HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ռոջեր Ուոթերսի բրազիլական շրջագայությունը` ծափերի ու նախընտրական ծեծկռտուքների ուղեկցությամբ

Հարավային Ամերիկան շարունակվում է ալեկոծվել. պատճառը սակայն, ոչ թե անկանխատեսելի Ատլանտիկ և հաճախ ոչ այնքան խաղաղ Խաղաղ օվկիանոսներն են, այլ՝ 2018թ. հայտնված նոր «ցունամին»՝ «Us + Them» անվամբ:

Սա լեգենդար «Փինք Ֆլոյդի» նախկին առաջնորդի՝ Ռոջեր Ուոթերսի  համաշխարհային նոր շրջագայությունն է, որը շատերի ենթադրությամբ՝ միգուցե վերջին խոշորագույն նախագիծն է լինելու 75-ամյա արտիստի կյանքում: Շոուի երաժշտական մասն ընդգրկում են երգեր՝ հիմնականում փինքֆլոյդյան և երաժշտի սոլո կարիերայի ամենահայտնի ալբոմներից: Երաժշտությունը, ինչպես միշտ, զուգակցված է խորհրդանշական ու չափազանց խոսուն պատկերներով, գունաձայնային ազդեցիկ լուծումներով:

Բայց, թերևս ամենակարևորը, երաժշտությանը գրեթե հավասար բաժնով ընթացող տեքստ-հաղորդագրություններն են, որոնք նա փոխանցում է մարդկանց:

Այս օրերին Ռ. Ուոթերսը Բրազիլիայում է՝ Լատինական Ամերիկայի ամենահսկա և միևնույն ժամանակ՝ ամենառոքասեր երկրում: Ուոթերսի այցելությունն այստեղ ոտքի է հանել հին ու նոր սերունդներին, հավաքել տասնյակ հազարավոր հանդիսատես ընդգրկող մարզադաշտերում և հսկա համերգասրահներում: Սակայն այս անգամ ռոքի խորհրդանիշ արտիստը երաժշտության ու իր կերպարի հանդեպ նրանց ունեցած խորը հարգանքից բացի, միևնույն ժամանակ կարծես թե ալեկոծել է բրազիլական՝ առանց այդ էլ զգայուն խառնվածքը, արթնացրել բոյկոտող ոգին:

Բրազիլիան այս օրերին քաղաքական սուր ու հակասական տրամադրությունների մեջ է. նրանք պատրաստվում են նախագահական ընտրությունների: Երկրի ամենաազդեցիկ երկու թեկնածուները՝ սոցիալ-լիբերալ կուսակցությունից Ժաիր Բոլսոնարուն և աշխատավորական կուսակցությունից Ֆերնանդու Ադաջին, երկրի բնակչությանը բաժանել են երկու խմբի: Ընտրապայքարի այս թեժ օրերի մթնոլորտում բրազիլացիները՝ պետական մանր ու մեծ պաշտոնյաներից սկսած մինչև խանութի մուտքը հսկող երիտասարդ պահակը, ոչ թե միմյանց հետ բանավիճում, այլ վիճում ու հետզհետե ծեծկռտուքի վերածվող քննարկման մեջ են մտնում՝ գրեթե ամեն օր: Մի մասը Բրազիլիայի փրկությունն ու զարգացումը տեսնում է խիստ ու բիրտ հայացքներով հայտնի Բոլսոնարուի, մյուսը՝ նախկին և այժմ բանտում գտնվող նախագահի «մարդու»՝ Ադաջիի ձեռքերում:

Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Ռոջեր Ուոթերսի համերգը:

«Us + Them» -ը ոչ միայն համերգային անմոռանալի շոու էր, այլև ուղերձ և կոչ՝ ուոթերսյան հայտնի արտահայտչամիջոցներով: Սա լեգենդար երաժշտի արձագանքն է ժամանակակից աշխարհը լափող քաղաքական բարքերին: Երկու մասանոց համերգը, որն իրականում երաժշտական փառահեղ բեմադրություն կարելի էր անվանել, դիմադրության, պայքարի կոչ էր իր տասնյակ հազարավոր երկրպագուներին: Պայքարել պատերազմների, բռնապետների, կրոնական գաղափարներն իբրև թշնամության գործիք կիրառելու, երկրագնդի ճակատագիրը «խոզ-կառավարողներին» հանձնելու, անմեղ մարդկանց սպանությունների դեմ:

Թվում է՝ ամեն ինչ ճիշտ է ու տեղին, որովհետև ամեն ինչ, իսկապես, այնքան ճշգրիտ էր հիմնավորված, և բացի այդ՝ չէ՞ որ ինքը՝ լեգենդն էր դրա մասին ասում: Բայց այն պահին, երբ Սան Պաուլոյի «Allianz Parque» մարզադաշտում՝ հսկայական էկրանին, նեո ֆաշիզմը խթանողների ուոթերսյան ցանկի վերջում հայտնվել է նաև Ժաիր Բոլսոնարուի անունը, համերգային մթնոլորտը անակնկալ ընթացք էր ստացել: Փոխանցված էներգիայից ոգևորված ու ազդված՝ նախագահական երկու թեկնածուների երկրպագուների միջև վեճ էր սկսվել: Մի մասը «է՛լի նա՛ո» (ո՛չ նա (Բոլսոնարոն-հեղ.)), մյուսը՝ «մի՛-տո» (միֆ) գոռալով սկսել են երաժշտական դադարները, հետո նաև համերգի ընթացքը ևս, վերածել քաղաքական հայացքների բախման: Սկզբում՝ կոչերով, պաստառներով, իսկ հետո՝ համերգի ավարտին ու հաջորդած օրերին՝ ծեծկռտուքով, բռնության լուրջ դեպքերով:

«Ռոքի խորհրդանիշը Բրազիլիան բաժանել է երկու մասի»,- գրում են որոշ թերթեր այս առիթով:

Ուոթերսն իր շոուի միջոցով հաղորդում է, որ աշխարհում քաղաքական գործիչներ կան, ովքեր իրենց գործունեությամբ նեոֆաշիստական տրամադրություններ են զարգացնում, և դա գնալով ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում: Բոլսոնարուն եզրափակում էր տարբեր երկրների «մեղավորների» ցանկը, որոնց թվում են՝ Դոնալդ Թրամփը, Նայջել Ֆարաժը, Լը Պեն, Կազինսկին, Պուտինը և այլք:

Սան Պաուլոյի համերգի ընթացքում բարձրացած աղմուկի պատճառով, հոկտեմբերի 13-ին, մայրաքաղաք Բրազիլիայում պաստառն արդեն փոքր-ինչ փորձել էր հանդարտեցնել կրքերը: Բոլսոնարույի անունը փակված էր՝ «Գրաքննության ենթարկված քաղաքական տեսանկյուն» նախադասությամբ: Ձևակերպումն արդեն հուշում է, որ սա ամենևին էլ չէր նշանակում, թե Ուոթերսը տեղի էր տվել աղմուկին: Վայրկյաններ անց հնչեց նրա մեկնաբանությունը՝ «Ես իմացա, որ Սան Պաուլոյում, համերգից հետո մարդիկ կռիվ են արել իրար հետ: Դուք, իսկապես, հրաշալի երկիր ունեք, և ես ձեզ ասում եմ՝ պետք չէ դուրս գալ միմյանց դեմ, ավելի լավ չէ՞ ձեր այդ էներգիան և ուժը խնայեք այդ խոզերի դեմ պայքարելու համար»:

Բրազիլացի հանդիսատեսը Ուոթերսին շարունակում է ընդունել երկու ծայրահեղ տարբեր մոտեցմամբ: «Նա միակ մարդն է, ով վերջին 10 տարիներին Բրազիլիայում բարձրաձայնել է իրականության մասին»,- ասում է մասնագիտությամբ ինժեներ Պաուլո Նետտոն:

«Բոլսոնարոյին նեո ֆաշիստ անվանելը Ուոթերսի կողմից վիրավորանք էր` ուղղված նրա այն երկրպագուներին, ովքեր հավատում են նախագահի այս թեկնածուին,- ասում է երիտասարդ իրավաբան Գիյերմե Գունյան,- ես նրանցից մեկն եմ և շատ հիասթափված եմ: Նա քիչ բան գիտի Բրազիլիայի ներքաղաքական կյանքից, ուստի պետք չէր նման հայտարարություն անել: Բացի այդ, եթե թվարկում է նեո ֆաշիստներին, ապա իմ կարծիքով` անընդունելի է Էրդողանի անվան բացթողումը: Նա ամենամեծ ֆաշիստն է այսօր»:

Ուոթերսի՝ Բրազիլիայում արդեն սկանդալային պատմության վերածվող այս ուղերձը խնդիրներ է ստեղծել նաև Սալվադոր քաղաքում՝ հոկտեմբերի 17-ին կայացած համերգից հետո: Ասում են՝ քաղաքը, որը Բահիա նահանգի կենտրոնն է, աջակցում է Ֆերնանդու Ադաջիին, ուրեմն այստեղ մերժվում են բոլսոնարոյական միտո-միֆին հավատացողները:

«Շատ լավ է, որ նրա նման հայտնի արտիստները բարձրաձայնում են այս ամենի մասին,- միջազգային անդրադարձերից մեկում ասել է բրազիլացի 34-ամյա Սենդի Լուսիանոն, ով բանկի աշխատակից է:- Մենք բոլորս, ողջ աշխարհում,  քաղաքականապես շատ բարդ ժամանակներում ենք ապրում, և շատ կարևոր է, որ նրա նման հեղինակությունները կարողանում են խոսել դրա մասին»:

Հոկտեմբերի 24, 27 և 30. «Us + Them» -ի սպասվող շրջագայություններն են Ռիոյում, Կուրիչիբայում և Պորտո Ալեգրոյում, ապա՝ ուղղություն դեպի Արգենտինա, Ուրուգվայ, Չիլլի, Պերու և այլն:

Մի քանի օրից Բրազիլիան երկրորդ փուլով կընտրի իր ապագա ղեկավարին: Բայց նախ՝ հսկա այս երկրի տարբեր նահանգներից տասնյակ հազարավոր մարդիկ շտապում են դիմավորել աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկին՝ անգամ խիստ քննադատելով նրա կոչերը: Ու կենդանի երաժշտության ձայնն իրենց երգերով խլացնող մարդկանց այս բազմությունը, բոլոր տեսակի տարաձայնությունները մոռացած, հավանաբար իր համար էլ աննկատ, այսպիսով խոստովանում է, որ այս առաջնորդն իրենցն է ավելի, քան հին ու նոր առաքելությամբ միմյանց հետ մրցող նրանց «տերերը»:

«Us + Them»-ը՝ շարունակելի

Լուսանկարներն արված են Բրազիլիայում հոկտեմբերի 13-ին կայացած համերգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter