HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային Միացյալ Կուսակցություն․ Պարույր Հայրիկյան

սկիզբը

Պարույր Արշավիրի Հայրիկյանը  ծնվել է 1949 թ., Երեւանում: Մինչեւ կալանավորվելը սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի երեկոյան բաժնի 3-րդ կուրսում, միաժամանակ աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի ֆաբրիկայում: Դեռ պատանեկան տարիներից զբաղվել է հայրենասիրական գործունեությամբ: Կազմակերպել է «Հայկական երիտասարդական միություն» խմբակը: Խմբակի անդամները զբաղվել են ֆոտոեղանակով բազմացված թռուցիկների տարածմամբ: Հետագայում կապ են հաստատում Ազգային միացյալ կուսակցության հետ: Դառնում են ԱՄԿ-ականներ: Ապա՝ Հայրիկյանը հիմնում է «Շանթ» ԱՄԿ երիտասարդական կառույցը: ԱՄԿ ղեկավարների կալանավորումից հետո` Հայրիկյանի գլխավորությամբ կազմակերպվում է «Ցասում» վերնագրով թռուցիկի տպագրումը եւ տարածումը, իսկ նրանց դատավարությունից հետո տարածվում են «Երկունք» թերթիկը: «Երկունք»-ը ուներ ընդգծված անկախական ուղղվածություն, սկսվում էր  «Անկախությունը որպես կենսական պահանջ» հոդվածով, որտեղ Խորհրդային Միությունն անվանվում էր Ռուսական կայսրություն եւ տարածվել է 5000 տպաքանակով։ Ծավալած բուռն գործունեությունն աննկատ ու անհետեւանք մնալ չէր կարող։ 1969 թ․ մարտին Պարույր Հայրիկյանը կալանավորվում է, իսկ 1970 թ․ փետրվարի 23-ին՝ դատապարտվում 4 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերում: 1973-ին ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան եւ անմիջապես վերցվել ոստիկանական հսկողության տակ: Չնայած հսկողությանը` չի դադարեցրել իր ակտիվ գործունեությունը: Վերականգնել է նախկինում իր գլխավորած ԱՄԿ կառույցը: Ներգրավվել են նոր անդամներ: Իրար հետ չառնչվող տարբեր խմբակներ` Հայրիկյանի գլխավորությամբ, զբաղվել են թռուցիկների տարածմամբ` պատերին Հայաստանի անկախության մասին կոչեր գրելով: 1974 թ. փետրվարին նա կրկին կալանավորվում է:

Այս անգամ` քր. օր.-ի 2171 հոդվածով (վարչական հսկողության կանոնները չարամտորեն խախտելը): Այս շինծու մեղադրանքով 1974 թ. մարտի 5-ին նրան դատապարտում են 2 տարի ազատազրկման: Իսկ մի քանի օր անց` մարտի 29-ին, քր. օր.-ի 65 հոդվածի 2-րդ մասով եւ 67 հոդվածով նոր մեղադրանք են առաջադրում: 1974 թ. նոյեմբերին դատապարտվում է 7 տարի ազատազրկման եւ 3 տարի աքսորի: Պատիժը կրել է սկզբում` Մորդովիայի, այնուհետեւ` Պերմի մարզի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերում: Ակտիվ ու անկոտրում կալանավորի համարում է ունեցել։ Յոթնամյա ազատազրկման ժամկետը լրանալուց մի քանի ամիս առաջ` նոր շինծու մեղադրանք են ներկայացնում նրան: Այս անգամ Հայրիկյանը մեղադրվում է ՌՍՖՍՌ քր. օր.-ի 174 հոդվածի 2-րդ մասով (կաշառք տալ): 1981-ին դատապարտում են 3 տարի ազատազրկման: Պատիժը կրում է Իրկուտսկի մարզի քրեական հանցագործների համար նախատեսված կալանավայրում, որից հետո` համաձայն 1974 թ. դատավճռի, երեք տարով աքսորվում է: Հայաստան է վերադառնում 1987-ին: Նույն թվականին` ԱՄԿ հենքի վրա ստեղծում է Ազգային ինքնորոշում միավորումը:

1990-ին ընտրվել է Գերագույն խորհրդի, ապա 1995-ին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ապրում է Երեւանում: Գլխավորում է Ազգային ինքնորոշում միավորումը:





                              Պատմում է Պարույր Հայրիկյանը

(Ինչպես գրքում առկա մնացած բոլոր հուշ-պատմությունները, այնպես էլ այս մեկը՝ հարցազրույցի տեսքով ձայնագրվել, ապա՝ վերծանվել ու վերջնական տեսքի է բերվել մեր կողմից։ Այն առաջին դեմքով է ներկայացվում խոսքն ավելի հասանելի եւ անհատական զգացմունքները հնարավորինս անմիջական տեղ հասցնելու նպատակով)

Իմ ձեւավորման` այսպիսի աշխարհընկալումով կայացման հարցում որոշիչ դեր են խաղացել մի կողմից` իմ ընթերցասիրությունը, մյուս կողմից` հայրս: Այն օրերին մշտապես ազդարարվում էր, թե  մենք` մեր ժողովուրդը, այսօր անհամեմատ ավելի բարվոք վիճակում ենք, քան եղել ենք դարեր շարունակ: Երբ առաջին անգամ մեր աշխարհագրության ուսուցչուհին ցույց տվեց մեզ Հայաստանի քարտեզը, ես նրան խնդրեցի քարտեզի վրա ցույց տալ Արարատ լեռը: Նա ցույց տվեց Հայաստանի սահմաններից դուրս մի կետ, ինչն ինձ ցնցեց. «Ինչպե՞ս, Արարատը Հայաստանում չէ՞»: «Իսկ ի՞նչ է, դու չգիտեի՞ր», - եղավ ուսուցչուհուս պատասխանը: Ինձ համար դա ցնցող բան էր: Ինչ- պե՞ս է, որ ամեն ինչ լավ է, որ հայերս այսօր շատ ավելի լավ ենք ապրում, քան երբեւէ, բայց Արարատը Հայաստանում չէ:  Տուն վերադառնալուն պես ասացի. «Հայրիկ, գիտե՞ս, Արարատը Հայաստանում չի»: Երեւի տաս-տասնմեկ տարեկան էի: Հայրս էլ` ուսուցչուհուս պես ասաց` ի՞նչ է, չգիտեի՞ր: Թեւաթափ էի: Հատկապես ազդված էի այն բանից, որ մեծերը` հայրս, ուսուցչուհիս, մյուսներն, այդ երեւույթի մասին այդքան հանգիստ էին խոսում: Սկսեցի ավելի խորը հետաքրքրվել: Իմացա, որ Հայաստանի պատմական տարածքից մեզ մի կտոր է միայն մնացել: Իմացա Եղեռնի, ստալինյան բռնությունների, շարունակվող հալածանքների, անմեղ զոհերի մասին:

Հայրիկիս ընկերներից Չալգուշյան Անդրանիկը, որ Ազնավուրի առաջին հայերեն թարգմանիչն էր, ինձ գրականություն էր տալիս: Այն ժամանակ արգելված գրողներ էին Լեւոն Շանթը, Ավետիս Ահարոնյանը: Ինքնահրատ եղանակով էին տարածվում նաեւ Շիրազի շատ ստեղծագործություններ: Ինձ մոտ աստիճանաբար պատկերացում էր ձեւավորվում, որ մի մեծ անարդարություն կա, եւ մարդիկ այդ անարդարությանը համակերպվել են:

Մեր տանը շատ էին խոսում ապրիլի 24-ի մասին, Աբրահամ Հայրիկյանի մասին, որը մեծ մտավորական է եղել Պոլսում: Որպես գրող, հրապարակախոս նա այնքան էլ հայտնի չէր, բայց որպես գավառի համար դպրոցներ հիմնող, ուսուցիչներ պատրաստող` հայտնի է եղել: Հայրիկյանները Պոլսում հարուստ են եղել: Նրանց ավագ որդին` Աբրահամ Հայրիկյանը, այդ ողջ հարստությունը տրամադրել է Արդի (Հայրիկյան) վարժարանին:  Նա եղել է ապրիլի 24-ին երիտթուրքերի կազմած` ձերբակալման ու ոչնչացման ենթակա հայ մտավորականների ցուցակում: Վանեցի տատիկներս էլ պատմում էին Վանի գաղթի մասին:

Այս բոլոր պատմությունները, խոսակցությունները կաթիլ-կաթիլ դառնում էին իմ էության մի մասը եւ համապատասխան տրամադրություն ձեւավորում: Նուբարաշենի մերձակա բլուրներից մեկից Արարատը շատ գեղեցիկ էր երեւում: Ամեն առավոտ վազում էի դեպի այդ բլուրը, այնտեղից նայում էի Արարատին ու արտասվալից զրուցում նրա հետ: Ոչ ոք այդ մասին չգիտեր: Դա իմ պատանեկան գաղտնիքն էր: Հետո իմացա, որ մայրական պապս իր տունն այնպես է կառուցել, որ դեպի Արարատ նայող պատշգամբ ունենա, ու ամեն առավոտ այնտեղից  Արարատին նայելով արտասվել է: Նա արտասվելու չափազանց լուրջ պատճառ է ունեցել: Մայրական ընտանիքս 15-16 թթ. որոշում է վերադառնալ Վան: Արարատի փեշերով անցնելիս ընտանիքի 22 անդամները խոլերայից մահանում են: 25-ամյա պապս բոլորին հողին է հանձնում այնտեղ ու վերադառնում, որպեսզի արդեն այստեղից ամեն առավոտ` իր շինած տան պատշգամբից նայի այդ ուղղությամբ ու արտասվի նրանց համար:

16 տարեկանում, 1965 թվականին որոշեցի` եթե մեծերն այս անարդարությունը հանդուրժում են, իրենց գործն է, բայց ես պետք է պայքարեմ:  Երկու համադասարանցիներիս հետ պայմանավորվեցինք գաղտնի խումբ ստեղծել: Նրանցից մեկը հետագայում մահացավ Ամերիկայում, իսկ մյուսն այսօր էլ ապրում է Երեւանում: Խումբը կոչեցինք «Անխախտ եռյակ»: 9-րդ դասարանում էինք: Ապրիլի 23-ի գիշերը դպրոցի պատին փակցրեցինք մեր կողմից նախօրոք պատրաստված պատի թերթ: Դա իմ առաջին «գործն» էր: Այդ օրը դպրոցում Երիտասարդության օր էին հայտարարել ու այդ կապակցությամբ երեկո կազմակերպել: Պարզ է, որ նպատակը ապրիլի 24-ից դպրոցականների  ուշադրությունը շեղելն էր: Իսկ մենք դպրոցի հայտարարությունների տախտակին փակցված մեր պատի թերթում կոչ էինք արել չմոռանալ այդ օրը: Դպրոցի տնօրենը պարզել էր, որ պատի թերթի հեղինակը մենք ենք: Կանչեց, ասաց, որ թերթի մասին ոչ ոքի չի ասի, միաժամանակ հորդորեց` նման բաներ այլեւս չանել: Պատի թերթի հրապարակման հաջորդ օրը` ապրիլի 24-ին, մեզ միացավ մեր դպրոցի բարձր դասարանի աշակերտներից եւս մեկը: Դարձանք չորս եւ «Եռյակ» կոչվել արդեն չէինք կարող ու որոշեցինք խումբը վերանվանել Հայկական երիտասարդական միություն:

Սա է եղել սկիզբը: Հաջորդ օրը մենք իմացանք, որ Երեւանում ապրիլի 24-ին մեծ ցույց է եղել: Բացի դրանից, լսել էինք «Յոթ հայրենասերներ»-ի դատի մասին: Ժողովրդի մեջ տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում: Խոսվում էր այն մասին, որ գոյություն ունի հայրենասիրական մեծ կազմակերպություն, որ նրանցից յոթին դատում են, որ Խաչիկ անունով մեկն ամեն ինչ իր վրա է վերցրել` փրկելով այլոց:  Այս ամենը համեմվում էր առասպելաբանությամբ ու ոգեւորում մեզ:

Սկսեցինք ֆոտոեղանակով թռուցիկներ պատրաստել եւ տարածել: Փողոցներում` ասֆալտին հայրենասիրական կոչեր էինք գրում: Մեր խումբը բավական երկար գործեց: Ֆոտոթռուցիկներում իմ եւ Էլիզա Մարգարյանի հեղինակած  բանաստեղծություններն էին: Էլիզան գրել էր.

                                          Որոտում է Արարատը`

                                          Սիմվոլը մեր հայ ազգի,

                                          Պահանջում է, որ գերության

                                          Շղթան փշրենք իր վզի:

Ես գրել էի.

                                          Զարթնեք, հայեր, ժամն է հասել,

                                          Մի մոլորվեք դուք նորից,

                                          Օգնությանը պետք չէ սպասել

                                          Միշտ շահամոլ օտարից:

 

Ահա այս կարգի նյութեր ֆոտոեղանակով տպագրում ու տարածում էինք: Աստիճանաբար մեզ էին միանում նաեւ մեծահասակներ: Նրանցից էր մեր մանկապարտեզի դաստիարակչուհին, որի հետ շատ մտերիմ էի: Նրա նկուղում էլ կազմակերպում էինք մեր տպագրական գործունեությունը:

1967 թ. գարնանը Երեւան-Կիրովական գնացքում թռուցիկներ բաժանելիս բռնվել էր ՀԵՄ-ի անդամ աղջիկներից մեկը: Նա 10-րդ դասարանցի էր: Դա մեր առաջին բացահայտումն էր: Նրանից պահանջում էին ասել, թե ումից է ստացել այդ թռուցիկները:

Դոխոյան Մարիան, որն այսօր Նուբարաշենում է ապրում, ամեն ինչ իր վրա էր վերցրել ու հրաժարվել էր ասել, թե ումից է ստացել դրանք: Մարիան մեզ մեծ դաս տվեց: Նրա օրինակով հասկացանք, որ ՊԱԿ-ից կարելի է ոչ միայն չվախենալ, այլեւ հրաժարվել նրանց ինչ-որ բան ասել: Արշակյան Ազատն իմ ընկերներից էր: Նա արդեն ներգրավված էր մեր խմբում, բայց ուշ-ուշ էինք հանդիպում: Ես արդեն Պոլիտեխնիկի առաջին կուրսն էի ավարտում: Այդ օրերին նա իմ ուսանողական ընկերներից Աշիկյան Հակոբի հետ մեր տանն էր: Պատմեցի, որ Մարիան բռնվել է, որ հաշվի առնելով սեռը եւ տարիքը` չեն կալանավորել, բայց ՊԱԿ-ի, ծնողների ու ուսուցիչների կողմից լուրջ ճնշման տակ է գտնվում: Ստիպում են ասել, թե ով է իրեն տվել թռուցիկները: Նրանք, իհարկե, կռահում էին, որ ես եմ տվել, պահանջում էին հայտնել իմ անունը, բայց Մարիան լռում էր: Նույն այդ թռուցիկներից մենք տարածել էինք, ի թիվս այլ վայրերի, նաեւ Երեւանի Առաջին մաս կոչվող թաղամասում գտնվող Ազատենց դպրոցում: Երբ Ազատն իմացավ, որ Մարիայից պահանջում են ասել, թե ումից է ստացել դրանք, առաջարկեց ասել` իբր թռուցիկներն ինքն է գտել իրենց դպրոցում, տվել է ինձ, ես էլ իմ հերթին` Մարիային: Այսպիսով` շղթան փակվում էր: Այդպես էլ արեցինք: Ստացվեց` իբր անհայտ մարդիկ թռուցիկներ են տարածել Ազատենց դպրոցում, իսկ դա գրանցված փաստ էր, եւ ՊԱԿ-ն այդ մասին գիտեր, Ազատը դրանք վերցրել է դպրոցից` փոխանցել ինձ, ես էլ իմ հերթին` Մարիային, որն էլ արդեն` առանց հետին մտքի, գնացքի մեջ դրանք տվել է տարբեր ուղեւորների: Հետո ինձ կանչեցին հարցաքննության, եւ ես հաստատեցի, որ ես եմ դրանք տվել Մարիային եւ ստացել եմ Ազատ Արշակյանից: Նույնը հաստատեց նաեւ Ազատը: Այսպիսով` գործը փակվեց, իսկ մենք հասկացանք, որ ՊԱԿ-ից ոչ միայն կարելի է չվախենալ, ոչ միայն կարելի է հրաժարվել ասել պահանջվող ինֆորմացիան, այլ նաեւ կարելի է նրանց մոլորեցնել:

Այս բացահայտումը նպաստեց, որ մեր մասին լուր տարածվի: Ողջ Նուբարաշենը, Էրեբունին խոսում էր այն մասին, որ լուրջ հայրենասիրական խումբ է գործում, եւ Պարույր անունով մեկը կա, որը ղեկավարում է այդ խումբը: Ժիրիկ անունով մեր ընկերոջն է մոտենում Արեշից Մանուկ անունով մեկը, որը ճանաչում էր Շահեն Հարությունյանին եւ հետաքրքրվում է ինձանով: Ցանկություն է հայտնում ծանոթանալ ինձ հետ: Այսպես, Ժիրիկի միջոցով ես ծանոթացա  Շահեն Հարությունյանի հետ:

Մեր գործունեությունը հիմնականում հայրենասիրական էր եւ հայրենասիրությունից այն կողմ չէր անցնում: Այսօրվա պես հիշում եմ, որ ինձ վրա լուրջ տպավորություն գործեց, երբ Շահեն Հարությունյանն առաջին հանդիպման ժամանակ, մատնացույց անելով սովետական բանակի երկու սպաների, ասաց` օրինակ, սրանք ի՞նչ գործ ունեն մեր հայրենիքում: Սա ինձ համար արդեն մեկ այլ հարթություն էր:

Շահենի միջոցով ծանոթացա Ստեփան Զատիկյանի հետ: 1966 թվականին ստեղծված Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիր անդամներ Ստեփանը եւ Շահենը մեզ արդեն դիտարկում էին որպես կայացած գործիչներ: Մենք 17-18 տարեկան էինք, բայց ճանապարհ էինք անցել, գործ էինք արել, հասցրել էինք բռնվել, բայց չնահանջել: Մեր խումբն անհամեմատ ավելի մարդաշատ էր, քան  ԱՄԿ-ն: 1967 թ. ապրիլից մեր խմբի երկու աղջիկ եւ չորս տղա արդեն ԱՄԿ անդամներ էին: Սկսվեց պայքարի նոր փուլ: Ինձ առաջարկվեց ստեղծել ԱՄԿ երիտասարդական կառույց: Շահենի առաջարկով այդ կառույցը «Շանթ» անվանվեց: Դրա մեջ ես ներգրավեցի Անդրանիկ Մարգարյանին, Կարապետ Ջղալյանին, Մանուկ Թոփուզյանին եւ ուրիշների, ընդհանուր թվով` 14 հոգու:

ԱՄԿ-ի «Փարոսի» հրապարակումից եւ տարածումից հետո, երբ ԱՄԿ ղեկավարներն արդեն կալանավորված էին, պարզվեց, որ ես ԱՄԿ իսկապես գործող հատվածի փաստացի ղեկավարն եմ: Դա ինձ համար դժվար չէր, քանի որ ե՛ւ ես, ե՛ւ իմ ընկերներն արդեն ունեինք պայքարի անհրաժեշտ փորձ, կային լուրջ կազմակերպական կառույց եւ գործ անելու ձգտում:

ԱՄԿ ղեկավարների ձերբակալությունից հետո առաջին գործը, որ արեցինք` Չեխոսլովակիայի դեպքերի վերաբերյալ թռուցիկի պատրաստումն էր: Թռուցիկներում ասվում էր, որ հայ ժողովուրդը չի ցանկանում մասնակցել կոմունիստական կուսակցության զավթիչ գործողություններին: Ճիշտ է, տեքստը ստորագրված էր ԱՄԿ, բայց խոսվում էր ողջ հայ ժողովրդի անունից:

Սակայն, դեպքերն այնպես զարգացան, որ այդ թռուցիկները չտարածվեցին: Այդ օրերին ՊԱԿ-ում Հայկազ Խաչատրյանն` առերես հարցաքննության ժամանակ Շահեն Հարությունյանին ասում է` գրամեքենան, որ թաքցրել ես, տեղն ասա, թող վերցնեն, որ  գործը փակվի, եւ ամեն ինչ ավարտվի: Հայկազը տեղյակ չէր, որ գրամեքենան գտնվում է ՀԵՄ-ի անդամներից մեկի տան նկուղում: Չգիտեր, որ դա իմ գաղտնարան է, եւ այնտեղ մենք տպագրական գործունեություն ենք ծավալում: Շահենը, վստահ լինելով, որ բացի գրամեքենայից` ուրիշ ոչինչ չկա այդ նկուղում, Հայկազի հորդորով ասում է գրամեքենայի տեղը: Նշված վայրում կատարվում է խուզարկություն: Գրամեքենայի հետ միասին ՊԱԿ-ը տանում է նաեւ իմ ճամպրուկը` մեր նախկին եւ ընթացիկ թռուցիկների օրինակներով:

Ինձ վրա ԱՄԿ ղեկավարների գործից առանձնացված գործ է հարուցվում: Այդ մասին դատի ժամանակ ինձ ասաց Ստեփան Զատիկյանը: Մի կողմից` նրանք ինձ վրա գործ են հարուցում, մյուս կողմից էլ Ստեփանի եւ Շահենի ընտանիքներին ներշնչում են` իբր, ես մատնիչ եմ: Սա էր ՊԱԿ-ի սադրիչ գործելակերպը: Այդ օրերին շատ նուրբ հոգեբանական խաղ էր գնում: Հիմա, արդեն իմ այս տարիքի բարձունքից հիշելով այդ դեպքերը` զարմանում եմ, թե ինչպես եմ կարողացել 19 տարեկանում դիմակայել ու դուրս գալ այդ իրավիճակից: Երեւի դա ստացվել է, որովհետեւ շրջապատված եմ եղել լավ ընկերներով:

Մինչեւ ԱՄԿ ղեկավարների դատավարությունը, մենք կարողացանք տարածել «Ցասում» վերնագրված թռուցիկները, իսկ նրանց դատավարությունից հետո` «Երկունքը»:

«Երկունքը» ցնցել էր ՊԱԿ-ին: Նման բան նրանք պատկերացնել չէին կարող, որ մի կես ժամվա ընթացքում գործող բոլոր բուհերը հեղեղվեն թռուցիկներով: «Երկունք» թերթը շատ մեծ քանակությամբ տարածվեց Երեւանում, Կիրովականում (Վանաձոր), Լենինականում (Գյումրի): Բոլոր բուհերում ու կինոթատրոններում, մարդաշատ բոլոր վայրերում տարածվեց: Իմ սխալներից մեկն եմ համարում, որ «Երկունք», «Ցասում», «Հայք» մասնաճյուղերի անդամներից յուրաքանչյուրը շատ ավելի պատրաստ լինելով ղեկավարի դերին, քան Ազատ Արշակյանը, որը երեք-չորս ամսով հեռանալով Հայաստանից` կտրվել էր մեր իրականությունից, նրան վստահեցի ինձանից հետո ընդհանուր ղեկավարի դերը: Նա իմ ընկերն էր, ես նրան շատ էի վստահում: Բայց իմ բռնվելուց հետո նա, փաստորեն, չկարողացավ իրականացնել գործի ղեկավարումը, եւ կազմակերպությունն անգործության մատնվեց:

ՊԱԿ-ի գործը ոչ  միայն մեզ բացահայտելն ու դատելն էր, այլեւ ամեն կերպ մեզ հոգեբանորեն կոտրելը: Նրանք կարողանում էին, ժամանակի մտայնությունը հաշվի առնելով, մեր դեմ օգտագործել անգամ մեր ծնողներին: Ինչու՞ պետք է ձեր որդին բանտ նստի, օգնեք մեզ, որպեսզի նա իր սխալը հասկանա եւ խուսափի երկարատեւ պատժաչափից: Ահա սա էր նրանց լարած թակարդը, որի մեջ ընկնում էին մեր ծնողները: Ծնողների հետ նրանք հանդես էին գալիս որպես դաշնակիցներ, ինչը ծանր էր նստում մեզ վրա:

Դատապարտվեցի 4 տարի ազատազրկման: Այդ տարիներն անցկացրի Մորդովիայի քաղաքական կալանավայրերում: Իմ առաջին պատժաչափը ավարտելուց հետո` 1973 թվականին վերադառնալով Հայաստան, գտնվում էի վարչական հսկողության տակ: Չնայած դրան, անմիջապես սկսեցի վերականգնել անգործության մատնված մեր կառույցները: Ամենակարեւոր դրվագներից մեկը եղավ ԱՄԿ ծրագրում փոփոխություններ կատարելը, «Անկախություն հանրաքվեի ճանապարհով» ռազմավարության որդեգրումը: Նպատակը` կուսակցությունը ժամանակի ոգուն ավելի համահունչ դարձնելն էր: Ստեղծվեց ԱՄԿ ղեկավար մարմին` ԱՄԿ խորհուրդ: Ինձ միաձայն ղեկավար ընտրեցին: 1974-ին կրկին կալանավորվեցի եւ դատապարտվեցի 10 տարի ազատազրկման ու աքսորի:

ՊԱԿ-ը մի մեծ խնդիր ուներ` որպես երեւույթ ոչնչացնել ԱՄԿ-ն: Իրենց այդ նպատակին հասնելու համար կարեւոր էին համարում ցույց տալ, որ արդեն դատապարտված  ԱՄԿ-ականները հետ են կանգնում իրենց պայքարից, զղջում են կատարածի համար եւ հայցում խորհրդային իշխանության ներողամտությունը: Դատապարտվելուց հետո, հաշվի առնելով յուրաքանչյուր դատապարտված ԱՄԿ-ականի անձնական հատկանիշները, յուրաքանչյուրի նկատմամբ յուրահատուկ ծրագրեր էին մշակում: Նրանց համար չափազանց կարեւոր էր հասնել դրան, որ կալանավայրերում գտնվող ԱՄԿ-ականները հանդես գան ներման ու զղջման դիմումներով: Եթե դա համատարած բնույթ կրեր, կարող էր կոտրել դեռեւս չբացահայտված ԱՄԿ-ակաների կամքը: Կարող էր անգամ նպաստել ԱՄԿ-ի ոչնչացմանը: Սակայն, ի պատիվ ԱՄԿ-ականների, կարող ենք փաստել, որ ներման խնդրագրեր գրողների թիվը խիստ սահմանափակ եղավ: Քչաթիվ ներման խնդրագիր գրողներից էին նաեւ Աշոտ Նավասարդյանը եւ Ազատ Արշակյանը: Ճշմարտության առաջ մեղանչած չլինելու համար հարկ է շեշտել, որ Աշոտն ու Ազատը հետագայում` 1981-ին, չնայած ներման խնդրագրով ազատ արձակվելու հանգամանքին, «Փարոսի» հերթական համարը թողարկելու մեղադրանքով կրկին դատապարտվեցին:

Մենք կալանավայրերում էլ` հացադուլերով, բողոքագրերով, դրսի հետ կապը պահպանելով, գրականություն ստեղծելով ու փոխանցելով շարունակում էինք պայքարը հանուն Ազատ ու Անկախ Հայաստանի: Մեզ միացան նաեւ այլ ազգերի քաղկալանավորներ, եւ ԱՄԿ-ն դարձավ միջազգային կազմակերպություն: Այս ամենն ինձ չներվեց, եւ կալանաժամկետիս ավարտից երեք ամիս առաջ իմ ժամկետն ավելացրին երեք տարի երեք ամսով ու տեղափոխեցին նախ` Պերմի բանտ, ապա` Իրկուտսկի մարզի քրեական հանցագործների համար նախատեսված կալանավայր:

1987 թվականին վերադառնալով կալանավայրից` 4 ընկերների հետ ես ԱՄԿ-ն դուրս բերեցի ընդհատակից ու վերանվանեցի Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ): Դա ԽՍՀՄ տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական կազմակերպությունն էր` իր «Անկախություն» շաբաթաթերթով: ԱԻՄ-ի առաջնահերթ խնդիրն Անկախության հանրաքվեն էր, որը տեղի ունեցավ 1991 թվականի սեպտեմբերին:

Վարդան Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter