HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչ հիմքերով են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել դատավորներն ու նրանց որդիները. մաս 3

Շարքի նախորդ երկու հրապարակումներում անդրադարձել ենք պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կառավարության անդամներին և պատգամավորներին ու նրանց որդիներին: Այս բաժնում անդրադառնալու ենք պարտադիր զինվորական ծառայությունից ազատված դատավորների որդիներին ու դատավորներին: Հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանությունը՝ չենք հրապարակում որևէ մեկի առողջական խնդրի մասին տեղեկություն՝ անկախ այն հանգամանքից՝ տվյալ պաշտոնատար անձինք խնդրել են չհանրայնացնել այդ տեղեկությունը, թե ոչ:

Սկսենք Սահմանադրական դատարանի գործող ու նախկին անդամների որդիներից:

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի որդիները՝ Պապին Թոխյանը և Վաչագան Թոխյանն ազատվել են զինծառայությունից:

Ֆելիքս Թոխյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց որդիների՝ զինծառայությունից ազատման հիմքերը. ավագ որդին՝ 37-ամյա Պապին Թոխյանը, ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, կրստեր որդին՝ 32-ամյա Վաչագան Թոխյանը` առողջական հիմքով:

Թոխյանը ՍԴ անդամի պաշտոնը զբաղեցնում է 1997 թվականի սեպտեմբերի 23-ից:

ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի որդիները՝ Հայկ և Արամ Խաչատրյանները ևս չեն ծառայել:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Աշոտ Խաչատրյանը հայտնել է, որ թե՛ ավագ որդին՝ 27-ամյա Հայկ Խաչատրյանը, թե՛ կրտսեր որդին՝ 26-ամյա Արամ Խաչատրյանն, ազատվել են զինծառայությունից իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունենալու հիմքով:

Աշոտ Խաչատրյանը ՍԴ անդամ է 2010 թվականի դեկտեմբերի 9-ից:

ՍԴ անդամ Հրանտ Նազարյանի որդին՝ 27-ամյա Տիգրան Նազարյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Հրանտ Նազարյանը տեղեկացրել է, որ որդին զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

ՍԴ նախկին անդամ,  ՍԴ նախկին փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանի որդին՝ Գևորգ Հովհաննիսյանն էլ է ազատվել զինծառայությունից: Վոլոդյա Հովհաննիսյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ որդին ազատվել է զինծառայությունից ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով:

 Վոլոդյա Հովհաննիսյանը ՍԴ անդամ է նշանակվել 1996 թվականի փետրվարի 6-ին:

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ ԱԳ նախկին խոսնակ, Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը չի ծառայել ԶՈՒ-ում: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պարտադիր զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով՝ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունենալու հիմքով:

Կիմ Բալայանի մյուս որդին՝ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ծառայել է մեկ տարի, Բալայանը վաղաժամ է զորացրվել ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով:

Կիմ Բալայանը ՍԴ անդամ է նշանակվել 2003 նոյեմբերի 18-ին:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի 18-ամյա որդին՝ Տիգրան Ավետիսյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից: Սերժիկ Ավետիսյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ որդին ազատվել է առողջական հիմքով՝ ճանաչվելով զինծառայության համար ոչ պիտանի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանի 30-ամյա որդին՝ Գարեգին Պետրոսյանը ևս   չի ծառայել: Գարեգին Պետրոսյանը ԱԺ իրավական փորձաքննության վարչության պետն է: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Գարեգին Պետրոսյանը զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով՝ որպես իրավաբանական գիտությունների թեկնածու:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանի որդին՝ 28-ամյա Կարո Միքայելյանը չծառայածների թվում է: Դատավոր Միքայելյանը մեր գրությանն ի պատասխան արձագանքել է, որ առաջադրված հարցման վերաբերյալ տեղեկատվությունը դուրս է Վճռաբեկ դատարանի տիրապետման տիրույթից և վերաբերում է անձի մասնավոր կյանքին, ինչը ներառված է տեղեկատվության ազատության սահմանափակումների ցանկում:

«Նման պայմաններում նկատի ունենալով այն, որ ձեր հարցադրումը վերաբերում է չափահաս անձի մասնավոր կյանքին, որն օրենքի ուժով ինքնուրույն է տնօրինում իր անձի հետ կապված տեղեկատվությանը, ուստի բացակայում են ձեր խնդրանքի բավարարման իրավական հնարավորությունները»,- ասված է դատավոր Ստեփան Միքայելյանի ստորագրությամբ ստացված նամակում:

Դատավոր Միքայելյանի որդին՝ Կարո Միքայելյանը, փաստաբանների պալատի անդամ է:

Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի որդին՝ Լիպարիտ Դրմեյանն էլ է ազատվել ծառայությունից:

Դատավոր Դրմեյանը մեր գրությանը պատասխանել է գրեթե նույն կերպ, ինչպես Վճռաբեկ դատարանի մեկ այլ դատավոր Ստեփան Միքայելյանը:

Լիպարիտ Դրմեյանը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է. գիտական աստիճան ունի, իրավագիտության թեկնածու է, ուստի չի բացառվում, որ այդ հիմքով էլ ազատվել է զինծառայությունից:

Վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ նախագահ, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին ևս ազատվել է զինծառայությունից: Վերաքննիչ քրեական դատարանից մեր գրությանը չեն արձագանքել, սակայն ուսումնասիրելով դատավոր Ռշտունու կենսագրությունը` պարզ է դառնում, որ վերջինիս կրթությունը չի ընդհատվել, և նա ունի գիտական աստիճան, և հավանական է, որ զինծառայությունից ազատվել է հենց ադ հիմքով:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգոյանի որդին՝ 22-ամյա Նազար Գրիգորյանը, եւս ազատվել է: Դատավորից պատասխան չենք ստացել:

Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը  մեր գրությանն ի պատասխան հայտնել է, որ ազատվել է զինծառայությունից գիտական աստիճան ունենալու հիմքով:

Ի դեպ, Ռաֆիկ Խանդանյանը ոչ միայն դատավոր է, այլև դատավորի որդի. նրա հայրը՝ Գագիկ Խանդանյանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է:

Ռաֆիկ Խանդանյանը տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դստեր ամուսինն է:

Զինծառայությունից ազատվել է նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը, վերջինս մեր գրությանն ի պատասխան միայն հայտնել է, որ առողջական հիմքով չի ազատվել զինծառայությունից:

Ըստ կենսագրական տվյալների՝ գիտական աստիճան չունի: Անդրանիկ Մնացականյանը հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Մնացական Մնացականյանի որդին է, վերջինս ՀՀԿ անդամ է:

Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը մեր գրությանը չի պատասխանել, ըստ կենսագրական տվյալների՝ գիտական աստիճան չունի:

Աղասի Դարբինյանը Վանաձորի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դաբինյանի որդին է: Սամվել Դարբինյանի կրտսեր որդին՝ Արգիշտի Դարբինյանը ևս ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը ևս չի ծառայել:

Վերջինս Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին է:

Դատավոր Հարությունյանը մեր գրությանն ի պատասխան հայտնել է իր պատրաստակամությունը՝ թույլ տալ ծանոթանալու զինծառայությունից ազատման իր փաստաթղթերին, որոնք գտնվում են ՊՆ-ում: Նախարարություն ուղարկված դատավորի գրությանն ի պատասխան հայտնել են, որ իր անձնական գործում առկա բժշկական փաստաթղթերը չեն կարող տրամադրվել, քանի որ ՊՆ 058 հրամանի պահանջների համաձայն՝ զորակոչիկ Դավիթ Հարությունյանի անձնական գործը ոչնչացվել է 2011 թվականին:

Տեղեկացնենք, որ այս հրամանի համաձայն՝ զորակոչիկի անձնական գործում առկա փաստաթղթերը ոչնչացվում են զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելուց հինգ տարի անց, իսկ նախարարությունում մնում է միայն զորակոչիկի՝ զինծառայությունից ազատման հիմքի մասին տեղեկություն, ինչն էլ նախարարությունը մեզ մշտապես մերժում է տրամադրել՝ որպես անձնական տվյալ:

Ստացվում է, որ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ պարզել զորակոչիկի զինծառայությունից ազատման հիմքի օրինականությունը, եթե վերջինս ազատվել է առողջական հիմքով, քանի դեռ որևէ կերպ արխիվացված չեն զորակոչիկի՝ տարբեր տարիներին արված բժշկասոցիալական փորձաքննության արդյունքները, էպիկրիզները (հիվանդության պատմությունները). այդ փաստաթղթերը ոչնչացվում են, երբ զորակոչիկի՝ պարտադիր զինծառայության համար ոչ պիտանի լինելը փաստող կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունից անցնում է հինգ տարի:

Հիշեցնենք, որ վարչապետի հանձնարարականով ստուգումներ են իրականացվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման հիմքերի օրինականության վերաբերյալ. այսինքն ստուգումների շահառու կարող են լինել միայն այն պաշտոնյաների որդիները, ինչու չէ նաև այն պաշտոնյաները, որոնց զինծառայությունից ազատվելուց հետո հինգ տարի դեռևս չի անցել, այդպիսիք, ի դեպ, կան գործող կառավարության կազմում:

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի որդին՝ Հայկ Ծատուրյանը մինչև 2020թ. ամառային զորակոչն ունի տարկետման իրավունք: Դատավորը մեր գրությանն ի պատասխան հայտնել է, որ որդին տարկետում է ստացել գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով առկա ուսուցման հանգամանքով պայմանավորված:

Հ.Գ. Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ հաջորդ հրապարակումը լինելու է զինծառայությունից ազատված դիվանագետների որդիների մասին, բայց քանի որ դիվանագետները հետ են կանչվում և նշանակվում նորերը, այդ հոդվածին կանդրադառնանք դիվանագետների ամբողջական կազմի հստակ լինելուց հետո:

Շարունակելի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter