HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով վկան պաշտոնյաների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել. ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված

Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով վկան այսօր դատարանում ուշագրավ հայտարարություններ արեց` մեղադրանքներ հնչեցնելով սպանության գործին առնչություն ունեցող Քննչական կոմիտեի Էրեբունու քննիչների, Էրեբունու ոստիկանապետի, Հատուկ քննչական ծառայության քննիչի, ինչպես նաև այն ավտոտեխսպասարկման կետի տնօրենի հասցեին, որից քիչ հեռավորության վրա տեղի է ունեցել սպանությունը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 4-ին Նուբարաշենի խճուղում՝ No problem ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ սպանվել է 58-ամյա Եղիշե Խաչատրյանը: Ըստ մեղադրանքի` Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ: Գործի դատաքննության ընթացքում Արարատ Նիկողոսյանը մահացել է, սակայն մահվան հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել և նրա մասով ևս քննությունը շարունակվում է:

Դատարանում այսօր ցուցմունք տված վկան Դավիթ Գրիգորյանն է: Վերջինիս նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել, և ի սկզբանե հանդես է եկել «Արմեն Սարգսյան» կեղծանվամբ, ապա ցուցմունքներ տվել նաև իր անվամբ:

Գրիգորյանը հայտնեց, որ «Արմեն Սարգսյան» կեղծանվամբ սուտ ցուցմունքներ է տվել. իրեն նման արարք են ստիպել կատարել Էրեբունու այն ժամանակվա ոստիկանապետ Գևորգ Հակոբյանը, Քննչական կոմիտեի էրեբունու քննիչներ Գրիգոր Մղդեսյանն ու Գառնիկ Մաթևոսյանը, «No problem» ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանը:

Վկան նշեց նաև, որ ինքը տեղի ունեցածի մասին պատմել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանին, ով ոչ միայն գործին ընթացք չի տվել, այլ ինքը ենթադրյալ ապօրինություններ է կատարել գործի քննության շրջանակներում:

Ստորև ներկայացնում ենք վկայի ցուցմունքի մանրամասները Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած միջադեպի և վերը նշված պաշտոնյաներից յուրաքանչյուրի գործողությունների վերաբերյալ:

Դավիթ Գրիգորյանը No problem ավտոտեխսպասարկման կետի աշխատակից է: Ըստ դատարանում տված ցուցմունքի` միջադեպի օրն ինքն ու մեկ այլ աշխատակից` Մերուժան Բադալյանը, մեքենայի տակ մտած` աշխատելիս են եղել, երբ ձայներ են լսել: Դուրս են եկել, տեսել երկու երիտասարդի, որոնք փորձել են տեխսպասարկման կետում վիճաբանություն առաջացնել, որը, սակայն կանխվել է:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Եղիշե Խաչատրյանի սպանության օրը տաքսու վարորդ Սանասար Բադալյանն, ով այս գործով տուժող է, մեքենայով գնալիս է եղել ավտոտեխսպասարկման կետ, և դեպքի վայրով անցնելիս ապակին իջեցրել ու միջադեպի մասնակիցներին նախատել է, ինչն ամբաստանալներ Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը ցավագին են ընդունել ու նրան հետապնդել, քաշքշել ու հայհոյանքներ հասցրել:

Գրիգորյանը, սակայն, դատարանում հայտնեց, որ ինքը հայհոյանքներ չի լսել, ըստ էության՝ միջադեպ տեղի չի ունեցել, որովհետև իրենց կողմից այն կանխվել է:

Գրիգորյանի խոսքով՝ ինքը որևէ մեկին չի դիմել իր նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու խնդրանքով. նման որոշում կայացվել է գործի քննությամբ զբաղվող մարմնի կողմից:

Վկան հայտարարեց՝ Հայկ Պետրոսյանն իրեն համոզել է, որ խճուղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտնի հանգամանքներ, որոնց ինքն իրականում ականատես չի եղել:

Արդյունքում Գրիգորյանը պաշտպանված վկայի կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալ Արտաշես Չիչոյանին տեսել է Եղիշե Խաչատրյանին հարվածելիս:

Ըստ Գրիգորյանի ցուցունքի՝ Հայկ Պետրոսյանն իրեն ասել է, որ Էրեբունու ոստիկանապետը` Գևորգ Հակոբյանը, տեղյակ է, իր մտերիմն է, որևէ խնդիր չի առաջանա:

Նշենք, որ Գևորգ Հակոբյանը դեպքից մոտ մեկ ամիս անց ազատվել է Էրեբունու ոստիկանապետի պաշտոնից ու այժմ Ոստիկանության Արմավիրի վարչության Վաղարշապատի բաժնի պետն է:

Էրեբունու քննչական բաժնում, ըստ Դավիթ Գրիգորյանի, երկու քննիչ իրեն ուղղորդել են ու ցույց տվել ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի նկարը, որպեսզի վերջինիս ճանաչման ներկայացնելիս ինքը կարողանա մատնացույց անել Կոսյանին:

Նշենք, որ սպանության դեպքից հետո քննչական խումբ է ձևավորվել, որում ներգրավված են եղել քննիչներ Գրիգոր Մղդեսյանը և Գառնիկ Մաթևոսյանը: Այն ժամանակ, երբ Կոսյանն ու ևս երեք անձ ճանաչման են ներկայացված եղել, քննիչներից մեկն, ըստ վկա Գրիգորյանի, իրեն հուշել է, թե կանգնած չորս տղաներից որն է Կոսյանը, իրեն փորձել են համոզել նաև Կոսյանի վերաբերյալ կեղծ ցուցմունքեր տալ, ինչը, սակայն, ինքը չի արել:

Նշենք, որ Գրիգոր Մղդեսյանն այժմ աշխատում է Հատուկ քննչական ծառայությունում, իսկ դեպքի ժամանակ քննիչ եղած Գևորգ Մաթևոսյանն այժմ Քննչական կոմիտեի էրեբունու բաժնի պետի տեղակալն է:

Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանը մինչև միջադեպն աշխատելիս է եղել Հարկային ծառայությունում: Այն բանից հետո, երբ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, գործի վարույթը Քննչական կոմիտեից տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն:

Ըստ վկա Գրիգորյանի` Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանին հանդիպելով` ինքը պատմել է վերը նշված հանգամանքների, իր նկատմամբ ճնշում գործադրելու մասին, սակայն քննիչն ասել է, որ ինքը պետք է քննություն կատարի այն նյութերի հիման վրա, ինչ իրեն փոխանցել են:

Այսինքն` ըստ էության, վկա Դավիթ Գրիգորյանի խոսքից ստացվում է, որ քննիչ Դավիթ Կոստանդյանն անտեսել է հանցագործության մասին վկայի հաղորդումը: Ավելին, ըստ վկայի խոսքի, ՀՔԾ-ում իրեն «սպառնացել են», որ եթե փոխի արդեն իսկ տված ցուցմունքներն ու այլ տեղեկություններ հայտնի, կարող է «դրա համար դատվել»:

Վկան նշեց նաև, որ երկու անգամ քննիչ Կոստանդյանը իրեն արդեն իսկ գրված ցուցմունքներ է բերել, որոնք ինքը ստորագրել է:

Գրիգորյանի խոսքով` ինքը դեպքի օրը, այն բանից հետո, երբ արդեն երկու տղաները եկել էին ավտոտեխսպասարկման կետ ու հեռացել, ձայներ է լսել, բղավոցներ, որ շտապօգնություն հրավիրեն, ետ է վերադարձել ավտոտեխսպասարկան կետ, վերցրել իր հեռախոսն ու զանգել շտապօգնություն:

Թե ինչ է եղել դրանից հետո, վկան չգիտի. դատարանին հայտնեց, որ շտապօգնություն հրավիրելուց հետո ինքը մեկ- երկու րոպեի աշխատանք է ունեցել, արել է ու գնացել ավտոտեխսպասարկման կետից:

Ըստ վկայի` ինքը դեպքի վայրում տեսել է սպիտակ անդրավարտիքով և սև բլուզով մի աղջկա (խոսքն, ամենայն հավանականությամբ, այս գործով վկա Մարիամ Գրիգորյանի մասին է, որը դեպքի վայրում եղել է ամբաստանյալի հետ-հեղ.).  մի պահ նկատել է Խաչիկ Կոսյանին` մեքենայի մոտ կանգնած,  տեսել է նաև, որ, կարծես թե, երեք անձ նստել են մեքենան ու հեռացել, որոնց մեջ եղել է Արարատ Նիկողոսյանը: Վերջինս, ըստ վկայի խոսքի, այն անձանցից մեկն է, որն ավելի շուտ եկել էր ավտոտեխսպասարկման կետ:

Ահա այն ամենը, ինչ, ըստ Դավիթ Գրիգորյանի, ինքը տեսել է միջադեպի օրը:

Ըստ Գրիգորյանի խոսքի՝ դեպքի հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, ոստիկաններն իրեն տանից տարել են բաժանմունք ու պահել մինչև 23:00-ի սահմանները: Նույն մեքենայով բաժին են տարել նաև ավտոտեխսպասարկման այլ աշխատակցի: Ըստ վկայի` այս ընթացքում իրենց թույլ չեն տվել դուրս գալ բաժանմունքից, ինքնուրույն որևէ տեղ գնալ, իրենք սնվելու հնարավորություն չեն ունեցել, միայն ջուր են խմել:

Նշենք, որ վկայի՝  նշված հանգամանքների և պաշտոնյաների ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ այժմ Ազգային անվտանգության ծառայությունում քննություն է ընթանում: Ինքը՝ Դավիթ Գրիգորյանը, գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ունի:

ԱԱԾ-ում քննվող գործում ուշագրավ է այն հանգամանքը, որ, թեև Դավիթ Գրիգորյանը ցուցմունք  է տվել No  preblem-ի տնօրեն Հայկ Պետրոսյանի դեմ, վերջինս է հոգացել նրա փաստաբանի հարցը: Գրիգորյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Հայկ Պետրոսյանն է վարձել իր փաստաբան Արտավազդ Փարսադանյանին:

Հատկանշական է, որ ԱԱԾ-ում փաստաբան Փարսադանյանը մասնակցել է և՛ Դավիթ Պետրոսյանի, և՛ նրա դեմ ցուցմունք տված Դավիթ Գրիգորյանի հարցաքննությանը` ներկայացնելով նրանց երկուսի շահերը:

Այժմ, սակայն, փաստաբանը ներգրավված է որպես Գրիգորյանի փաստաբան: Գրիգորյանն ասում է, որ Փարսադանյանին ինքն է վճարել: Մեր հարցին` ինչպե՞ս է Փարսադանյանը ներկայացրել երկու անձանց, որոնց շահերը հակասում են, փաստաբանը պատասխանեց,  որ Պետրոսյանի և Գրիգորյանի շահերի միջև հակասություն չի եղել այն ժամանակ, երբ ինքը պաշտպանել է նրանց երկուսին, իսկ երբ հակասություններ են առաջացել, Դավիթ Պետրոսյանի շահերն այլևս չի ներկայացրել:

Վկա Դավիթ Գրիգորյանն այսօր հարցաքննվեց շուրջ 5 ժամ, այս ընթացքում դատական նիստը ընդմիջվեց 5-ից 10-ը րոպեով` այն բանից հետո, երբ ժամեր շարունակ կանգնած դիրքում ցուցմունք տվող  Գրիգորյանն արդեն երկրորդ անգամ խնդրեց ընդմիջել նիստը:

Գրիգորյանը պարբերաբար բարկանում էր, երբ հարցեր էին ուղղում մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանն ու տուժողի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա  Պետրոսյանը, կողմերին մեղադրում էր իրեն կրկնվող հարցեր տալու մեջ:

Վկայի հարցաքննությունն այսօր ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ և կշարունակվի հաջորդ` հոկտեմբերի 29-ի դատական նիստին: Մեղադրող դատախազը միջնորդել է հրապարակել Գրիգորյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանցում և դատաքննական ցուցմունքներում, ըստ մեղադրողի, մի շարք էական հակասություններ կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter