մեր զրուցակիցը նկատի ուենալով՝ ենթաառաջարկ է անում: Ըստ այդմ, պետք է քննություն հանձնելու հնարավորությունը  խիստ սահմանափակ դարձնել, որպեսզի 9 միավոր կորցրած վարորդը չշտապի քննություն հանձնելու և վերականգնելու իր միավորները: Արդյունքում՝ խախտում կատարի և քննություն հանձնի, և այդպես շարունակ: Դրա համար Ղահրամանյանն առաջարկում է տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նման հնարավորություն տալ: «Դա կարող են որոշել փորձագետները և ճշգրիտ ձևակերպել: Չպետք է վարորդին 6 ամսով զրկել վարելու իրավունքից և ուղղվելու հնարավորություն չտալ: Միգուցե վարորդական իրավունքի վկայականով նա իր ապրուստի միջոցն է վաստակում»,- նկատեց Ղահրամանյանը:  

Անդրադառնալով բուն բալային համակարգի տրամաբանությանը՝ Սերգեյ Ղահրամանյանը նախագիծը որակում է «մեղմ», քանի որ բազմաթիվ իրավախախտումների դեպքում տուգանքի չափը նվազեցվել է: Նրա կարծիքով, դա պայմանավորված է կառավարության և ոստիկանության քաղաքականությամբ, որ երթևեկության կանոնների խախտումներով բյուջե լցնելու նպատակ չեն հետապնդում, այլ մարդկանց անվտանգությունն են առաջնային համարում:

Ըստ Ճանապարհային ոստիկանության, բալային համակարգը գործում է 21 եվրոպական երկրներում և դրական արդյունքներ է տվել, օրինակ, Իտալիայում, Գերմանիայիում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ինչպես նաև Իսրայելում: «Ֆրանսիայում, 2000-ական թվականների սկզբին ֆրանսիական ճանապարհները համարվում էին Եվրոպայում առավել վտանգավորը ՃՏՊ-ների և զոհերի թվով, ինչը իշխանություններին ստիպեց ՃԵԿ-ի նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով ձեռնարկել առավել ակտիվ գործողություններ: Ֆրանսիայում տուգանային միավորների համակարգի ներդրումից սկսած` ՃՏՊ-ների հետևանքով մահացու դեպքերի թիվը նվազել է 66 տոկոսով:  Տուգանային միավորների ինստիտուտը Ուկրաինայում գործում է 2015 թվականից: Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով, 2015 թվականին գրանցված 3970 ՃՏՊ-ների թիվը 2016 թվականի 10 ամիսների ընթացքում նվազել է մինչև 2603-ը»- ասված է ՃՈ-ի նախագծի հիմնավորման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter