
Արմավիրի N զորամասի ջրի լաբորատոր փորձաքննության արդյունքները
Այս անգամ «Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել Արմավիրի N զորամասի խմելու ջրերը:
Փորձաքննության համար նմուշառումն իրականացվել է 3 հիմնական տեղերից, որտեղից զինծառայողներն առավել հաճախ են ջրից օգտվում։ Դրանք են՝ դրսի ցայտաղբյուրը, ճաշարանի և զինանոցի ծորակները:
Նույն ջրերի լաբորատոր փորձաքննություն իրականացրել է նաև Պաշտպանության նախարարության Հիգիենիկ համաճարակային ծառայությունը:
Հոկտեմբերի 10-ին ՊՆ թույլտվությամբ՝ «Հետք»-ն այցելել է Արմավիրի զորմասերից մեկը՝ ստուգելու խմելու ջրի որակը:
Զորամասի թիկունքի պետի պաշտոնակատարը մեզ հետ զրույցում հայտնեց, որ անցյալ տարի ջրագծերը փոխել են, և ջրի որակն արդեն բարելավվել է։
Մեզ հետ փորձաքննությանը մասնակցում էին նաև ՊՆ Հիգիենիկ համաճարակային ծառայության հիգիենիկ համաճարակային վարչության սանիտարական բաժնի պետ, մայոր Կարեն Ասլանյանը և գերվտանգավոր վարակների լաբորատորիայի լաբորանտ Ժասմենա Աճեմյանը, ով և իրականացնում էր նմուշառումը:
Կարեն Ասլանյանի խոսքերով՝ իրենք պարբերաբար ստուգումներ են իրականացնում զորամասերում: «Մենք ժամանակ առ ժամանակ գալիս ենք, փորձարկումներ ենք իրականացնում, պարտադիր»:
Հիգիենիկ համաճարակային ծառայության պետ Սամսոն Ծատրյանը ևս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ամեն ամիս ստուգումներ են իրականացվում, և աշխատում են բոլոր զորամասերը ներառել:
«Երևանի կայազորները մեզ մոտ են բերում, իսկ մյուսներն անում են տարածքային սանէպիդեմ ծառայություններում՝ դրա համար հատկացված գումարով»:
Այն հարցին, թե ինչ սարքերով է իրականացվում փորձաքննությունը, արդյոք դրանք նոր են, Սամսոն Ծատրյանը պատասխանեց, որ իրենց ունեցած սարքերը ջրի փորձաքննության համար լիովին բավարար են.
«Կոնկրետ ջրի փորձաքննության համար գերժամանակակից բաներ պետք չեն: Ընդամենը պետք է միջավայր, մեթոդիկան միևնույնն է և փորձառու մասնագետ, որ իր աչքով կարողանա ամեն ինչ տեսնի»,- եզրափակեց նա:
Այսպիսով, փորձաքննության է ներկայացվել ջրի 3 նմուշ. ցայտաղբյուրից, ճաշարանի և զինանոցի ծորակներից։
Ջրերը տարվել են 2 լաբորատորիա: Ստուգվել է դրանց համապատասխանությունը՝ առողջապահության նախարարի N 876 հրամանին: («Խմելու ջուր. ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. որակի հսկողություն» n 2-III ա 2-I սանիտարական նորմերը եվ կանոնները հաստատելու մասին»)
«Հետք»-ը փորձաքննությունն իրականացրել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայում, հոկտեմբերի 10-ին:
Հոկտեմբերի 15-ին Հիգիենիկ համաճարակային ծառայությունն արդեն «Հետք»-ին էր տրամադրել իր փորձաքննության արդյունքները, որով ջրերի մեջ խախտում չէր հայտնաբերվել:
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, «Հետք» ևս ստացել է ջրի փորձաքննության արդյունքները, որոնցից պարզ է դարձել, որ ջրերը համապատասխանում են ԱՆ N 876 հրամանի պահանջներին։
Այսպիսով, երկու փորձաքննություններում էլ խախտումներ չեն հայտնաբերվել:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ Արմավիրի N զորամասի ջուրը պիտանի է խմելու համար և վնասակար չէ առողջությանը:
Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը տես՝ այստեղ:
Մեկնաբանել