HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ՃՈ-ն խախտում է ԳՕՍՏ-ի եւ կոնվենցիայի պահանջները՝ վտանգի ենթարկելով հետիոտնի կյանքը

«Հետք»-ն օրեր առաջ անդրադարձել էր Երեւանի Արշակունյաց-Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկին, մասնավորապես Արշակունյաց փողոցի  հետիոտնային վտանգավոր անցումին, որը հատելով՝ ամեն րոպե տասնյակ մարդիկ վտանգի են ենթարկում իրենց կյանքն ու առողջությունը։

Ինչպես Ճանապարհային ոստիկանության ՃՈ ՃԵԿ հսկողության բաժնի պետ, փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանն էր ձեւակերպել, սա Երեւանի ամենանհարմար խաչմերուկն է։ Բանն այն է, որ այս՝ բավականին ծանրաբեռնված խաչմերուկում միաժամանակ բաց են լինում երկու հոսքեր՝ ավտոմեքենաների եւ հետիոտնի։ Փողոցը հատելիս աջ շրջադարձ կատարող մեքենաների վարորդները հետիոտնին չեն նկատում։

Եվ սա Երեւանի միակ խաչմերուկը չէ, որտեղ լուսացույցը միաժամանակ կանաչ լույս է ցույց տալիս երկու՝ ավտոմեքենաների եւ հետիոտնի հոսքերի։ ՃՈ-ում պնդում են, որ խնդրի միակ լուծումը վերգետնյա հետիոտնային անցում կառուցելն է, ինչը հսկայական ծախսեր է պահանջում: Սակայն կա մեկ այլ՝ ծախս չպահանջող եւ արդյունավետ միջոց:

Մեկ սեկցիա՝ բազմաթիվ խնդիրներով

Մասնագիտությամբ ցանցային ինժեներ Ալեքսանդր Տաթեւյանը երկու կանաչ լույսի միաժամանակյա ազդանշանը համարում է սխալ եւ չափազանց վտանգավոր։ Ալեքսանդրը մի քանի տարի ուսումնասիրել է օտար երկրների փորձերը, ինչպես նաեւ ազգային օրենսդրությունն  ու Ճանապարհային երթեւեկության մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթները։ Նա եկել է այն եզրակացության, որ Ճանապարհային ոստիկանությունը սխալ է կարգավորում խաչմերուկները:  Ավտոմեքենաների համար կանաչ ազդանշանի դեպքում հետիոտնի լուսացույցը միանշանակ պետք է կարմիր լինի՝ անցում հատելն արգելող։

«Առավել քան 7 տարի է, ինչ Երեւան քաղաքի մի շարք կարգավորվող խաչմերուկներում գործում է այսպես կոչված «կարմիր ազդանշանով աջ շրջադարձի» կանոնը, որը վարորդներին թույլ է տալիս հետիոտնային անցումը հատելով՝ անընդմեջ մուտք գործել խաչմերուկ, անկախ հետիոտնային լուսացույցի ազդանշանից։

Այս պրակտիկան կիրառվում է մի շարք այլ երկրներում, ինչպես օրինակ Գերմանիայում, Ուկրաինայում, Լատվիայում եւ այլն։ Բայց ի տարբերություն վերոնշյալ երկրների, Հայաստանում այդպիսի կոնֆլիկտային խաչմերուկներում աջ շրջադարձը թույլատրված է անընդհատ վառվող լրացուցիչ աջ սեկցիայով, ինչը մի շարք խնդիրների աղբյուր է հանդիսանում»,- ասում է Տաթեւյանը եւ թվարկում խնդիրները։

Նա գտնում է, որ սա առաջին հերթին սպառնում է կույր անձանց անվտանգությանը։ Ինչպես օրինակ, Արշակունյաց փողոցի սկզբնամասում կարգավորվող երթեւեկության պայմաններում, յուրաքանչյուր քաղաքացի անցումը հատելիս ծանր ու թեթեւ է անում եւ լրջորեն վերլուծում իրավիճակը. արդյո՞ք խաչմերուկն անցնող ավտոմեքենայի վարորդը նկատել է իրեն՝ հետիոտնին, արդյո՞ք կանաչ ազդանշանի պարագայում անցումը հատելիս ռիսկի չի ենթարկում իր կյանքը: Սա՝ տեսնող քաղաքացիների պարագայում: Իսկ ի՞նչ է սպասվում նրանց, ովքեր ունեն թույլ տեսողութուն կամ ընդհանրապես չեն տեսնում:

Երկրորդ ու թերեւս ամենակարեւոր խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ-ում գործող ԳՕՍՏ Ռ 52289-2004 N3 փոփոխված ստանդարտի 7.1.2 դրույթը կատեգորիկ արգելում է ավտոմեքենայի թույլատրող եւ ճանապարհի այդ նույն կողմում տեղադրված հետիոտնային լուսացույցի թույլատրող ազդանշանների համընկնումը: «Լուսացույցները կիրառվում են տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի հաջորդական բացթողման, ինչպես նաեւ ճանապարհների վտանգավոր հատվածների նշման համար: Արգելվում է տրանսպորտային եւ հետիոտնային հոսքերի հատումը լուսացույցային կարգավորման ցիկլի մեկ ֆազի ընթացքում»,- նշված է ԳՕՍՏ-ում։

Հետեւաբար, ըստ Ալեքսանդր Տաթեւյանի, համաձայն  ՃԵԿ ո՞ր կետի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հետիոտնին մինչեւ խաչմերուկ մուտք գործելը։ «ՀՀ Ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը հաստատելու մասին» կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշման 87-րդ կետը սահմանում է, որ աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթեւեկելի մասը հատող հետիոտների համար եւ պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթեւեկող հեծանվորդներին: 105-րդ կետը վերաբերում է միայն հատումն ավարտող հետիոտներին, բայց ոչ նրանց, ովքեր նոր են պատրաստվում դա անել։

Բավականին խոցելի այս կետը ձեւակերպված է այսպես․ կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթեւեկելի մասի հատումը: Այսինքն, եթե հետիոտնը սկսել է փողոցի հատումը, ապա վարորդը նրան պետք է թույլ տա ավարտել հատումը: Բայց սա չի փոխում իրավիճակն այնպիսի խաչմերուկներում, ինչպիսին Արշակունյաց-Լուսավորիչն է: Այստեղ խնդիրը հենց նրանում է, որ վարորդների համար հետիոտնը տեսանելի չէ: Վարորդը, մոտենալով կոնֆլիկտային խաչմերուկին, չի կարողանա այն սովորականից տարբերել, քանի որ բոլոր դեպքերում էլ լուսացույցը կարող է կահավորված լինել լրացուցիչ սեկցիայով։ Փաստորեն թե՛ վարորդը, թե՛ հետիոտնը ճանապարհի այդ հատվածը հատում են «հիշելով, սովորության համաձայն»։

«Կախարդական» ցուցանակ

Ալեքսանդր Տաթեւյանը Ճանապարհային ոստիկանությանն առաջարկում է կիրառել միջազգային փորձը եւ կոնֆլիկտային խաչմերուկների լրացուցիչ սեկցիան՝ կանաչ լույսը, փոխարինել հատուկ տեսակի նշանով, որը ճանաչված է Վիեննայի կոնվենցիայի անդամ երկրների կողմից։ Հատուկ նշանը զուտ բացատրական վահանակ կարող է լինել, որի վրա ընդամենը պետք է գրել հետեւյալը՝ «Եթե կարմիր է՝ զիջիր բոլորին, ապա կատարիր շրջադարձ»։ Սա վարորդներին ոչ թե առավելություն է տալիս, ինչպես աջ սեկցիայի գործարկման դեպքում, այլ հակառակը՝ զսպում է եւ ստիպում զիջել բոլորին:

«Նշանի առկայությունը հուշում է վարորդին, որ նա մոտենում է կոնֆլիկտային, այլ ոչ սովորական խաչմերուկի։ Քանի որ բացակայում է լրացուցիչ կանաչ սեկցիան, վարորդը նկատում է միայն հիմնական կարմիր ազդանշանը, ուստի նա ենթագիտակցաբար նախապես իջեցնում է արագությունը՝ պատրաստ լինելով կանգ առնել։

Օրվա մութ ժամերին կամ եղանակային վատ պայմաններում վարորդը, մոտենալով նմանատիպ խաչմերուկին, նույնիսկ եթե չնկատի այդ նշանը, ուղղակի կանգ կառնի՝ ենթարկվելով կարմիր լույսին: Այնուհետ նկատելով գրառումը՝ անվտանգ կշարունակի երթեւեկությունը»,- ասում է Տաթեւյանը։

Միջազգային երթեւեկություն իրականացնող վարորդները, հատկապես ԵՄ անդամ երկրներից ժամանածները, քաջատեղյակ են այս նշանի եւ դրա պահանջի մասին, որովհետեւ Վիեննայի կոնվենցիան կիրառող երկրներում նշանը գործածվում է։ Իսկ ահա աջ սեկցիայի եւ հետիոտնի համար կանաչ ազդանշանի միաժամանակյա կիրառումն օտարերկրացիներին անծանոթ է:

Նշանն, ի տարբերություն սեկցիայի, չի պահանջում լրացուցիչ ծախսեր՝ ոչ հոսանքի, ոչ էլ սպասարկման։ Եվ վերջապես, ՃԵԿ-ում այս հարցի շուրջ կլինի հստակություն։ Ալեքսանդրը գտնում է, որ նշանը կարելի է ընդգրկել հատուկ թելադրանքի նշանների կատեգորիայում եւ վերագրել նրան հերթական համար։  

Հատկանշական է, որ չնայած Երեւանում ավտոմեքենաների թվի անդադար ավելացմանը, երթեւեկության անվերջանալի խնդիրներին՝ 2012-ից մինչեւ այժմ կառավարությունը ճանապարհային երթեկեւության կանոններում փոփոխություններ չի կատարել։ Միակ փոփոխությունը վերաբերում է աջակողմյան ավտոմեքենաների ներմուծման արգելքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter