HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենում սպանված Եղիշե Խաչատրյանի մոր ցուցմունքներում էական հակասություններ կան. պաշտպանները պահանջում են հրապարակել դրանք

Նուբարաշենի խճուղում  Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստին այսօր ամբաստանյալ  Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցունքներն ու ապահովել, որպեսզի դրանցում և դատարանում տված ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ  Էմմա Աբրահամյանին հնարավոր լինի հարցեր տալ:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ-ի հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծի ենթարկել, ապա դեպքի վայր է եկել ևս երեք անձ՝ Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝  դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև վերջինս մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել նրա աչքի առաջ: Դրա հետևանքով վնասվածք է ստացել նաև Աբրահամյանն ու այժմ տուժողի կարգավիճակ ունի:

Էմմա Աբրահամյանը բազմիցս ներկայացել է դատական նիստերին ու ցուցմունք տալու ընթացքում նրա առողջական վիճակը վատացել է, որից հետո 78-ամյա կինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդնոց:

Վերջին անգամ հիվանդանոց տեղափոխվելուց հետո տուժողի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարան է ներկայացրել երկու փաստաթուղթ, որոնցից մեկի համաձայն՝ Էմմա Աբրահամյանին խուրհուրդ չի տրվում ներկայանալ դատական նիստերին, իսկ ըստ մյուս փաստաթղթի՝ Էմմա Աբրահամյանին խստիվ արգելվում է սթրեսային իրավիճակը:

 Վերը նշված փաստաթղթերը դատարան ներկայացնելու օրը դատավոր Աննա Դանիբեկյանը, չնայած ամբաստանյալների պաշտպանների պնդումներին, որ բազմաթիվ հարցեր ունեն Աբրահամյանին, վերջինիս հարցաքննությունն ավարտված համարեց:

Դատարանի՝  վերը նշված գործողություններից հետո ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանից մեկ շաբաթ ժամանակ խնդրեց՝ հայտարարելով, որ պատրաստվում է դատարանին ինքնաբացարկ հայտնել: Ապա ավելացրեց, որ պատրաստվում է Էմմա Աբրահամյանի ցուցմունքներում եղած հակասությունների հիմքով միջնորդել, որպեսզի նախաքննական ցուցմունքները հրապարակվեն: Դատարանը, սակայն  միայն մեկ ժամ տվեց Պողոսյանին՝ միջնորդություններին նախապատրաստվելու համար: Այս մեկ ժամվա ընթացքում Պողոսյանի պաշտպանյալի՝ Չիչոյանի առողջական վիճակը վատացավ: Նրա համար դատարան շտապօգնություն հրավիրվեց, ապա, երբ դատական նիստը վերսկսվեց, Չիչոյանը խնդրեց հետաձգել այն, ուստի նիստը հետաձգվեց՝ Չիչոյանի առողջական խնդրի պատճառով:

Այսօրվա դատական նիստին Միհրան Պողոսյանը հայտնեց, որ թեև դատարանին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքեր առկա են՝ ինքը դա չի անում ու անցավ մյուս միջնորդությանը՝ Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ Էմմա Աբրահամյանի ցուցմունքների միջև գործի լուծման համար էական հանգամանքների շուրջ հակասություններ կան, և այդ հակասությունների շուրջ պարզաբանումներ ստանալու համար պետք է հարցեր տալ Աբրահամյանին, այսինքն՝ դատարանում ապահովել նրա ներկայությունը:

Մասնավորապես, ըստ Միհրան Պողոսյանի՝ տուժող Էմմա Աբրահամյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ վիճաբանության ընթացքում որևէ մեկի մոտ զենք կամ որպես զենք օգտագործվող  առարկա չի տեսել, մինչդեռ դատաքննության ընթացքում հայտնել է, որ իր որդուն հարվածել են կամ բութ կամ սուր գործիքով: 

Փաստաբանի խոսքով՝ ըստ Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքի՝ որդու հետ վիճաբանության ժամանակ, այն պահին, երբ վերջինս վայր է ընկել, նրա հետ վիճաբանող անձինք և նրանց հետ գտնվող աղջիկը փախուստի են դիմել, մինչդեռ դատարանում Էմմա Աբրահամյանը հայտնել է, որ որդու ընկնելուց հետո ևս նրան հարվածել են:

Պողոսյանի խոսքով՝ թեև Էմմա Աբրահամյանը նախաքննության ընթացքում հայտնել  է, որ միջադեպի ժամանակ մութ է եղել, և ինքը որևէ անձի անհատականացնող տվյալ չի ֆիքսել, դատարանում ցուցմունք տալիս Աբրահամյանն ամբաստանյալներին անհատականացնող տվյալներ է նշել:

Բացի այդ՝ թեև նախաքննության ընթացքում Էմմա Աբրայամյանը հայտնել  է, որ հեռուստացույցով տեսել է որդու սպանության գործով հետախուզվող անձանցից երկուսին, նրանց ճանաչել ու հուզվել, դատարանում հայտնել է, որ դեպքից հետո հեռուստացույց չի նայել:

Պաշտպանն այսպիսի մի շարք այլ հակասություններ ևս նշեց, միջնորդությանը միացան նաև մյուս  ամբաստանյալների պաշտպանները:

Տուժողի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ՝  նշելով, որ պաշտպանի կողմից նշված հանգամանքներն էական հակասություններ չեն: Բացի այդ՝  փաստաբանը հիշեցրեց, որ դատարանն արդեն իսկ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունն ավարտված է համարել:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն առաջարկեց «գրագետ շարադրանքով ներկայացնել միջնորդությունը», ապա «անգրագետ շարադրանք» որակեց այն, ինչ ներկայացված էր Միհրան Պողոսյանի կողմից, որից հետո դատարանի կողմից նկատողություն ստացավ:

Իսկ Պողոսյանը միջնորդությունը ներկայացնելիս այլ բան չէր անում, քան Էմմա Աբրահամյանի ամբողջ ցուցմունքներից իր համար էական նշանակություն ունեցող և իր կողմից ընդգծված հանգամանքներն ընթերցելը:

Մեղադրող դատախազը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար խնդրեց երկու ժամ տրամադրել, դատարանը նրան մեկուկես ժամ տրամադրեց, սակայն նիստի վերսկսվելուց հետո պարզվեց, որ մեղադրողը մեկշաբաթյա ժամանակ է խնդրել դատարանից, ուստի դատավորը դատական նիստը հետաձգեց:

Ստացվում  է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանական կողմի փաստաբան Միհրան Պողոսյանի դեպքում երկու միջնորդություն պատրաստելու և դրանք ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ է համարում մեկ ժամը, իսկ այդ միջնորդություններից միայն մեկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար մեղադրող կողմին մեկ շաբաթ ժամանակ է տրամադրում:

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Չի կարելի բացառել որ հայոց դատարանը վերջում որոշի, թե մեղավորները հենց այդ դժբախտ կինն ու սպանված որդին են եղել, որ էտ ,,արժանավոր,, ջահելներին փորձանքի մեջ են գցել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter