HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Նախադեպը չունեցող սպանություն է եղել՝ մոր աչքի առաջ». դատարանում ցուցմունք տվեց Նուբարաշենի խճուղում սպանված Եղիշե Խաչատրյանի կինը

Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը:

Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Ըստ գործի նյութերի՝  դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:

Եղիշե Խաչատրյանի կինն այսօր դատարանին պատմեց, որ դեպքի օրն իրենց ընտանիքը հարսանիք է հրավիրված եղել, որին ինքը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել գնալ: Հարսանիքին գնացել են Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն ու սկեսուրը, որոնք ապրելիս են եղել գյուղում: Մեյթիխանյանի խոսքով՝ ամուսինն ու մայրը սպասվածից շուտ են դուրս եկել հարսանիքից ու գնացել Երևանի իրենց բնակարան: Երբ Մեյթիխանյանը հարցրել է, թե ինչո՞ւ են շուտ վերադարձել, Եղիշե Խաչատրյանը պատասխանել է, որ գյուղում առավոտյան գործեր ունեն:

«Նստեց, խոսեցինք, հարսանիքից պատմեց…Հետո մի դրվագ ասաց, որը երբեք չեմ կարողանում մոռանալ: Ասաց՝ գիտե՞ս, Փառանձեմ, գնալիս կարկուտ եկավ, բայց բախտս բերեց, որ ես Ավանի կամրջի տակ էի, մեքենան գրեթե ամբողջությամբ կամրջի տակ էր, ու կարկուտը մեքենային չէր խփում: Ի՞նչ իմանայի, որ ընդամենը մեկ-երկու ժամ հետո կարկուտ է գալու ոչ միայն իր, այլ նաև իմ ամբողջ ընտանիքի գլխին»,- հուզմունքը զսպելով՝ պատմեց Մեյթիխանյանն ու հիշեց, որ ամուսինն ու մայրը հարսանիքից  վերադառնալուց հետո մոտ մեկ ժամ մնացել են Երևանի իրենց տանը:

«Գիլաս կերավ, սուրճ ուզեց, ու թեև ես արդեն խմել էի, աղջիկս դրեց, խմեցինք: Հետո մի պահ ասացի՝ Եղիշե, իսկ կարո՞ղ է մնաք, առավոտյան գնաք: Ինքը երկիմաստ ծիծաղով ասաց՝ մնա՞նք որ, բայց սկեսուրս լուրջ կին է, բավականին գործեր ուներ, բանվորների համար հաց պատրաստել և այլն, ասաց՝ դու վատառողջ ես, չեմ ուզում առավոտյան անհանգստացնենք, ավելի լավ է հիմա գնանք»,- դեպքին նախորդած իրադարձությունները հիշեց Մեյթիխանյանն ու նշեց, որ դրանից հետո ամուսինն ու սկեսուրը դուրս են եկել տանից:

Ժամը 22:30-ի սահմաններում Փառանձեմ Մեյթիխանյանի աղջկա հեռախոսին զանգ է եկել:

«Հեռախոսի միջից մարդկային ձայն չէր, ծղրտոց էր, ծղրտոց, հետո զգացի, որ աղջիկս վատացավ: Այլևս ինձ ուշադրություն չդարձրեց, դուրս փախավ՝ մոռանալով ինձ: Աղջկաս երեխան մեզ հետ էր, երբ մայրը ճչալով դուրս փախավ, ինքն էլ սկսեց լաց լինել: Ես հանգստացրի նրան ու երեխայի ձեռքը բռնած՝ ես էլ դուրս եկա՝ մտածելով, թե այդ ի՞նչ ձայն էր: Բայց ես կասկածեցի, որ կարծես թե դա իմ սկեսուրն էր ու ինչ-որ վատ կանխազգացում ունեցա»,- դատարանում պատմեց Փառանձեմ Մեյթիխանյանը:

Վերջինս հիշեց, որ երբ դուրս է եկել, տեսել է, թե ինչպես է աղջիկն իրենց հարևաններից մեկի մեքենան նստած՝ գնացել ինչ-որ ուղղությամբ: Ապա ինքը երեխային ուղարկել է հարևաններից մեկի տուն ու ինքը հարևանուհու հետ գնացել դեպքի վայր:

Չգիտեմ՝ ոնց եմ հասել դեպքի վայր, եկա, տեսա ամուսնուս մարմինը մեքենայի հետևում ընկած էր, սկեսուրս գոռում էր ու գլուխը խփում «Ֆորդ»-ի պատին, աղջիկս գետնին էր»,- ասաց Մեյթիխանյանն ու նշեց, որ դեպքից հետո աղջկա ոտքերը թուլացել են, և վերջինս տևական ժամանակ չի կարողացել քայլել:

Դրանից հետո, ըստ Փառանձեմ Մեյթիխանյանի, ինքը սկեսուրին հարցել է, թե ի՞նչ է եղել, և վերջինս շարունակ կրկնել է, թե` խփեցին, փախան:

«Ես ընկել եմ ամուսնուս վրա: Մարմինը տաք էր: Գոռացի՝ տաք է ինքը, օգնե՛ք, ինքը մահացած չէ, բայց շտապօգնության բժիշկներն այնտեղ էին, ասացին՝ ինքը դեռ տաք է, բայց ինքն էլ չկա»,- շարունակեց Մեյթիխանյանը:

Վերջինս հիշեց, որ ամուսնու որովայնի շրջանում նույն ժամանակ ինքն արդուկի մեծության կապտուկ է տեսել, խորը վերք, գլխի շրջանում` վնասվածք, տեսել է, որ ամուսնու մի կոշիկը հագին չի եղել:

«Վեր կացա, ասացի՝ մամ, ի՞նչ է եղել, ինձ ասա՛, հավաքվի՛ր: Ճիշտն ասած՝ ինձ երբ տեսավ, խեղճ կինը մի քիչ սրտապնդվեց»,- ասաց Մեյթիխանյանն ու նշեց, որ դրանից հետո սկեսուրն իրեն պատմել է, թե ինչպես է տղան կանխել վրաերթը, ապա հուզված վիճակում «ոչխար» ու անասուն» ասել այն անձանց, որոնք ստեղծել են վթարային իրավիճակը:

Դրանից հետո մեքենայում գտնվող անձինք, ըստ սկեսուրի պատմածի, հայհոյանքներ են հնչեցրել, ինքը՝ Էմմա Աբրահամյանը, զգացել է, որ որդին նյարդայնացել է և նրան հորդորել է մեքենայից չիջնել:

Մեյթիխանյանին սկեսուրը պատմել է նաև, որ հետո մեքենայի մեջ գտնվող երեք տղաները շարժվել են դեպի իրենց մեքենայի ուղղությամբ ու այդ ժամանակ է, որ Եղիշե Խաչատրյանը մեքենայից իջել է, ապա այդ տղաները հարձակվել են Եղիշե Խաչատրյանի վրա, նրանցից մեկը մեքենան մի կողմ է քաշել, ապա վերադարձել:

Մեյթիխանյանին  Էմմա Աբրահամյանը պատմել է նաև, որ շուտով նկատել է, թե ինչպես է մեծ-մեծ քայլերով իրենց մոտենում ևս երեք անձ, և այդ ժամանակ մեջը հույս է արթնացել, թե վերջիններս կհանդարտեցնեն իրավիճակը, այնինչ հակառակն է եղել:

Մեծ-մեծ քայլերով դեպի իրենց եկողներից մեկը՝ երեքից ամենաբարձրահասակը, ըստ Էմմա Աբրահամյանի՝ Մեյթիխանյանին պատմածի` ասել է՝ էդ ո՞ւմ ախպորն ես խփում: Նույն երիտասարդը բռունցքով հարվածել է Եղիշե Խաչատրյանին, որից հետո նա ընկել է:

Փառանձեմ Մեյթիխանյանին սկեսուրը պատմել է նաև, որ այս ընթացքում նա և առաջին եռյակի հետ եղած մի աղջիկ փորձել են բաժանել կռվողներին, ու այդ ընթացքում ինքը՝ Էմմա Աբրահամյանը, նույնպես վնասվածքներ է ստացել, ընկել գետնին:

«Հարցրի՝ մամ, գոնե էդ վեցից մեկը չէ՞ր փորձում  բաժանել, ասաց՝ չէ»,- հիշեց Մեյթիխանյանն ու նշեց, որ սկեսուրը այդ երիտասարդների կողմից խմիչքի հոտ է զգացել, որ նրանց հետ ինչ-որ բան այն չէ:

Մեյթիխանյանի խոսքով՝ դեպքի օրը որդիները գյուղում են եղել, ինքն է զանգել նրանցից մեկին ու ասել, որ գան Երևան: Վերջինս նշեց նաև, որ որդիներին հորդորել է վրեժխնդրությունից դրդված կամ էմոցիաների ազդեցության ներքո քայլեր չանել, զգուշացրել, որ նման քայլերով իրեն խստորեն կվիրավորեն:

Ըստ Մեյթիխանյանի՝ ինքը դեպքից հետո կարծել է, որ իրենց փաստաբան պետք չէ: Մտածում էի՝ ի՞նչ փաստաբան, նախադեպը չունեցող սպանություն է եղել՝ մոր աչքի առաջ, հետո հասկացա, որ չէ, որ ես չեմ կարող իրավական այս գործընթացում, որ սա լսարան մտնել չէ»,- ասաց Մեյթիխանյանը (Փ. Մեյթիխանյանը դասախոս է, դասավանդում է ԵՊՀ-ում- հեղ.):

Վերջինս նշեց, որ սկեսուրը դեպքից հետո ամեն ինչ միանգամից չի հիշել, որ պարբերաբար ինչ-որ բան է ասել իրենց, որը արտացոլված է նաև նախաքննության ընթացքում տված նրա 4 ցուցմունքում:

Մեյթիխանյանի խոսքով՝ սկեսուրը հիշել է, որ որդուն ծեծողներից մեկը ծաղկավոր վերնաշապիկով է եղել, իսկ հետագայում, երբ նա առերեսվել է դեպքի վայրում գտնված աղջկա հետ, պարզվել է, որ ամբաստանյալներից Խաչիկ Կոսյանը հենց այդպիսի վերնաշապիկ է կրելիս եղել: Էմմա Աբրահամյանն, ըստ Փառանձեմ Մեյթիխանյանի ցուցմունքի, միջադեպի մասնակիցներից մեկին բնութագրելիս ասել է, թե նա «խոզի մռութ ուներ»:

Ցուցմունք տվող Փառանձեմ Մեյթիխանյանը հիշեց նաև, որ երբ սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ամբաստանյալներ Արարատ Նիկողոսյանի և Արտաշես Չիչոյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իր աղջիկը տատին ցույց է տվել նրանց նկարները: Ըստ Մեյթիխանյանի՝ Արտաշես Չիչոյանին տեսնելով՝ Էմմա Աբրահամյանն իրեն վատ է զգացել, ասել՝ «նա է»:

Ամբաստանյալները

Ինչ վերաբերում է Արարատ Նիկողոսյանին, ապա, ըստ Մեյթիխանյանի, վերջինիս նկարը տեսնելով՝ Էմմա Աբրահամյանն ասել է, որ եթե նրան իր առաջ կանգնեցնեն, ապա կասի՝ նա վեցի մեջ եղե՞լ է, թե՞ ոչ: Նշենք, որ ճանաչման քննչական գործողության ժամանակ Աբրահամյանը ճանաչել է Արարատ Նիկողոսյանին ու պնդել, որ վերջինս վեց անձանց մեջ է եղել, որոնք ծեծել են որդուն՝ մանրամասնելով անգամ, որ Նիկողոսյանն առաջին եռյակի մեջ է եղել:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ամբաստանյալներից ոմանք ակնհայտորեն ցույց էին տալիս Փառանձեմ Մեյթիխանյանի նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը:

Մինչ ցուցմունք տալը վերջինս 15 րոպե ընդմիջում խնդրեց դատարանից՝ նշելով, որ մինչ այդ տեղի ունեցած դատական գործընթացի ու կատարվածը վերապրելու պատճառով հուզված է, ցանկանում է ջուր խմել, նոր շարունակել:

«Բայց շիշը հետդ չբերես, էլի»,- տեղից ասաց սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալ Խաչիկ Կոսյանը՝ ամենայն հավանականությամբ ցանկանալով հիշեցնել, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Փառանձեմ Մեյթիխանյանը ջրով շիշ է նետել ամբաստանյալ Յուրի Հակոբյանի ուղղությամբ: Ավելի ուշ տեղից ռեպլիկ արեց Արտաշես Չիչոյանը:

Փառանձեմ Մեյթիխանյանը դատարանին պատմեց, որ դեպքից հետո հանդիպել է դեպքի վայրի մոտ գտնվող բենզալցակայանի տիրոջ հետ, որն իրեն դեպքին առնչվող որոշ մանրամասներ է պատմել:

Տնօրենը, որի անունը Հայկ է, ըստ Փառանձեմ Մեյթիխանյանի, իրեն ասել է, որ դեպքի օրն ինչ-որ տաքսու վարորդ է գնացել իրենց մոտ ու ասել, որ քիչ հեռվում մարդ են ծեծում, որից հետո ամբաստանյալներից ոմանք նրան հետապնդել են: Բացի այդ՝ Հայկ անունով անձը, ըստ Մեյթիխանյանի ցուցմունքի, իրեն ասել է, որ դեպքից հետո Արտաշես Չիչոյանի, Արարատ Նիկողոսյանի և Խաչիկ Կոսյանի հայրերը եկել են իր մոտ ու ասել, որ իրենց որդիների դեմ ցուցմունք չտա: Մեյթիխանյանը դատարանին ասաց, որ Հայկը խոստացել է այս ամենի մասին նաև դատարանում հայտնել, ինքն էլ ասել է՝ «Եթե չանես, ես կթքեմ ձեր երեսին»:

«Թքել ես, էլի, ասա»,- տեղից արձագանքեց Արտաշես Չիչոյանը, իսկ քիչ անց, երբ Մեյթիխանյանը խոսելու ընթացքում մոռացավ ասելիքը, Չիչոյանը հերթական անգամ առանց թույլտվության խոսեց տեղից՝ նշելով, թե այն, ինչ հորինված է, մոռանում են:

Նշենք, որ նախորդ դատական նիստին Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանն Էմմա Աբրահամյանի ներկայությամբ վերջինիս նախաքննական ցուցմունքները հրապարակելու միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ վերջինիս նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան, և դատախազ Վարդգես Սարգսյանը ժամանակ էր խնդրել միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Դատախազն այսօր, մեջբերելով Էմմա Աբրահամյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները, դիրքորոշում հայտնեց, որ դրանցում հակասություններ չկան: Տուժողի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը ևս նշեց` Էմմա Աբրահամյանի 4 նախաքննական և դատարանում տված ցուցմունքներում չկան էական հակասություններ ու հավելեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանը 78-ամյա կնոջ ցուցմունքները ոչ թե ամբողջության մեջ է դիտարկել, այլ դրանց առանձին հատվածներ մեջբերելով՝ խոսել հակասությունների մասին:

Դատարանը Պողոսյանի միջնորդության լուծումը հետաձգեց, քանի որ հնարավոր չէր այդ պահին պարզել, թե Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը ե՞րբ կարող է բարելավվել, և ե՞րբ վերջինս կկարողանա ներկայանալ դատարան, որպեսզի ցուցմունքներն իր ներկայությամբ հրապարակվեն: Դատարանը, սակայն, դիրքորոշում չհայտնեց և պարզ չեղավ՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տուժողի ցուցմունքում հակասություններ տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 5-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter