HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զանգակատան միակ կին գործարարը գյուղում չրի արտադրությամբ է զբաղվում

Աննա Ասատրյանը Արարատի մարզի Զանգակատուն գյուղում չրի արտադրությամբ է զբաղվում:

Աննայի համար սիրելի զբաղմունքը դարձել է բիզնեսի հիմք: «Արփի» անվանումով չրի արտադրությամբ սկսել է զբաղվել 2016 թվականից՝ բիզնեսից շատ բան չհասկանալով:

«Ամեն ինչ սկսվեց զրոյից, իմ այգու մրգերից: Սկսել եմ միայնակ, ոչ ոք կողքիս չի եղել: Խնամքիս 2 անչափահաս երեխա ունեի: Հենց նրանք էին այն շարժիչ ուժը, որ պիտի տեղում չդոփեմ և առաջ գնամ»:

Աննան ծիծաղով է հիշում, որ իր հաջողություններին առաջին չհավատացողները եղել են ընտանիքի անդամները, ովքեր Աննային հորդորում էին չզբաղվել այդ գործով: Աննային այս հորդորները չեն շեղել, քանի որ հստակ գիտեր՝ ինչ է ուզում, որտեղ է «իրեն տեսնում»:

Իր նպատակին հասնելու համար Աննան խոչընդոտ չի համարել այն հանգամանքը, որ միայնակ մեծացնում է երկու անչահաս երեխաներին, տան «աշխատանքներն իր ուսերին են», հաշվապահ է աշխատում. «Բարդ էր, հիմնականում իմ քնի հաշվին էր այդ ամենը կատարվում, բայց կարևորը սիրով էի իմ գործը անում: Ինքս ինձ հավատում էի, բայց ցանկանում էի ինքս ինձ գործով ապացուցել, որ, այո՛, ես կարող եմ, ես պետք է անեմ»:

«Արփի» չրատունն արտադրում է ծիրանի, դեղձի, սալորի, խնձորի, տանձի, սերկևիլի չրեր: Այս տարի նոր տեսակի՝ հեղինակային, մրգային քաղցրավենիք են պատրաստում: Այն մի քանի մրգերի խառնուրդ է՝ մեղրի հետ խառնած:

Չրի արտադրությամբ զբաղվելը Աննայի համար պատահական ընտրություն չէր, առողջ ապրելակերպի կողմնակից է, չիրն իր սննդակարգում լրացնում է քաղցրի պահանջը:

Արտադրության առաջին երկու տարիներին օգտագործում էր միայն իր այգու մրգերը, որոնք անձամբ էր մշակում: Այս տարի, մեծացրել է արտադրության ծավալը, և մրգեր գնել նաև գյուղացիներից: Ասում է՝ իր գործունեության նպատակն է նաև օգնել գյուղացուն՝ իր բերքի իրացման հարցում։

«Հե՞շտ, հեշտ ոչինչ չկա, բազում խնդիրների եմ առնչվել, որոնց աշխատել եմ առավելագույն լուծում տալ։ Հիմա էլ կան ու միշտ էլ կլինեն, էդպես է զրոյից բիզնես սկսելը, և դա շատ լավ է, տարեցտարի փորձ ես ձեռք բերում: Կարևորն էլ այն է, որ ինքդ ես պրպտում ու լուծում գտնում, դա կոփում է, ուժեղացնում»:

Չրի իրացումը կատարվում է առցանց, համագործակցում է նաև մի քանի խանութների և հյուրանոցների հետ։ Չի նեղսրտում, որ որևէ խանութ կամ հյուրանոց մերժում է չրերը գնել: Չի դժգոհում աշխատանքից և վաճառքից: Ասում է՝ եթե նախորդ տարի կես տոննա չիր են արտադրել, ապա այս տարի այն հասել է մեկ տոննայի:

Աննան այլ արտադրություն ստեղծելու նպատակ և մտադրություն ունի: Առաջին հերթին ցանկանում է չրի արտադրությունը մեծացնել, մտածում է չրային հատիկներով թեյեր արտադրելու, չրերով խմորեղեններ թխելու մասին:

Կարևորում է կնոջ դերը բիզնեսում, հատկապես գյուղական համայնքներում. «Երբ կինը գյուղական ընտանիքում կարողանում է իր ընտանիքին ֆինանսապես աջակցել, դա որակապես բարձրացնում է կնոջ դերը։ Առավել ևս, երբ կինը բիզնես ոլորտում է դրսևորվում հենց գյուղում, դա մեծ խթան է, որ մյուս կանանց մոտ ևս բարձրանա սեփական հմտությունների կենսագործման, սեփական ուժերի նկատմամբ վստահության և սեփական գաղափարը կյանքի կոչելու ցանկությունը»:

Մեկնաբանություններ (1)

Faraj Tabari
Hi It looks delicious. Can I get a brochure

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter