HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անընկեր մտքերը (էսսե)

Մտքի ծնունդը նմանվում է կենսաբանական ռումբի պայթյունի: Այն ոչնչացնում է իրեն լույս աշխարհ բերողին եւ վարակի նման տարածվում ներկաների վրա: Փաստ է, որ մտքեր ունենալը ծանր-վտանգավոր իրողություն է: Սեփական մտքեր ունեցող մարդը ցմահ դատապարտված է եթե ոչ դժբախտ, ապա հաստատ' մենակ լինելուն: Քանի որ ինքը' միտքը, եւս մենակ է, այն չի կարող հավաքական կամ կոլեկտիվ լինել:

Վերջերս հաճախ եմ հիշում մի հրաշալի դերասանի, ում մահվան տարելիցը դեռ չի լրացել: Երբ նրան առաջին անգամ կուլիսներում տեսա, շունչս կտրվեց: Մարդու, ում միայն բեմից ու հեռուստաէկրանից էի տեսել, կանգնած էր իմ առաջ' սարսափելի մոտիկ ու մատչելի: Տարիներն անցան, միասին բեմում շատ ապրեցինք: Նրա ամենօրյա գոյությունն ու մատչելիությունը սովորական իրադարձություն դարձավ: Եվ հանկարծ նա մահացավ: Թատրոնում ներկայացում չկար, ամառ էր: Հետո, երբ թատերաշրջանը բացվեց, նա արդեն բեմում չէր: Ոչ ոք նրա զգեստը չուզեց, ավելի ճիշտ' չկարողացավ հագնել, թեեւ դերերը փոխարինողներ ունեցան: Մի որոշ ժամանակ անց համացանցում կրկին գտա նրան: Ցավակցական տողեր, նկարներ եւ տեսանյութերից պատառիկներ, որոնցից մի քանիսն ուղղակի ցնցեցին ինձ:

Հատվածներ էին նրա' բեմում եւ կինոֆիլմերում խաղացած դերերից: Կերպարներ, որոնք հազար անգամ տեսել էի, բայց քանի որ նա միշտ հասանելի ու մոտ էր թվում, կարծես չէի հասկացել մեկնաբանության տողատակերում թաքնված ուղերձները: Նայում, հարազատությունից ցնցվում ու առաջին անգամ հասկանում էի նրա մտքերի մենակ լինելը: Ներսումս հազար հարց էր առաջանում, որոնց պատասխանող այլեւս չկար: Այդ դերասանի մտքերն անընկեր էին...

Ցավոք, կոլեկտիվիզմը արվեստագետին զրկում է իր մենակությամբ հզոր լինելու հնարավորությունից: Այստեղ է ի հայտ գալիս թատրոնի' որպես արվեստի տեսակի ամենամեծ պարադոքսը: Չէ՞ որ, ըստ էության, մի մարդու ջանքերով ներկայացում չի ստեղծվի: Սակայն թատրոնը, լինելով կոլեկտիվ արվեստ, այնուամենայնիվ, ծառայում է մեկ անձի մտքին:

Անտիկ դարաշրջանի թատրոնում մտքի իմաստով միայն մի գործող անձ կար' դրամատուրգը: Ինձ հանդիպած որեւէ աղբյուրում ես չգտա այդ դարաշրջանում ստեղծագործած դերասանների անուններ: Ավելի ճիշտ' ընդամենը երկու դերասանի անուն պեղեցի, որոնք խաղացել են իրենց իսկ գրած պիեսներում: Անտիկ դարաշրջանում դերասանների անունների փոխարեն հաճախ նշվում էին խորեգների' հովանավորների անունները: Սակայն իմ բերած փաստարկները չեն ժխտում այդ դարաշրջանում արտիստական արվեստի գոյության փաստը: Բնականաբար, դերասաններն են «կյանք տվել» անտիկ դրամատուրգների ստեղծագործություններին:

Հանրահայտ Երգչախումբը եւս բաղկացած էր դերասաններից: Այստեղից հետեւություն' անտիկ դարաշրջանում արտիստական մասնագիտությունը արդեն իսկ համակարգվել է գլխավոր, կենտրոնական, երկրորդական, էպիզոդիկ եւ գործողությունը տանող բազմամարդ հատվածների: Այս իրողությունը հիանալիորեն վկայում է թատերական ծաղկուն դպրոցի մասին: Բայցեւայնպես, մինչեւ մեր օրերը հասած, համաշխարհային հնչեղություն ունեցող պիեսներում խաղացած դերասանների անուններ, այնուամենայնիվ, չկան:

Այսպիսով, անտիկ դարաշրջանի թատրոն ասելով' մենք առաջին հերթին հասկանում ենք Դրամատուրգիա: Դրամատուրգիայի մենաշնորհը պահպանվեց շատ երկար: Ուշ միջնադարում եւ վերածննդի դարաշրջանում դրամատուրգի կողքին ավելացավ մի գործող անձ եւս' դերասանը: Այսինչ-այնինչը, ով Այսինչ դրամատուրգի պիեսում խաղացել է Այնինչ դերը: Ավելի ուշ դերասանի ու դրամատուրգների անունները, առաջնության առումով, տեղերով երբեմն փոփոխվում էին: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ կոնկրետ դերասաններ, իրենց մարմնավորած կերպարների շնորհիվ, ոճերի եւ իզմերի իմաստով դարակազմիկ շրջադարձեր են կատարել:

Շատ ավելի ուշ ի հայտ եկավ մի կարեւոր գործող անձ եւս' բեմադրիչը: Տարիքային իմաստով ռեժիսուրան, դրամատուրգիայի հետ համեմատած, բարուրի երեխա է, բայց արի ու տես, որ վերջին 100-120 տարվա ընթացքում թատրոնի միտքը սկսեց կազմավորվել ու զարգանալ բեմադրիչի տեսիլքի շուրջ: Բեմադրիչը թատրոնին նոր կենդանություն տվեց: Այսուհետ սկսեցին ապրել ու զարգանալ միայն այն թատրոնները, որոնք բեմադրիչ ունեին: Թատրոնի այսօրվա եւ վաղվա ճանապարհը բացվեց բեմադրիչի մտատեսիլքի միջոցով: Իմ խորին համոզմամբ, վերջին 60-70 տարում փիլիսոփայության հիմնական ծանրությունը Գրից շեղվել է: Գիրը, դարեր շարունակ փիլիսոփայության «արտահայտիչ» լինելով, վերածվել է դոնորի: Եվ քանի որ մարդու պահանջներն ավելի վիզուալ են դարձել, ռեժիսուրան կարծես իր վրա է վերցրել փիլիսոփայական ընդհանրացումների հիմնական «բեռը»:

Այսօրվա մարդուն չեն բավարարում միայն Գրային վերլուծությունները: Սինեմատոգրաֆի եւ թատերական նոր ուղղությունների երեւան գալուն զուգընթաց մարդը Միտքը տեսնելու ներքին պահանջ ունեցավ: Միտքը երբեք նորաձեւ չի կարող լինել: Սակայն կան քրոնոմետրաժի իմաստով կարճ ժամանակահատվածներ, երբ օդում սավառնող մտքերը մեկ-երկու քայլ են բարձր հասարակության, որոշ' բավականին լայն հատվածի մտավոր պահանջից: Այդ ժամանակահատվածները, որոնք, որպես կանոն, նախորդում կամ հաջորդում են մեծ հեղափոխություններին ու պատերազմներին, սովորաբար անվանում են Ոսկե դար: Մնացած ժամանակ Միտքը եթե ոչ ժողովրդի թշնամի, ապա հաստատ վտարանդի է:

Ինչպե՞ս է Միտքը ձեւավորվում: Հայտնի փաստ է, որ մտքերը իննամսյա ծննդի արդյունք չեն:

Նրանց բեղմնավորման շրջանը շատ երկար է տեւում: Ուղեղի նոր, հետաքրքիր մտքեր ծնելու կարողությունը, սովորաբար, կարճ կյանք է ունենում, եւ հիբրիդ մտքեր ծնելով' վիժեցնում է այն երկարատեւ աշխատանքը, որը արվեստագետի կայացում ենք անվանում: Ցավոք, կրկնությունը փոշիացնում է այն բացառիկ մենակ եւ միաժամանակ միակ երեւույթը, որը Միտք ենք անվանում: Այսօրվա թարմ, հետաքրքիր հայտնությունը կրկնվելով' միանգամից դառնում է հնոտիք: Նույն գետը երկու անգամ չես կարող մտնել այնպես, ինչպես նույն միտքը չես կարող երկու անգամ «արտաբերել»: Սակայն եթե գետը փոփոխվում է ջրի հոսքի պատճառով, միտքը, կրկնվելով, ցամաքում է միանգամից' անարժեք դարձնելով այն արժեքավորը, որն առաջին անգամ արտահայտելիս արկի պայթյուն էր հիշեցրել:

Այժմ վերադառնանք այս էսսեի հիմնական թեմային: Միտքը չի կարող կոլեկտիվ լինել միակ-բացառիկ լինելու պատճառով: Մտքի հոմանիշը սկզբունքն է: Սակայն սկզբունքը, ունենալով պինդ ու անճաք կաղապար, ամենանուրբ ու փխրուն թելերից է հյուսված: Մարդու, տվյալ դեպքում արվեստագետի ներքին (չհասկացվածության ու հալածվածության) հուզումները եւ բանականության ամենաչնչին խավարումները ի վիճակի են սկզբունքն այլասերելով' վերածել ամբիցիայի: Իսկ ամբիցիան մտքի մումիան է: Եթե սկզբունքը կոչված է ապահովել Մտքի երկարակեցությունը, ամբիցիան անմիջապես, առանց այլեւայլության, այն վերածում է անշունչ հուշարձանի: Իսկ ինչպես մենք գիտենք, հուշարձանների կյանքն ուղիղ համեմատական է այս կամ այն հեգեմոնիայի ծաղկման եւ կործանման հետ: Այսպիսով, մտքի ուժը մենակության մեջ է: Արվեստագետը, հասկանալով սեփական մտքերի իրողության փաստը, հաճախ տուրք է տալիս իր ներսում հակառակության դեւի ծննդին:

Եթե երիտասարդ արվեստագետի մտապատկերում ստեղծագործելու ցանկությունը հիմնականում նույնանում է դուր գալու ցանկության հետ, ապա հասուն արվեստագետն իր գործունեությամբ ժխտում է հաճոյանալու ցանկացած միտում: Միտքը դառնում է սկզբունքային, եւ այդ սկզբունքից ելնելով' լավ առումով մենակյաց:

Այստեղից էլ առաջանում է հասարակության ու արվեստագետի միջեւ հակասությունը: Սակայն այդ հակասությունը, որը հաճախ հղի է մենակ ու ընչազուրկ լինելու վիճակով, միակ միջոցն է անցնելու այն երկարատեւ ու անճանապարհ ուղին, որն արվեստ ենք անվանում: Քանի որ այսօրվա արվեստը չունի ճանապարհ, ինչպես միտքը չի կարող ընկեր ունենալ: Կոլեկտիվ «միտքը» նմանվում է համակենտրոնացման ճամբարի, որտեղ կյանքը վախից անտանելիորեն ձգձգված ու դաժան է դառնում...

Մեկնաբանություններ (1)

Գայանե
...գուցեև ոչ ինն ամսում, բայց Միտքն էլ պտղի նման մարդը կրում ու ծնում է Աստծո հետ իր առանձնության մեջ. մայրերը գիտեն, թե ես ինչ եմ ասում: Եվ եթե նոր կյանք ծնելու համար բնությունը մարդուն ինն ամիս է տվել, ապա պայծառ մտքերին կայծակի արագությունն է վայել: Եվ սա այն էականն է, որ տարածվում է ոչ միայն արվեստների վրա... Ես էլ հաճախ մտածում եմ, թե ինչու է Մարիամի շուրջ այդքան անորոշություն տիրում. միայն որդին է, որ փաստ է և իմաստ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter