HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի համայնքապետի թեկնածուների հայտարարագրերը համեստ են

Հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունենալիք  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին ինքնառաջադրվել է 3 թեկնածու, որոնցից երկուսն անկուսակցական են: Թեկնածուներն են Սյունիքի մարզպետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 26-ամյա Նարեկ Բաբայանը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պետ, 38-ամյա Էդգար Հովհաննիսյանը և «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, 33-ամյա Գևորգ Փարսյանը: Ինքնառաջադրված թեկնածուներից չորրորդը՝ «Արկ» բնապահպանական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Արմեն Ղազարյանը, ավելի վաղ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Դրամական ամենաշատ միջոցներն ունի Էդգար Հովհաննիսյանը: Թեկնածուն 2017-ի հոկտեմբերից մինչև 2018-ի հոկտեմբեր ժամանակահատվածի համար ներկայացրել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձը՝ 10 միլիոն 143 հազար դրամ: Թեկնածուն որպես դրամական միջոցն հայտարարագրել է նաև 5 միլիոն դրամ ու 5000 դոլար: Նա նաև 66 տոկոս բաժնեմաս ունի «Լեքս կոնսալտ» ՍՊԸ-ում:

Էդգար Հովհաննիսյանը համատեղ սեփականությամբ 2 բնակարան է հայտարարագրել և 2 հողամաս, որոնք նրա միանձնյա սեփականությունն են: Թեկնածուն ունի նաև 2000 թ. արտադրության «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենա:

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը որպես աշխատավարձ հայտարարագրել է «Արդշինբանկից» և Սյունիքի մարզպետարանից անցած մեկ տարում ստացած ընդհանուր գումարը՝ 3 միլիոն 649 հազար դրամ: Թեկնածուն ունի 5 միլիոն դրամ: Ն. Բաբայանը որևէ   անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենն ունի 2008 թ. արտադրության «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա:

Երրորդ թեկնածուն՝ գործարար Գևորգ Փարսյանը, ամենամեծ թվով անշարժ և շարժական գույքն է հայտարարագրել: Փարսյանն, ըստ այդմ, ունի 2 բնակարան, որոնցից մեկը ընդհանուր, իսկ մյուսը միանձնյա սեփականություն է, 4 հողամաս (միանձնյա սեփականություն) և 2 ավտոմեքենա՝ 2007 թվի «Nissan Maxima» և 2005 թվի «Mercedes-Benz G55 AMG»:

Թեկնածուն չնայած «արժեթուղթ և այլ ներդրում» բաժնում որևէ նշում չի կատարել, անցած մեկ տարվա կտրվածքով հայտարարագրել է շահաբաժին «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ-ից՝ 400 հազար դրամ, ինչպես նաև աշխատավարձ նույն տեղից՝ 2 միլիոն 236 հազար դրամ: Փարսյանը որպես դրամական միջոց ունի 4 միլիոն 500 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Ղահրամանյանն է: Վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսին՝ այն բանից հետո, երբ հրաժարական էր տվել 2012-ից Կապանը ղեկավարող ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter