HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Էդմոն Մարուքյանը «Հետք»-ի հրապարակման հիման վրա դիմել է ԿԲ և ՏՄՊՊՀ նախագահներին

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հետք»-ի հրապարակման հիման վրա հարցադրումներ է կատարել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահներ Արտակ Շաբոյանին և Արթուր Ջավադյանին:

Խոսքն ԱՊՊԱ ոլորտում մեկ պատուհանի ծառայություն մատուցող ընկերության մասին է, որը ապահովագրական ընկերություններից ամեն տարի միլիարդավոր դրամներ է ստանում մեկ պատուհանի ծառայություն մատուցելու համար:

Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գործարքը բնութագրել է մոնոպոլ և կոռուպցիոն սխեմա: Պատգամավորը մասնավորապես գրել է. «Մի մոնոպոլ և իմ կարծիքով նաև կոռուպցիոն սխեմայի հետքերով։

Հոկտեմբերի 23-ին գրություններով դիմել եմ ՀՀ Կենտրոնական բանկ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ մամուլում տեղ գտած ԱՊՊԱ ոլորտում չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ: Ըստ «Հետք»-ի՝ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների հաշվին միլիարդավոր դրամներ են երկրից դուրս բերվում։ Հայտնվում է, որ ապահովագրական ընկերություններն արդեն 2 տարի է, ինչ «Բիվաք Հայաստան» ՓԲ ընկերությանը միլիարդավոր դրամներ են վճարում՝ մեկ պատուհանի ծառայություն ստանաու համար և դեռ մինչև 2024-ը պետք է վճարեն:

Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է «Բյուրո Վերիտաս»-ի հայաստանյան ներկայացուցչի՝ «Բիվաք Հայաստան» ընկերության հետ: Տարեկան վճարման չափն ընկերությունների համար տատանվում է 0.7-1.5 մլրդ դրամի սահմաններում: Այդ թիվը կազմում է ընկերությունների գործառնական ծախսերի մոտ 6%-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ավտոապահովագրողների բյուրոն կնքել է պայմանագիր՝ առանց մրցույթ հայտարարելու։ Մասնավորապես, բյուրոն 2014-ին ապահովագրական ընկերություններից լիազորագրեր է վերցրել, որպեսզի պայմանագիր կնքի «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ՝ 1 պատուհանի ծառայությունը ստանալու համար, սակայն ծառայության գինը, ըստ ապահովագրական ընկերությունների, չհիմնավորված բարձր է:

Ընդ որում, կարծիք կա, որ «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ պայմանագիր է կնքվել ՀՀ կենտրոնական բանկի ղեկավար կազմի շահագրգռվածության արդյունքում, այսինքն՝ այդ տարիներին որոշ ապահովագրական ընկերություններ չեն ցանկացել «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ կնքել թանկ պայմանագիր, սակայն կենտրոնական բանկի նախագահն ու ֆինանսական վերահսկողության վարչության պետը առանձին-առանձին ապահովագրողներին «կողմնորոշել» են այդ հարցում, և բյուրոն ստացել է ցանկալի լիազորագրերը: Դրանց հիման վրա արդեն պայմանագիր է կնքվել «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ:

Այսպիսով, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկել եմ տրամադրել տեղեկատվություն բանկի ղեկավարության և նշյալ պայմանագրի միջև կապի վերաբերյալ, ինչպես նաև նրան ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել կիրառել իրենց լիազորություններն ու բյուրոյի կողմից ենթադրաբար խախտումներով կնքված պայմանագրի հետ կապված ձեռնարկել միջոցառումներ՝ խախտումները վերացնելու և ապահովագրական ընկերությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter