HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրաժարիմք»-ը որպես գրաքաղաքական սեռ. գարնանային էլեգիայից մինչև աշնանային հովվերգություն

Այն, որ հայոց նորագույն պատմության մեջ գեղարվեստական գրականությունը հաճախ փոխարինել է քաղաքական տեսությանն ու ծրագրերին, հայտնի փաստ է: Սկսած Րաֆֆու վեպերից, շարունակած Սիամանթոյի և Վարուժանի, ապա Չարենցի բանաստեղծություններով, և բազմաթիվ այլ օրինակներ էլ առանց հիշատակելու, մտքում պահելով` կարող ենք ասել, որ քաղաքական տեքստերի բացը լրացվել է գեղարվեստականով՝ կա՛մ որովհետև քաղաքական տեքստեր ստեղծելու կարողությունը հայության մեջ բավականաչափ հասունացած չի եղել, կա՛մ էլ որովհետև քաղաքականությունը ենթակա է եղել ավելի հզոր գրաքննության՝ ցարական և սովետական Ռուսաստաններում և Օսմանյան կայսրությունում, քան` գրականությունը: Կրկնենք, սա բավական հայտնի, արձանագրված փաստ է:

Բայց այն, որ նաև հակառակը՝ քաղաքական տեքստերը՝ գրավոր թե բանավոր, իրենց հերթին կարող են դիտարկվել որպես գեղարվեստականի դրսևորում, լինել յուրահատուկ գրականություն, կարծես, երբևէ չի արձանագրվել գոնե Հայաստանում:

Պոետապոլիտիկա

Մինչդեռ քաղաքական խոսքի և գեղարվեստականի կապն այնքան էլ էկզոտիկ թեմա չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, ընդ որում՝ ոչ միայն զուտ տեսական-ակադեմիական, այլև որոշ չափով՝ գործնական-վերլուծական տեսակետից:

Պարզ է ինքնին, որ քաղաքական խոսքը, մանավանդ, եթե դա հրապարակային է՝ ելույթ, հոդված և այլն, պետք է փորձի լինել հնարավորինս ազդու, հետևաբար պետք է դիմի ոչ միայն մարդկային դատողությանը, այլև զգացումներին: Բայց նույնիսկ հենց միայն դատողությանն ուղղված մասերը պետք է համապատասխան ձևավորում ստանան՝ հիշվելու, տպավորվելու համար: Այսքանից էլ արդեն պարզ է, որ քաղաքական խոսքը պետք է ունենա գեղագիտական որոշ արժեք: Էսթետիկա եզրի նախնական, հունական իմաստը ծագում է «αἴσθησι» («էսթեսի»)՝ զգացում, զգացական ընկալում բառից, որի ոչ այնքան հաջող թարգմանությունն է հայերեն գեղագիտությունը, քանի որ էսթետիկա նշանակում է ոչ այդքան գեղեցիկի, որքան ընդհանրապես զգացումային ընկալման մասին ուսմունք, իսկ գեղեցիկն այստեղ այնքանով է կարևոր, որքանով զգացումներով՝ տեսողությամբ, լսողությամբ և այլնով ընկալելի արժեք է: Այս իմաստով քաղաքական հրապարակային խոսքն, անշուշտ, պատկանում է էսթետիկական ոլորտին: Համենայնդեպս, այն շատ ավելի մոտ է գեղարվեստական, քան, ասենք, գիտական խոսքին, որի դեպքում զուտ էսթետիկ տարրը, թեև նույնպես կարող է կարևոր լինել, բայց հաստատապես առաջնային չէ:

Կա, սակայն, քաղաքական և գեղարվեստական խոսքի ավելի նուրբ ընդհանրություն: Ընդ որում՝ այստեղ խոսքը գեղարվեստական խոսքի առավել կազմակերպված ձևի՝ բանաստեղծականի մասին է: Ինչպես բանաստեղծության մեջ, քաղաքական խոսքում էլ միայն ուղիղ իմաստը չէ կարևոր, ավելին` շատ անգամ ուղիղ իմաստը միայն երկրորդական է:

Ե՛վ քաղաքական, և՛ բանաստեղծական խոսքում բացի ուղիղ իմաստից, կամ նույնիսկ առավել քան ուղիղ իմաստը, կարևոր են բազմաշերտությունը, բազմիմաստությունը, ենթատեքստերը, փոխաբերությունները, անսպասելի կապերը, թաքնված երանգները, մինչև վերջ չասվածությունը, բազմակետերը, հատուկ շեշտերը և այլն. մի խոսքով՝ սովորական, կենցաղային խոսքին հակադիր որակները՝ ավելի խիտ, ավելի բազմաթել, ավելի կազմակերպված, ամեն երանգին ուշադիր խոսքի կառուցումը: Սա պոլիտիկայի և պոետիկայի համընկնման դաշտ է՝ պոետապոլիտիկա կամ պոլիտիկայի պոեզիա:

Անցյալի փորձից՝ ոճերի բախում և գրողների ճակատագիր

Թեկուզ միայն մեր սերունդը քաղաքական խոսքի գեղարվեստական այլևայլ դրսևորումների ականատես է եղել, հաճախ նույնիսկ՝ ժանրերի քաղաքական հակադրման կամ հակառակը՝ համագործակցության: Դեռևս 80-ականների վերջին և 90-ականների սկզբին մենք ունեինք Լևոն Տեր-Պետրոսյանի ակադեմիականին մոտ բարձր ոճն` իր սառն էսթետիկայով և մյուս կողմից, օրինակ, Աշոտ Մանուչարյանի զգացմունքային շեշտով ելույթները: Ղարաբաղ կոմիտեում սրանք իրար փոխլրացնող հակադրություններ էին, բայց 90-ականների սկզբին` միմյանց բախվող ոճական-բովանդակային հակառակորդներ: Ընդ որում՝ ոճն այս դեպքում հնարավորինս արտահայտում էր նաև քաղաքական բովանդակությունը՝ պայմանական քաղաքական-գեղարվեստական իրապաշտության և ռոմանտիզմի բախմամբ:

Մենք ունեցել ենք նաև քաղաքական հռետորներ և գործիչներ դարձած բառիս բուն իմաստով գրողների զույգ՝ Վանո Սիրադեղյան և Վազգեն Սարգսյան, որոնք նույնպես ունեցել են հակադրության և համադրության փուլեր, և որոնց քաղաքական խոսքի, բայց նաև գործի ոճը միշտ էլ կրեցին նրանց գրողական անցյալի շեշտված ազդեցությունը: Ավելին՝ նրանց կյանքերն էլ, քաղաքական կենսագրությունները դարձան յուրահատուկ գեղարվեստական գործ՝ դրամատիկ, ողբերգական այնպիսի հանգուցալուծումներով, որոնք, եթե չլինեին իրականություն, ապա կարող էին դառնալ գեղարվեստական անհավատալի չափազանցություն: Եվ զարմանալի զուգադիպությամբ, երկուսն էլ ուժային կառույցների ղեկավարներ էին՝ շեշտելու համար, կարծես, գրականություն – քաղաքականություն կապի պարադոքսները՝ գրող-սպարապետ, գրող-ոստիկանապետ՝ մեկ այլ տեղ սա կարող էր վերածվել կատակերգության, բայց իրականացավ որպես ողբերգական-վիպական պատմություն:

Հրաժարելով հրաժարիմ

Անկախ Հայաստանի, թերևս, ամենաուշագրավ գեղարվեստա-քաղաքական սեռը առաջին դեմքերի հրաժարականների ելույթներն են: Դրանք թվով ընդամենը 3-են, բայց յուրաքանչյուրն ուշագրավ, որոշ չափով ծրագրային ազդեցություն է թողել և, ենթադրաբար, դեռ թողնելու է Հայաստանի քաղաքական պատմության մեջ:

Միայն այս տարվա մեջ՝ 20 տարի ընդմիջումից հետո, մենք ունեցանք միանգամից երկու հրաժարական: Իհարկե, շատ տարբեր են դրանց հանգամանքները: Մեկն՝ իսկական, մյուսն, այսպես ասած, «ստից» հրաժարական էր: Ինչ-որ «աստղաբաշխական» զուգադիպությամբ դրանց միջև գրեթե հավասար 6 ամսվա տարբերություն է՝ ապրիլի երկրորդ կեսերից մինչև հոկտեմբերի կեսեր: Իհարկե, կապը միայն «աստղային» չէ՝ ինքնին պարզ է նաև դրանց քաղաքական ուղիղ կապը:

Բայց, բացի ակնհայտ ուղիղ կապերից, այստեղ, կարծես ունենք նաև որոշակի «պոետիկա»՝ այն տիպի, որի մասին արդեն խոսեցինք: Մի կողմից Սերժի գարնանային էլեգիան, մյուս կողմից` Նիկոլի աշնանային հովվերգությունը:

Սերժի «հրաժարիմք»-ն ընդհանրապես, կարծես, նրա առավել ազդու և «տաք» քաղաքական տեքստն էր, որը որոշ չափով տպավորություն թողեց նույնիսկ նրա տևական քաղաքական հակառակորդների վրա, և հատկապես ուշագրավ էր հրաժարականին նախորդող նրա էներգետիկ թույլ, անշեշտ հարցազրույցի համեմատ: Այն կառուցված էր հին պոեզիայի կանոններին համապատասխան՝ կրկնությունների կշռույթի շուրջ՝ «դիմում եմ մեծերին և երիտասարդներին, դիմում եմ ......» և այլն: Բայց դրա շեշտը, առավել հիշված և քննարկված մասը վերջում տեղ գտած անսպասելի խոսքն էր. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ես սխալվեցի»: Այս արտահայտությունն այնքան է քննարկվել, որ ինչ-որ տեղ ամոթ էլ է դրան ևս մեկ անգամ անդրադառնալ: Բայց արձանագրենք դրա հուժկու «պոետիկ» էֆեկտը՝ անսպասելիություն, պարադոքսալություն, ազդեցիկություն:

Նիկոլ Փաշինյանի «ստից» հրաժարականի տեքստը, թերևս, առաջին հայացքից այդքան անսպասելի չէր, քանի որ, ի տարբերություն Սերժի, Նիկոլի ելույթները միշտ էլ եղել են էսթետիկորեն հագեցած, հաճախ՝ գերհագեցած՝ չափազանցության էսթետիկայի աստիճան: Բայց ուշագրավ է, որ այս հրաժարականում էլ շեշտն անսպասելի տեղում է՝ «Հայաստանում, հայության մեջ ես թշնամիներ չունեմ»: Ընդ որում սա ոչ թե որպես հռետորական վերացականություն, այլ որպես քաղաքական ուղերձի ամփոփում էր, որտեղ անվանապես նշվում էին այն ուժերը, այդ թվում ՀՀԿ-ն, որոնք, համաձայն ելույթի, չեն մտնում վարչապետի թշնամիների մեջ: Ակնհայտորեն սա գագաթն էր այն քաղաքական «մեղմամսի», որը վերջին մոտ երկու շաբաթվա համար բնորոշիչ էր իշխանություն – նախկին իշխանություն հարաբերություններում:

Բայց մեզ այստեղ հետաքրքիր է ոչ թե այդ՝ ակնհայտ կապն, այլ երկու հրաժարականների հեռահար «պոետիկ երկխոսությունը»: Տեսնում ենք, որ երկուսի միջև կա նուրբ, ոչ բառացի, բայց որոշակի զուգակշիռ, մի այսպես ասած բարակ թել՝ ձգված ապրիլից հոկտեմբեր՝ գարնանային գիշերահավասարից մինչև աշնանային: Երկուսի շեշտն էլ անսպասելի է, և ուղղված է ոչ թե յուրայիններին, այլ` հակադիրին: Մեկում «Նիկոլը ճիշտ էր» (անսպասելիորեն), մյուսում՝ «հակառակորդները թշնամի չեն» (նույնպես անսպասելիորեն, հաշվի առնելով` նախորդող շատ զարգացումներ և խոսքեր):

Երկուսի ճոճանակը բացառում է երրորդին

Այս պոետիկ, նուրբ, գրեթե անէացող զուգահեռը, գուցե չափազանցություն թվար, եթե մոռանայինք, թե ինչպիսի քաղաքական իրավիճակի այն հաջորդեց: Այդ իրավիճակը կարող ենք կոչել «ճոճանակային»: Աշնան սկզբին՝ Երևանի ավագանու ընտրություններին զուգահեռ, քաղաքական խոսքը մեղմանալուն ճիշտ հակառակ՝ կոշտացման՝ «սևուսպիտակ» միտման մեջ էր: Հոկտեմբերի սկզբին լարումը մի պահ կարծես հասավ իր գագաթին, երբ ԱԺ երեք ուժերը միասնաբար ընդունեցին հայտնի օրենքը, որն ընկալվեց որպես «դավադրություն»: Սրան հետևեց վարչապետի կոշտ պատասխանը, և նույն երեք այդ ուժերի արագ «հանձնումն» ու մեղմացումը, որին ի պատասխան եղավ նաև Փաշինյանի խոսքը «մեղրացումը»: Այս երկուսի միջակայքում լսեցինք նաև Ծառուկյանի հարցազրույցը՝ «նեղված ենք, բայց հակահեղափոխական չենք» ուղերձով, և ՀՀԿ նիստի մասին լուրը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին հետևեց այդ նիստի ոչ ֆորմալ մասնակից` ոչ ՀՀԿ անդամ Կոստանյանի անսպասելի չափազանցված գովքը` նոր վարչապետին ուղղված: 

Չենք փորձում այս ամենի հիմնմամբ կառուցել որևէ վերլուծական վարկած: Մեր նպատակը զուտ պոետիկ է: Մենք փորձում ենք ելույթների էսթետիկան ամրացնել դեպքերի սրընթացության պոետիկայով: Ընդ որում՝ դեպքերի այսպիսի «ճոճանակային պոետիկա» մենք արդեն մի անգամ տեսել ենք: Ապրիլի վերջին – մայիսի սկզբին մոտավորապես նույն տիպի արագ վայրիվերումներ եղան` կապված ԱԺ-ում Նիկոլի ընտրության հետ, ինչն էլ ավելի ուշագրավ զուգորդում է ստեղծում երկու հրաժարականների միջակայքում ընկած իրադարձությունների՝ գարնանային և աշնանային «ճոճանակների» միջև:

Ինչ խոսք՝ և՛ գարունը, և՛ աշունն ավանդապես պոետների ներշնչման եղանակներն են: Հայաստանի քաղաքականությունը, որը միշտ էլ հակված է եղել դրամատիկ սյուժեների, կարծես ուզում է հետևած լինել պոետների այս ավանդույթին: Եվ անսպասելի պոետիկ երկխոսություն է բացվում երկու հրաժարականների միջև, որը հավասարակշռում է վերջին ամիսների քաղաքական զարգացումների դաշտը:

Ե՞րբ կգա սրացման հաջորդ փուլը, և արդյո՞ք երկու պոետները համատեղ կամ անհամատեղ ջանքերով դեռ երկար կկարողանան այնպես ճոճել դաշտը, որ երրորդի և չորրորդի տեղ չմնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter