HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հարցեր ուներ, բայց առանց դրանք տալու տուժողի հարցաքննությունն ավարտված համարեց

Նուբարաշենի խճուղում 2016 թվականի հուլիսի 4-ին տեղի ունեցած սպանության գործով դատական նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում:

Խոսքը, հիշեցնենք, 58-ամյա Եղիշե Խաչատրյանին 78-ամյա մոր՝ Էմմա Աբրահամյանի ներկայությամբ սպանելու մասին է: Գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել հինգ անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել: Ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված  ևս մեկը, և ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը մահացել է:

Գործը դատարանում է արդեն մեկ տարի, սակայն այդ ընթացքում դատարանը կատարել է ընդամենը մի քանի գործողություն. անցել է նախապատրաստման փուլը, ընթերցվել են ամբաստանյալների մեղադրանքի եզրափակիչ մասերը, սահմանվել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, որոշվել, որ առաջինը կհարցաքննվի Եղիշե Խաչատրյանի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, ապա ՝ դեռևս 2017-ի ամռանը, սկսվել է 78-ամյա կնոջ հարցաքննությունը, որն առ այսօր ավարտված համարել չենք կարող:

Էմմա Աբրահամյանն արդեն 4 անգամ հարցաքննության նպատակով դատարան է ներկայացել, նրան բազմաթիվ հարցեր են տրվել, սակայն հարցաքննությունների ընթացքում նրա առողջական վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգվել է:

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած դատական նիստը վերջինն է եղել, որին Էմմա Աբրահամյանը ներկայացել է, նրա առողջական վիճակը հերթական անգամ վատացել է, և նա դարձյալ տեղափոխվել է հիվանդանոց:

Տարեց կնոջ վիճակն այդ օրն իսկապես ծայրաստիճան վատ էր: Վերջինս դողում էր, շտապօգնության բժիշկները նրա մոտ բարձր ճնշում էին արձանագրել, ապա անհապաղ տեղափոխել հիվանդանոց, որից հետո 78-ամյա կինը տևական ժամանակ բուժում է ստացել:

Այն ժամանակ, երբ շտապօգնությունը դատարանում էր, Աբրահամյանի հարսը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, որն այս գործով տուժողի իրավահաջորդ է, հայտարարեց, որ «սա վերջին անգամն է, որ սկսեսուրը գալիս է դատարան», և իսկապես այդպես էլ եղավ:

Դեկտեմբերի 7-ին, ինչպես նաև այսօր նշանակված դատական նիստերին Էմմա Աբրահամյանը չներկայացավ դատարան: Տուժողի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը նախորդ դատական նիստին բժշկական տեղեկանք էր ներկայացրել դատարան, որտեղ նշված էին Էմմա Աբրահամյանի մի շարք հիվանդություններ: Տեղեկանքում գրված էր նաև, որ Աբրահամյանին խորհուրդ չի տրվում մասնակցել դատական նիստերին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նկատել էր, որ Էմմա Աբրահամյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված բժշկական տեղեկանքում գրված չէ, թե նա որքան ժամանակ չի կարող մասնակցել դատական նիստերին, և փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտնել էր, որ մինչև հաջորդ դատական նիստը կներկայացնեն նման փաստաթուղթ:

Այսօրվա դատական նիստին Ինեսսա Պետրոսյանը ներկայացրել էր մի փաստաթուղթ, որում դարձյալ չկար վերը նշված հարցի պատասխանը:

Փաստաթղթում, որը Էմմա Աբրահամյանի բժշկական ամբուլատոր քարտից քաղվածք էր, առկա էին Էմմա Աբրահամյանի հիվանդությունների մասին տեղեկություններ և նշված էր, որ նրան խստիվ արգելվում են սթրեսային իրավիճակները:

Ըստ ամբուլատոր քարտից արված քաղվածքի՝ Էմմա Աբրահամյանը մի շարք հիվանդություններ ունի, մշտապես գտնվում է ընտանեկան բժշկի, նյարդաբանի և սրտաբանի հսկողության ներքո, ընդունում է ամենօրյա դեղորայք:

Ինեսսա Պետրոսյանը դատարանին հիշեցրեց, որ այս գործով ցանկացած դատական նիստի ներկայանալուց և հարցաքննվելուց հետո Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը վատացել է, և վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Այսինքն, փաստաբանի խոսքով՝ այս գործով դատական նիստերին ներկայանալը դառնում է սթրեսային իրավիճակի պատճառ, ինչը Էմմա Աբրահամյանին խստիվ արգելված է: Փաստաբանի խոսքով՝ վերը նշված հանգամանքներն արձանագրել են նաև Էմմա Աբրահամյանին բժշկական օգնություն ցույց տալու համար դատարան եկած շտապօգնության բժիշկները:

Ամբաստանյալների պաշտպանները, սակայն, տուժող կողմի հայտնած դիրքորոշումների հետ համամիտ չեն: Այսօրվա դատական նիստին տևական ժամանակ քննարկվում էր բժշկական այն փաստաթուղթը, որը ներկայացվել էր դատարան, և այն գործողությունները, որոնք պետք է այսուհետ իրականացվեն դատարանում:

Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նկատեց, որ եթե նախորդ դատական նիստին տուժող կողմի ներկայացրած գրության մեջ նշված էր, որ Էմմա Աբրահամյանին խորհուրդ չի տրվում մասնակցել դատական նիստերին, ապա այսօր ներկայացված քաղվածքում անգամ այդ մասին որևէ նշում չկա:

Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ արձանագրեց. «Փաստորեն, Էմմա Աբրահամյանին դատական նիստերին մասնակցելն արգելելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել դատարան»:

Շարունակելով՝ Միհրան Պողոսյանը նշեց, որ նախորդ դատական նիստին նախագահող Աննա Դանիբեկյանը տուժող կողմին խորհուրդ էր տվել, թե ինչ բովանդակությամբ փաստաթուղթ ներկայացնի դատարան, թեև նման իրավունք չուներ:

«Ամեն դեպքում, եղածը եղած է, իսկ սթրեսային վիճակում գտնվելն իրավական կատեգորիա չէ: Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, թե որ դեպքում կարող է տուժողը չներկայանալ դատարան, սահմանում է դրա հարգելի և ոչ հարգելի պատճառներն, ինչպես նաև` չներկայանալու հետևանքները»,- ասաց Միհրան Պողոսյանն ու նշեց, որ ինքը երբևէ չի հանդիպել որևէ անձի, որը կհայտարարի, թե հաճույքով է ներկայանում դատարան:

Փաստաբանը նշեց, որ ստեղծված իրավիճակում կամ պետք է արձանագրել, որ Էմմա Աբրահամյանը չի ներկայանում դատարան և գործողություններ ձեռնարկել՝ նրա ներկայությունն ապահովելու ուղղությամբ կամ, հաշվի առնելով, որ տուժողի հարցաքննությունը չի ավարտվել և այս պահին հնարավոր չէ շարունակել, պետք է այն համարել չկայացած, ապացույցների այլ հաջորդականություն սահմանել, աշխատել, մինչև Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը կլավանա:

Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ եթե դատարանը վերը նշված գործողություներից որևէ մեկը չկատարի, ապա վտանգավոր պրակիտկա կստեղծվի: Փաստաբանի խոսքով՝ հետագայում ցանկացած վկա կարող է բժշկի փաստաթուղթ բերել, որ սթրեսային վիճակում է գտնվում ու չներկայանալ դատարան:

«Երբ կատարվել է հանցագործություն, և ունենք տուժող, վիճակն արդեն իսկ սթրեսային է, բայց գործով ականատես վկաներից մեկի հարցաքննությունը, փաստորեն, չի ավարտվել այն դեպքում, երբ մենք ունենք արդար դատաքննության իրավունքի խնդիր, և անձանց ծանր մեղադրանքներ են առաջադրված»,- հայտարարեց Վաչագան Քոսյանը:

Ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Միհրան Մինասյանն էլ նկատեց, որ տուժողն այս դեպքում մեղադրանքի կողմ է, և առանց նրան հարցաքննելու նիստերը շարունակելը  հավասար է նրան, որ առանց մեղադրանքի կողմի ներկայության նիստ անցկացվի:

Միհրան Մինասյանը միջնորդեց, որպեսզի տուժողի հարցաքննությունը համարվի չկայացած և ապացույցների այլ հաջորդականություն սահմանվի:

Ապա տևական ժամանակ քննարկվեց այս միջնորդությունը:

Մեղադրող Վարդգես Սարգսյանը դիրքորոշում հայտնելիս հաստատված համարեց հանգամանքը, որ հենց դատական նիստերն են դառնում պատճառ, որպեսզի Էմմա Աբրահամյանը հայտնվի սթրեսային իրավիճակում: Ըստ մեղադրողի՝ տուժողի հարցաքննությունը կայացել է, պաշտպանության կողմը տվել է իր հարցերը, Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը վատացել է այն ժամանակ, երբ դատարանն էր ցանկանում նրան հարցեր տալ:  Վարդգես Սարգսյանը հիշեց, որ այն ժամանակ, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ հարցեր ունի, պաշտպան Միհրան Պողոսյանը  նշել է, թե «ցանկանում է ևս մեկ հարց տալ, ոչ երկրորդը», որից հետո մի քանի հարց է տվել, և Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը վատացել է:

Դիրքորոշում հայտնեց նաև Փառանձեմ Մեյթիխանյանը:

Ձախից` Փառանձեմ Մեյթիխանյանը, Ինեսսա Պետրոսյանը

«Էմմա Աբրահամյանը թոշակառու է և միայնակ, քանի որ նրա որդուն դաժանաբար սպանել են այստեղ գտնվող ամբատանյալները: Այսօր տիկին Էմմա Աբրահամյանի առողջական վիճակի պատասխանատվությունը դրված է իմ ուսերին, և ինձ համար նժարի վրա շատ ավելի կարևոր հարց է Էմմա Աբրահամյանի առողջությունը, նրա ապրած ցանկացած վայրկյանը և րոպեն, քան այս միջնորդությունները: Տիկին Էմմա Աբրահամյանի վատանալուց հետո, երբ նա հիվանդանոցում բուժում ստացավ, ես նրան տեղափոխել եմ գյուղ, ընտանեկան բժիշկը սրտաբանի և նյարդաբանի մոտ ուղեգիր է տվել, նա եղել է մարզային  նյարդաբանի, սրտաբանի  մոտ, արձանագրվել է, որ տիկին Էմմա Աբրահամյանն անգամ չի զգում, երբ իր ճնշումը հասնում է 170-ի...նրա առողջական վիճակը կարգավորելու համար ամեն ինչ արվում է: Չեմ կարծում, թե բժիշկը իրավաբան է, որ կնիքը վերցնի ու հաստատի, բայց ինքն ասում է, որ այդ վիճակը բացառում է, որ նա գտնվի դատարանում»,- հայտարարեց Փառանձեմ Մեյթիխանյանն ու դիրքորոշում հայտնեց, որ Էմմա  Աբրահամյանի հարցաքննությունն ավարտված է: Նա նշեց, որ ինքը վերցրել է սկեսրոջ հարցաքննությունների ձայնային կրիչները, վերծանել ամեն ինչ:

«Նույնիսկ ձայնագրառման մեջ լսելի են ամբաստանյալների խոսքերը, երբ Էմմա Աբրահամյանը ներկայացնում է դեպքի մանրամասները, ամբաստանյալներից մեկն ասում է՝ Քրիստոսի մահն է նկարագրում»,- ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը:

Ապա Աննա Դանիբեկյանը նշեց, որ այսօր դատարան ներկայացված փաստաթղթում դարձյալ նշված չէ, թե Էմմա Աբրահամյանը որքան ժամանակ չի կարող մասնակցել դատական նիստերին:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ բժիշկը բանավոր հայտնել է` Էմմա Աբրահամյանին առհասարակ խորհուրդ չի տրվում մասնակցել նիստերին:

Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ թեև գործընկերոջ ազնվությանը չի կասկածում, բայց բանավոր ասվածի հիման վրա դատարանը որոշում կայացնել չի կարող:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Ինեսսա Պետրոսյանը ևս հայտարարեց, որ տուժողի հարցաքննությունն ավարտվել է:

«Պետք է փաստել, որ այս գործով դատաքննության ընթացքում փաստաբան Վաչագան  Քոսյանի կողմից Էմմա Աբրահամյանին տրվել է 97 հարց, Միհրան Պողոսյանի կողմից՝ 147, ապա ևս 20 հարց, Լիպարիտ Սիմոնյանի կողմից 70 հարց է հնչեցվել, և նրանք, ի վերջո, ավարտել են իրենց հարցերը, ամբաստանյալները ևս հարցեր չունեին»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

«Ով ա՞ ասում»,- տեղից արձագանքեց ամբաստանյալներից Խաչիկ Կոսյանը:

Ինեսսա Պետրոսյանը, շարունակելով խոսքը, պնդեց, որ Էմմա Աբրահամյանը հարցաքննվել է և պատասխանել հարյուրավոր հարցերի և միջնորդեց նրա հարցաքննությունը համարել ավարտված:

Պաշտպան Միհրան Պողոսյանը նկատեց, որ ամբաստանյալներն առհասարակ հարցեր չեն տվել տուժողին, որից հետո մեղադրող Վարդգես Սարգսյանը նշեց, թե ոչ ոք ամբաստանյալներին չի զրկել հարցեր տալու իրավունքից, որ նրանք հարցեր չեն ունեցել:

Մեղադրողի ու տուժող կողմի դիրքորոշումներին հակադարձեց Լիպարիտ Սիմոնյանը: Փաստաբանը նշեց, որ  հարցեր տալն իրավունք է, և որ  ամբաստանյալներից յուրաքանչյուրը ապացույցի հետազոտման ընթացքում իրավունք ուներ հարցեր տալ, իսկ թե ով քանի հարց կարող է տալ, նման շեմ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում:

«Հարցաքննությունը չի ավարտվել, քանի որ հարցերը կիսատ են մնացել: Շատ լավ հասկանում ենք, որ պատասխաններից նոր հարցեր են առաջանում, բնականաբար, տուժողի տված պատասխաններից այլ հարցեր առաջացել են անձամբ ինձ մոտ»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Պաշտպանները տուժողի հարցաքննությունն ավարտված չլինելու ևս մեկ հանգամանք նշեցին. դատարանում ցուցմունք տվող նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների դեպքում նախաքննական ցուցմունքները հրապարակվում են, որից հետո այդ հակասությունների վերաբերյալ հարցեր են տրվում: Դատարանը, սակայն, Էմմա Աբրահամյանի հարցաքննության ընթացքում չի հասել այն փուլին, որպեսզի քննարկվի՝ նրա ցուցմունքներում էական հակասություններ կա՞ն, թե՞ ոչ:

Պաշտպանական կողմը պնդում է, որ հակասությունները բազմաթիվ են: Միհրան Պողոսյանը միայն մեկ օրինակ նշեց. նախաքննության ընթացքում տված իր առաջին և երկրորդ ցուցմունքներում Էմմա Աբրահամյանը գրել է, թե ամբաստանյալների ձեռքին զենք կամ որպես զենք օգտագործվող առարկա չի տեսել:

«Բայց դատարանում այս գործիքը մեկ բութ էր, մեկ սուր»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ սա հակասության միայն չնչին օրինակ էր:

Մեղադրող կողմը, սակայն, համարում է, որ Էմմա Աբրահամյանի դատաքննական ու նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ չկան:

Վերը նկարագրված ծավալուն քննարկումից հետո դատարանը, տուժողի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերը հաշվի առնելով, տուժող Էմմա Աբրահամյանի բացակայությունը հարգելի համարեց և մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Էմմա Աբրահամյանի  հարցաքննությունը չիրականացված համարելու վերաբերյալ:

«Միջնորդությունն անհիմն է, քանի որ Էմմա Աբրահամյանը չորս դատական  նիստերի ընթացքում ցուցմունքներ է տվել, դատավարության բոլոր մասնակիցներին հարցեր տալու հնարավորություն տրվել է, և պաշտպանական կողմը սպառել է հարցերը»,- հայտարարեց դատավորը՝ անտեսելով պաշտպանների և ամբաստանալների հայտարարություններն այն մասին, որ հարցեր ունեն:

Հատկանշական է, որ էմմա Աբրահամյանը սովորաբար այս գործով դատական նիստերին չի ներկայացել մինչև այն պահը, երբ եկել է իր հարցաքննվելու ժամանակը: Նրա շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Հարց է առաջանում. եթե դատարանը համարում էր, որ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը դեռևս հոկտեմբերի 31-ին կայացած դատական նիստին ավարտված է եղել, ինչո՞ւ էր վերջին երկու դատական նիստերը հետաձգում և նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր պահանջում. չէ՞ որ հարցաքննությունից հետո Էմմա Աբրահամյանն ազատ էր չներկայանալու դատարան և պարտավոր չէր որևէ փաստաթուղթ ներկայացնելու իր առողջական վիճակի վերաբերյալ: Նշենք, որ Էմմա Աբրահամյանի ցուցմունքն էական նշանակություն ունի այս գործի համար. նա դեպքի առանցքային վկան է:

Դատարանի վերը նշված գործողություններից հետո ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանից մեկ շաբաթ ժամանակ խնդրեց՝ հայտարարելով, որ պատրաստվում է դատարանին ինքնաբացարկ հայտնել: Ապա ավելացրեց, որ պատրաստվում է Էմմա Աբրահամյանի ցուցմունքներում եղած հակասությունների հիմքով միջնորդել, որպեսզի նախաքննական ցուցմունքները հրապարակվեն:

Փաստաբանը շեշտեց, որ ամբաստանյալները զրկվել են իրենց դեմ վկայած անձին հարցեր ուղղելու իրավունքից, որը լուրջ խախտում է:

Դատարանը միայն մեկ ժամ տվեց Պողոսյանին՝ միջնորդություններին նախապատրաստվելու համար, այն դեպքում, երբ վերջին երկու դատական նիստերը երկու ժամից ավելի էին տևել, և Պողոսյանը մեկ ժամվա ընթացքում անգամ չէր հասցնի դրանք վերծանել:

Այս մեկ ժամվա ընթացքում Պողոսյանի պաշտպանյալի՝ Չիչոյանի առողջական վիճակը վատացավ: Նրա համար դատարան շտապօգնություն հրավիրվեց, ապա, երբ դատական նիստը վերսկսվեց, Չիչոյանը խնդրեց հետաձգել այն:

Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 25-ին: Գործով գրեթե բոլոր կողմերը հայտարարեցին, որ չեն կարող ներկայանալ, դատարանը նշեց, թե նախապես պայմանավորվածություն է ունեցել կողմերի հետ: Չնայած վերջիններիս պնդումներին, թե նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ որոշել է և չփոխեց նիստի օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter